Անահիտ Մանասյանն ընդունել է բնապահպանական խնդիրներով զբաղվող ՀԿ–ների ներկայացուցիչներին

Անահիտ Մանասյանն ընդունել է բնապահպանական խնդիրներով զբաղվող ՀԿ–ների ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 19-ին ընդունել է բնապահպանական խնդիրներով զբաղվող  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Հանդիպման նպատակն էր քննարկել բնապահպանական ոլորտում առկա այն խնդիրները, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանության համակարգին:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ չափազանց կարևորում է նման ձևաչափով հանդիպումները, քանի որ հնարավորություն է ստեղծվում անձամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից լսել ոլորտին առնչվող խնդիրները, մշակել համագործակցության արդյունավետ հարթակ և համատեղ լուծման հնարավոր տարբերակներ։ 

Պաշտպանը նշել է, որ շրջակա միջավայրը, դրա պահպանությունն ու բնագավառում առկա խնդիրներն ուղղակիորեն կապված են մարդու իրավունքների պաշտպանության համակարգի հետ: Այս համատեքստում ընդգծվել է, որ մաքուր, առողջ, անվտանգ և կայուն զարգացող շրջակա միջավայրի բացակայության պարագայում մարդը զրկվում է իր կենսական մի շարք իրավունքների իրացման հնարավորությունից:

Իրենց հերթին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն անդրադարձել են բնապահպանների նկատմամբ նկատվող ճնշումներին։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր համար չափազանց կարևոր է, որպեսզի մասնագիտական և իրավապաշտպան գործունեություն իրականացնելիս ցանկացած անձի, այդ թվում՝ բնապահպանների իրավունքները Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված լինեն։

Բարձրացված խնդիրների առնչությամբ Անահիտ Մանասյանն  իր մանդատի շրջանակներում հետևողական լինելու և համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: