Իշխան Մխիթարյան. ընթացիկ տարին կնվիրենք ազգային վճարային համակարգի առաջ մղման աշխատանքին

Իշխան Մխիթարյան. ընթացիկ տարին կնվիրենք ազգային վճարային համակարգի առաջ մղման աշխատանքին

Հայաստանի բանկային քարտերի շուկան վերջին տարիներին աննախադեպ զարգացում է ապրել։ Եվ հատկանշանական է, որ աճի քանակական ցուցանիշներն իրենց արտացոլումն են գտել տպավորիչ ենթակառուցվածքային և տեխնոլոգիական վերելքի մեջ։

Միմյանց հաջորդած աջակցության երեք հիմնական գործոնները խթան հանդիսացան այս զարգացման համար: Սկզբում շուկան խթանեց համավարակը, որի ժամանակ բանկային քարտը դարձավ մեկուսացման մեջ "անհպում" կյանքի անփոխարինելի գործիք, այնուհետև սկսվեց ռելոկանտների "դարաշրջանը", որը հսկայական պահանջարկ ներկայացրեց հայաստանյան բանկերի քարտային ծառայությունների նկատմամբ, և եզրափակիչ ակորդը դարձավ 2022 թվականին ընդունված և ուժի մեջ մտած անկանխիկ վճարումների մասին օրենքը, որը հստակ կանոնակարգեց ոլորտը ՝ սահմանափակելով երկրում կանխիկ շրջանառությունը։ Արդյունքում՝ պլաստիկ քարտերի շուկայի տարեկան ցուցանիշները ռեկորդներ են գրանցել։ Սա հենց այն դեպքն էր, երբ քանակը վերածվում է որակի, որի նախապատրաստմանը լրջորեն ներգրավվում էին բանկերն ու ArCa ազգային վճարային համակարգը և "Արմենիան Քարդ" ՓԲԸ – ի միասնական պրոցեսինգային կենտրոնը, որի ղեկավար Իշխան Մխիթարյանի հետ հաջողվել է զրուցել ԱրմԻնֆո-ի թղթակցին:

- Վերջին տարիներին ArCa տեղական ազգային քարտերի շուկայում մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է, թեեւ ինչպես քարտերի արժեքի, այնպես էլ դրանց սպասարկման առումով դրանք միանգամայն ֆունկցիոնալ են բնակչության որոշակի հատվածների եւ, առաջին հերթին, նրանց համար, ովքեր հազվադեպ են կամ ընդհանրապես չեն մեկնում արտերկիր: Հիշում եմ՝ 10 տարի առաջ, նույնիսկ, երկրի դրամական իշխանությունների ներկայացուցիչների շրջանում կարծիք կար, որ չարժե զբաղվի ազգային "պլաստիկով", և լավ կլինի բոլորին "տեղափոխել" միջազգայինի: Լավ է, որ այդ "գաղափարն" իրագործել չհաջողվեց, իսկ ArCa-ի համար, Ինչպես հայտնի դարձավ վերջերս խորհրդարանում տեղի ունեցած լսումներից, երկրորդ շնչառություն է բացվում ...

- Դուք միանգամայն իրավացի եք։ Տեղական բանկային քարտերի զարգացման համար կարևոր էր բարձրացնել դրանց տեխնոլոգիական հնարավորությունները՝ մինչեւ միջազգային մակարդակի: Դրանով մենք զբաղվել ենք անցած երկու-երեք տարիներին, եւ արդեն այս տարվա հունվարից հայկական բանկերի թողարկած բոլոր ArCa քարտերը կհամալրվեն անհպում չիպերով։ Այսուհետ ArCa  ազգային վճարային համակարգի քարտերը կլինեն նույնքան հարմար և հեշտ կիրառելի, որքան միջազգային համակարգերի քարտերը: 
Բացի այդ, հիմա մենք աշխատում ենք ArCa քարտերի թոքենիզացման ուղղությամբ: Այդ նախագծի շնորհիվ Android օպերացիոն համակարգով սմարթֆոնների տերերը հնարավորություն կունենան օգտվել հեռախոսից տեղական ArCa քարտերով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու համար: Այս գործառույթը կգործարկվի բանկերի բջջային հավելվածներում։ Մենք գտնվում ենք այս նախագծի մշակման վերջին փուլերում և առաջիկա ամիսների ընթացքում տեխնոլոգիական լուծումները կփոխանցենք բանկերին: 
Մեկ այլ կարևոր տեխնոլոգիական լուծում, որը մենք ներդրել ենք, 3DS 2.0 տեխնոլոգիայի կիրառմամբ ինտերնետում ArCa քարտերով վճարումներ ընդունելու և վճարումներ կատարելու հնարավորությունն է, որն ապահովում է պաշտպանվածության բարձր աստիճան: 
Այդպիսով մենք հարստացնում ենք ազգային վճարային գործիքի տեխնոլոգիական հնարավորությունները ՝ տեղական շուկայում ներկայացնելով ArCa քարտերը որպես նույնքան հարմար և անվտանգ գործիք, որքան միջազգային վճարային համակարգերի քարտերը, և մենք ի վիճակի կլինենք մարդկանց մատուցել  ծառայությունների այն սսպեկտրը, որը նրանք արդեն սովոր են ստանալ քարտերով:

- Ավելի մատչելի գնով և սակագներո՞վ:

- Մատչելի է, առաջին հերթին, տեղական ծրագրերի և պրոդուկտների ներդրման ճկունության և դյուրինության առումով, այդ թվում ՝ պետական կամ համայնքային նշանակության: Խնայողության առումով, այո, ապրանքների օգտագործումը կարող է հանգեցնել որոշակի խնայողության, բայց, ընդհանուր առմամբ, դա ամենակարևոր բաղադրիչը չէ: Օրինակ, պայմանավորված այն հանգամանքով, որ քարտը տեղական է, կրճատվում է դրանցով խարդախության ռիսկը, ինչը, արդյունքում, կարող է արտացոլվել բանկերի համապատասխան ծախսերի վրա, եւ, արդյունքում, հենց քարտապանների վրա: Չէ որ, իրականում, ոչ բոլորին են հարկավոր միջազգային քարտեր, շատերը չեն մեկնում արտերկիր, գնումներ չեն կատարում ինտերնետի արտասահմանյան մարքեթփլեյսներում, բոլոր վճարումները կատարում են Հայաստանում։

- Խորհրդարանում խոսք էր գնում ArCaPay-ի ստեղծման մասին։ Պատմեք համակարգի մասին:

- Դա պարզ նույնացուցիչների միջոցով փոխանցումների և վճարումների համակարգ է ՝ օգտագործելով բանկերի բջջային հավելվածները: Այսինքն, երկու բանկերի միջև մեկ հաշվից մյուսին փոխանցում կատարելու համար բավական կլինի մուտքագրել միայն ստացողի հեռախոսահամարը ։ Անհրաժեշտ չի լինի իմանալ ոչ նրա հաշվի համարը, ոչ անունն ու ազգանունը, ոչ էլ բանկային տվյալները, որոնք այսօր պահանջվում է լրացնել միջոցների փոխանցման համար: Հասկանալի է, որ դրա համար աշխատում է նույնականացման մի ողջ համակարգ, բայց դու, որպես ուղարկող, մուտքագրում ես միայն փոխանցման համար հեռախոսահամարը։ Սա, այսպես կոչված, արագ /ակնթարթային վճարման համակարգ է (Instant Payment System): Առաջին փուլում այդս համակարգը կաշխատի ֆիզիկական անձանց միջև փոխանցումներ իրականացնելու համար, հեռանկարում դրանք կարող են լինել B2B փոխանցումներ, կարող են լինել փոխանցումներ պետությունից ֆիզիկական անձանց, և՝ հակառակը, ինչպես նաև ֆիզիկական և վիրտուալ միջավայրում ապրանքների և ծառայությունների դիմաց վճարում: Մոտ ժամանակներս կսկսվեն փորձնական բանկերի հետ թեստավորումները, քանի որ ավտոմատացված բանկային համակարգերի որոշակի լրամշակումներ պետք է լինեն նաեւ դրանց բջջային հավելվածներում։ Արտադական համակարգի փորձնական գործարկումը կանխատեսում եմք ապրիլին։ Հետո աստիճանաբար կսկսեն միանալ մնացած բանկերը: Ավելին, համակարգին կսկսեն միանալ նաև վճարահաշվարկային կազմակերպությունները և հնարավորություն կունենան իրականացնել դրամապանակների համալրում (փոխանցումներ) բանկային հաշիվներից և հակառակը:

ArCaPay-ը, ըստ էության, վճարային համակարգերի էվոլյուցիա է, որի ընթացքում պլաստիկ քարտն արդեն կորցնում է իր արդիականությունը: Քարտը, ի վերջո, բանկային հաշիվ մուտքի գործիք է, և մանրածախ վճարումների ողջ արդյունաբերությունը զարգացել է այս գործիքի կատարելագործման շուրջ՝ սկսած նախորդ դարի կեսերից։ Բայց տեխնոլոգիաներն առաջ են գնում, և թվային տեխնոլոգիաների զարգացումը, դրանց հասանելիությունը, անկախ տեղից և ժամանակից, թույլ է տալիս աստիճանաբար հեռանալ "պլաստիկ հիմքից" ։

Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ Armenian Card-ը նախորդ 3-4 տարիներին աշխատել է որպես վճարման գործիք բջջային գաջեթների օգտագործման հետ կապված հաճախորդների նոր փորձի ձևավորման ուղղությամբ ՝ ներդնելով տարբեր տեխնոլոգիական հնարավորություններ և գործառույթթներ։ Եթե մինչև ApplePay-ի գործարկումը 20 անհպում վճարումներից միայն մեկն է կատարվել սմարթֆոնի միջոցով (լուծումներ բանկերի առանձին բջջային հավելվածներում), ապա դրա գործարկումից հետո 6 ամսվա ընթացքում ցուցանիշը հասել է անհպում գործարքներից յուրաքանչյուր 6-րդին: Իսկ GooglePay-ի (G-pay) գործարկումից հետո տարվա ընթացքում արդեն յուրաքանչյուր 3-րդ անհպում վարումը կատարվում է գաջեթների օգնությամբ, և պահպանվում է այդ ցուցանիշի աճի միտումը։ Մարդիկ ընտելանում են և, որ ամենակարևորն է, ընկալում են գաջեթները որպես հարմար և անվտանգ միջոց վճարման գործողություն կատարելու համար։ Առանձին նշեմ, որ անհպում վճարումների քանակը 2022 թվականի համեմատ աճել է երկու անգամ։ 
Իր հետագա զարգացման ռազմավարության մեջ Armenian Card-ը կենտրոնանալու է բիզնեսի համար լուծումների և առաջարկների մշակման և առաջխաղացման վրա՝ աստիճանաբար հեռանալով վերջնական օգտագործողներին ուղղված ուղղակի առաջարկներից: Մասնավորապես, դա վերաբերում է arca.am կաբինետի գործունեության շուտափույթ ավարտին: Մենք կարծում ենք, որ հաջողությամբ ենք կատարել  մեր առաքելությունը՝ դեռ 2019 թվի սկզբին գործարկելով մեր հավելվածը: Մենք դա արեցինք, երբ շուկայում նման բան չկար, և դարձանք յուրօրինակ նախատիպ և զարգացման խթան։ Իսկ այժմ բանկերն ունեն իրենց սեփական հավելվածները և մշտապես զարգացնում են դրանք։ Այն ժամանակ, 5 տարի առաջ, մենք լուրջ մոտիվատորի դեր խաղացինք և մեր բանկերի հետ մրցակցելու կարիք չունենք։ Մենք շարունակելու ենք նրանց ապահովել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով և այնպիսի գործիքակազմով, որը թույլ տա նրանց շուկային տրամադրել նորանոր և հետաքրքիր ապրանքներ և լուծումներ: Միաժամանակ մենք ուժեղացնում ենք ազգային վճարային համակարգի պրոդուկտների առաջ մղման աշխատանքները և ընկերությունում ձևավորում ենք մի կառույց, որը կաշխատի այդ ուղղությամբ։ Բավական չէ, պարզապես, մշակել և ներդնել նոր տեխնոլոգիական լուծումներ, այլ կարևոր է բանկերին ներկայացնել հնարավոր պրոդուկտները, որոնք հնարավոր է շուկային ներկայացնել այդ լուծումների հիման վրա: 
Ըստ էության, ArCa համակարգն ուղեկցում է ձեզ որպես մշտական անտեսանելի արբանյակ ամենուրեք, որտեղ դուք վճարում եք քարտով, սմարթֆոնով և այլ միջոցներով ֆիզիկական կամ վիրտուալ միջավայրում, և մենք կշարունակենք անել ամեն ինչ այդ ներկայության շարունակականությունը, անվտանգությունը, հարմարավետությունն ու աննկատելիությունն ապահովելու համար:

- Շնորհակալություն հարցազրույցի համար և հաջողության:

Էմմանուիլ Մկրտչյան

Աղբյուրը՝ finport.am