Գևորգ Պապոյանը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի ստացել

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի ստացել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապոյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով քննարկումներին, թե նախարարի պաշտոնի համար քննարկվում է իր անունը:
Ըստ Պապոյանի տեղեկության՝ այս պահին նախարարի նշանակման մասով որոշում չկա, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն էլ քննարկել հարցը, բայց կքննարկեն:
Անդրադառնալով իր նշանակման վերաբերյալ քննարկումներին՝ նա ասաց. «Նման առաջարկ ես չեմ ստացել: Ես ԱԺ-ում եմ, աշխատում եմ»:
Ըստ նրա՝ ԱԺ հանձնաժողովի աշխատանքը պակաս պատասխանատու չէ, քան նախարարի աշխատանքը:
Փետրվարի 14-ին հայտնի էր դարձել Վահան Քերոբյանի՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին: Փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝ «Սիներջի» ընկերության հետ կապված գործով։ Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում: Փետրվարի 16-ին դատարանը որոշեց Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը: