Ամփոփվել են բանկային համակարգի 2023թ․գործունեության և հանրային ընկալման գնահատման արդյունքները

Ամփոփվել են բանկային համակարգի 2023թ․գործունեության  և հանրային ընկալման գնահատման արդյունքները

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը լրագրողների հետ հանդիպման շրջանակներում ամփոփել է բանկային համակարգի նախորդ տարվա ցուցանիշները՝ ներկայացնելով համակարգի գործունեության տարբեր ուղղություններում գրանցված հիմնական արդյունքները:

Ընդհանուր գնահատելով համակարգի 2023թ արդյունքները՝ ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը փաստել է, որ ՀՀ բանկային համակարգը տարին ամփոփել է   դրական արդյունքներով, ինչի մասին վկայում են համակարգի գործունեությունը ներկայացնող առանձին ցուցանիշները։

Ըստ այդմ՝  2023թ ՀՀ առևտրային 18 բանկերի  տարեկան ընդհանուր կապիտալն ավելացել է 13.5%-ով՝ կազմելով 1484 մլրդ դրամ։ Ընդհանուր ակտիվներն աճել են 9.5%-ով՝ կազմելով 9134 մլրդ դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն ավելացել են 22.4%-ով՝ կազմելով 5151 մլրդ դրամ։ Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 45%-ը (2 208 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 49%-ը՝ (2 403 մլրդ դրամ) ֆիզիկական անձանց վարկերը և 6%-ը՝ (269 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են: Հատկանշական է, որ դրամով վարկերի ծավալը շարունակում է գերազանցել արտարժույթով վարկերի ծավալին: Մասնավորապես՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 64%, արտարժույթով վարկերինը՝ 36%: Բացառությամբ արդյունաբերության ոլորտի (1,2%)՝ տնտեսության մյուս ճյուղերին տրամադրած վարկերի մասով գրանցվել է աճ։

2023թ-ին ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 621 մլրդ դրամով կամ 8.8%-ով, իսկ 30.09.2023թ.-ի համեմատ՝ շուրջ 422 մլրդ դրամով կամ 5.9%-ով:

Ընդհանուր ավանդներն ավելացել  են 10.8%-ով՝ կազմելով 5677 մլրդ դրամ։ Ավանդների կառուցվածքում 61%-ը բաժին է ընկնում ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդերին (2 601 մլրդ դրամ), 31%-ը տնտեսությունից ներգրավված ավանդներին (1 356 մլրդ դրամ) և 8%-ը այլ ֆին. կազմակերպություններից ներգրավված ավանդներին (329 մլրդ դրամ): 2023թ-ի ոչ ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 71 մլրդ դրամով կամ 4.5%-ով, 30.09.2023թ.-ի համեմատ ավելացել է  71 մլրդ դրամով կամ 4.5%-ով: Ռեզիդենտների ավանդներն ավելացել են 17%-ով՝ կազմելով 4320 մլրդ դրամ, ոչ ռեզիդենտների ավանդների մասով արձանագրվել է 5% նվազում՝ կազմելով 1357  մլրդ դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգն ապահովել է 230 մլրդ դրամի շահույթ, որը 2022թ-ի նույն ժամանակահատվածի  համեմատ նվազել է շուրջ 23.3 մլրդ դրամով կամ 9.2%-ով: 2023թ-ի 9 ամիսների ընթացքում բանկային համակարգն ապահովել է 215 մլրդ դրամի շահույթ, որը 2022թ-ի նույն ժամանակահատվածի  համեմատ ավելացել է շուրջ 21.3 մլրդ դրամով կամ 11%-ով:

«Աշխարհաքաղաքական իրադրությամբ պայմանավորված մեր բանկերը ցույց տվեցին, որ ոչ միայն Հայաստանում կարող են ֆինանսական գործունեություն իրականացնել, այլև միջազգային կառույցների համար լինել վստահելի ու կայուն գործընկեր, ինչը թույլ տվեց նաև հավելյալ շահույթ ունենալ։ Շահույթի առյուծի բաժինը ապահովվել է ոչ ռեզիդենտ հաճախորդների շնորհիվ։ Շահութաբերությունը ճիշտ կլինի չափել ROE գործակցով ՝ շահույթ կապիտալ հարաբերակցությամբ։ Հայաստանի պարագայում ցուցանիշը պատմականորեն եղել է ցածր՝ միջինում 10 տոկոս։ Եվ սա այն պարագայում, երբ պետական պարտատոմսերի և ավանդների տոկոսադրույքներն ավել բարձր են։ Մենք 2 տարում վերջապես մոտեցել ենք 25 տոկոս շահութաբերության մակարդակին»,-նշել է ՀԲՄ նախագահը։