Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ընդունել է Արմեն Խոջոյանին

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն   ընդունել է  Արմեն Խոջոյանին
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր ընդունել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի փոխտնօրեն Արմեն Խոջոյանին և ծրագրերի իրականացման և մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբիկ Շահազիզյանին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը:
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ներկայացուցիչները մարզի ղեկավարին են ներկայացրել մարզում իրականացված, ընթացքի մեջ գտնվող, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերն՝ անդրադառնալով նաև ընթացիկ մի շարք խնդիրների:
Մասնավորապես, մարզի ղեկավարին է ներկայացվել 2022թ.-ին մեկնարկած «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային եռամյա ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ֆինանսավորմամբ: Վերջինիս շրջանակներում Լոռու մարզի 8 բնակավայրերում՝ Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Դսեղ, Չկալով, 68.769 հա դեգրադացված վարելահողերում նախատեսված է եղել ստեղծել գարու և վարսակի ենթացանքով՝ կորնգանի, առվույտի ցանքատարածքներ, գարու և եգիպտացորենի մաքուր ցանքատարածքներ: Փաստացի, սակայն, ինչ-ինչ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, աշնանային վար է կատարվել միայն 47.7 հա վարելհողերում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև նշված համայնքներում բարելավել 70 հա դեգրադացված արոտավայրեր և 100 հա դեգրադացված խոտհարքեր, հատապտղային այգիների տարածքների հիմնում՝ մոտ 1.9 հա-ում: Նշված բնակավայրերում աշխատանքներ կիրականացվեն նաև մեղվաբուծության զարգացման նպատակով. կտրամադրվեն մեղվափեթակներ, կձևավորվեն շահառուների միություններ, որոնց և շահագրգիռ անձանց համար կկազմակերպվեն ուսուցողական դասընթացներ: Նախատեսվում է շահառու համայնքներին տրամադրել նաև բանջարային մշակաբույսերի նոր արդյունավետ սորտեր, զարգացնել օրգանական գյուղանտեսությունը:
Մարզի ղեկավարին ներկայացվել է նաև 2022թ. մեկնարկած «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ, հարմարեցման և գյուղական բնակավայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» դրամաշնորհային 9-ամյա ծրագիրը, որի շրջանակներում Լոռու մարզի անտառային լանդշաֆտի վերականգնման ժամանակակից մեթոդների ներդրմամբ կիրականացվեն 3650 հա անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ:
«Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում այս տարի Լոռու մարզի Վանաձոր համայնքում կտեղադրվի լիցքավորման երկու կայան:
Առաջիկայում նախատեսվում է մեկնարկել նաև «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագիրը, որի շրջանակներում Լոռու մարզում նախատեսվում է հանքի ռեկուլտիվացիա իրականացնել Տանձուտի լքված հանքավայրի տարածքում:
Ա. Խոջոյանը նշել է, որ բոլոր ծրագրերի իրականացման հարցում գործուն աջակցություն է ցուցաբերվել Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից, ինչի համար հայտնել է իր երախտագիտությունը:
Մարզպետ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» ներկայացուցիչներին Լոռու մարզում մեծածավալ ծրագրերի իրականացման համար և նշել, որ Լոռու մարզպետի աշխատակազմը այսուհետ ևս պատրաստ է ակտիվ համագործակցության.
Չափազանց կարևորում եմ մարզի զարգացմանն ու բնակիչների բարեկեցության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը Լոռու մարզում: Մարզպետի աշխատակազմը օպերատիվ կերպով պատրաստակամ է տրամադրելու ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցելու ծրագրերի հաջող ու անխոչընդոտ ընթացքն ապահովելու համար: Մարզում մեկնարկած ծրագրերն ամենաբարձր մակարդակով իրականացնելու ու նաև ընթացիկ խնդիրների արագ հաղթահարման համար կարևորում եմ երկուստեք ինտենսիվ համագործակցությունը,-ասել է մարզի ղեկավարը: