Գեղարքունիք գյուղում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիք գյուղում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և պուրակ, տրանսպորտային երթուղու կանգառ։ Սուբվենցիոն երեք ծրագրերի իրականացման համար ներդրվել է 31 միլիոն 621 հազար դրամ, որից 16 միլիոն 35 հազար 600 դրամը ՀՀ կառավարության, 15 միլիոն 585 հազար 400 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից՝ Գեղարքունիք գյուղի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 10 միլիոն 61 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Գեղարքունիք գյուղի Դեմիրճյան, Գարեգին Նժդեհի, Մելքոնյան, Պարույր Սևակ, Ավետիսյան, Զորավար Անդրանիկ փողոցների առանձին նրբանցքներում ու փակուղիներում՝ 2700 գծամետր երկարությամբ։  Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 74 լուսատու։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և ավարտվել սեպտեմբերին։ Ծրագրի իրականացման շնորհիվ  վերոնշյալ փողոցների բոլոր տնտեսությունները արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։ Գեղարքունիք գյուղի խաղահրապարակի և պուրակի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 15 միլիոն 620 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում խաղահրապարակը և պուրակը կառուցվել են Գեղարքունիքի մանկապարտեզի բակային տարածքում։ Խաղահրապարակ-պուրակը կահավորված է  մանկական խաղարաններով, զրուցարան-տաղավարներով, ունի լուսավորության ցանց, ցայտաղբյուր։ Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են  նախորդ տարվա օգոստոսից մինչև նոյեմբերը։ Ծրագրի շահառու են հանդիսանում Գեղարքունիք գյուղի մանկահասակ բոլոր երեխաները։

Գեղարքունիքի կանգառի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 5 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից և ավարտվել օգոստոսին։

Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմամշակութային հուշարձանների պատկերով ու նկարագրով արտացոլված կանգառ է կառուցվել Գեղարքունիք-Գավառ մարզային նշանակության ճանապարհի հատվածում։

Խոսրով Խլղաթյան