Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին և կոմիտեի պատասխանատուներին

Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին և կոմիտեի պատասխանատուներին
Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, համայնքների ղեկավարները, համայնքապետարանների ոլորտային պատասխանատուները։
<<Շատ կարևոր է, որ ոլորտում առկա խնդիրներն ու հարցերը անմիջական հանդիպումների ժամանակ բարձրացվեն, վստահ եմ` կունենանք կառուցողական քննարկում, որի շրջանակներում կբարձրացվեն անհապաղ լուծում պահանջող տարբեր հարցեր։ Շնորհակալ եմ Ձեզանից, պարոն Թովմասյան, այցելության համար>>,- նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Սուրեն Թովմասյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին հրավերի համար և կարևորել նմանօրինակ հանդիպումներն ու քննարկումները։
Աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի ժամկետներին առնչվող հարցեր։ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը մարզի համայնքների ղեկավարներին տեղեկացրել է, որ որևէ փոփոխություն նախանշված ժամկետներում չի լինելու և քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքներում ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացն ավարտված է 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կառուցված ինքնակամ կառույցների դեպքում հաշվառումը կավարտվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։
<<Պետք է հստակ իմանալ, որ գործընթացի ժամկետներում փոփոխություններ չեն լինելու և արդեն ուշացած քաղաքացիների համար հաշվառումն իրականացնելը դատական կարգով հնարավոր կլինի, այն էլ` օրենքով սահմանված կարգով հիմնավորումների առկայության դեպքում, այնպես որ գյուղական բնակավայրերում պետք է անել հնարավորը առաջիկա տարում գործընթացը մաքսիմալ օպտիմալությամբ իրականացնելու համար>>,- ընդգծել է Սուրեն Թովմասյանը։
Անդրադարձ է կատարվել համայնքներին մտահոգող տարբեր հարցերի` քարտեզագրական անճշտությունների պատճառով քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը չիրականացնելուն, արոտավայրերի օտարման խնդիրներին, կարևորվել է տեղադիրքերի սխալների ուղղումը։
Սուրեն Թովմասյանին ներկայացվել են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առանձին դեպքերի, պայմանավորվածություն է ձեռքբերվել տեղային որոշ խնդիրներ լրացուցիչ քննարկել։