Կառուցապատողները դժգոհում են շինթույլտվության տուրքերից և վճարներից. փոխքաղաքապետն արձագանքում է
Հայաստանում կառուցապատման ոլորտի ներկայացուցիչները դժգոհություն ունեն շինարարության ոլորտի թույլտվությունների համար սահմանված վճարների, տուրքերի բարձրացման հետ կապված, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ ամենևին նպատակ չունեն խոչընդոտելու կառուցապատման բիզնեսը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ոլորտի ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերը ներկայացրին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ Երևան համայնքում տեղական տուրքերի՝ 2024թ. շինարարական թույլտվությունների դրույքաչափերի վերաբերյալ աշխատանքային քննարկման շրջանակում:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց, որ շինարարության ոլորտում տուրքերի թռիչքաձև ավելացումը որոշակի էական դժգոհություններ է առաջացրել: «Խնդիրը միայն կառուցապատողներին չի վերաբերում, նաև բնակարանային ապահովման խնդիրն է այստեղ: Այդ տուրքերն իրենց ազդեցությունը թողնում են շինարարության ծախսերի և վաճառքի գնի վրա»,-ասաց պատգամավորը՝ կարևորելով հասկանալ, թե դա ինչ ազդեցություն կունենա անշարժ գույքի շուկայում:
«Շրջանառության մեջ դրվեցին նոր վճարներ, մասնավորապես հողի կարգավիճակի փոփոխության համար սահմանվեց վճար՝ կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, ՃՀԱ-ի՝ Ճարտարապետահատակագծային առաջադրանքի (նախագծման թույլտվություն-խմբ.) տրամադրման համար սահմանվեց վճար, միջանկյալ ՃՀԱ-ի հաստատման վճար, շինթույլտվության տրամադրման, շինթույլտվության ժամկետի երկարացման համար՝ տեղական տուրք: Անդրադարձ չեղավ անցումային դրույթներին, սկսված նախագծերին, ներդրումներին: Արդյունքում ընդունվեց ավագանու այս որոշումը՝ իր բազմաթիվ հետևանքներով»,-ասաց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը:
Ըստ նրա՝ կառավարության համապատասխան որոշման մեջ կարգավորում են քաղաքաշինության ոլորտում հիմնական իրավահարաբերությունները, նշվում է, որ ՃՀԱ-ի տրամադրումն իրականացվում է անվճար: Այսպիսով՝ Սաքապետոյանը կարծում է, որ առկա է կառավարության որոշմանը հակասող ավագանու որոշում:
Ըստ նրա՝ կառուցապատողներին հասանելի չի եղել որևէ հաշվարկ, թե ինչու է օրինակ բազային վճարը սահմանված 4 մլն դրամ կամ բազային տուրքը՝ 7 մլն դրամ:
Ըստ նրա՝ նման տուրքերի սահմանմամբ լրացուցիչ ծախսեր են լինելու, ինչն էլ ազդելու է քաղաքացիների բնակարանային ապահովման կամ բնակարանների մատչելիության վրա:
«Տուրքերի, վճարների, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից կատարված սակագների փոփոխության արդյունքում առնվազն 10-15 տոկոս չափով բնակարանների գնաճ ենք ունենալու առաջիկայում»,-տեսակետ հայտնեց Սաքապետոյանը:
Կառուցապատողների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ Երևան համայնքը բավարարել է իրենց երկու խնդրանքները: Մեկը վերաբերել է կառուցապատողների հիմնական խնդրին: Ըստ նրա՝ եթե կառուցապատողները շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման գծով տուրքը հենց այս տարի վճարեին, կարող էին հայտնվել սնանկության եզրին: «Ի ուրախություն կառուցապատողների՝ Երևան համայնքը սահմանեց արտոնություն. եթե նախկինում սկսված քաղաքաշինական ծրագրերի համար այս տարի դիմեն երկարաձգման խնդրանքով, ապա կկիրառվի արտոնություն 90 տոկոսի չափով»,-նշեց նա:
Սակայն հիմնական խնդրանք-առաջարկներն, ըստ Գրիգորյանի, համայնքի կողմից այդպես էլ հավանության չեն արժանացել: Գրիգորյանն ասաց, որ հետխորհրդային երկրների մայրաքաղաքների, խոշոր քաղաքների օրինակով ուսումնասիրություն են արել: «Եվ պարզել ենք, որ Երևանը միակն է, որ աչքի է ընկնում նման տեղական տուրքեր կամ վճարներ սահմանելու հարցում: Հետխորհրդային որևէ մայրաքաղաքում նման ահռելի ծավալով տուրքեր կամ վճարներ չկան սահմանված»,-ասաց նա:
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մի քանի տեսակի վճարներ չեն կիրառելու՝ կառուցապատողների հետ քննարկման արդյունքում: Մարտ ամսին ևս Երևանի քաղաքապետարանում շարունակելու են քննարկումները կառուցապատողների հետ: «Մենք ամենևին նպատակ չենք հետապնդում՝ որևէ կերպ խոչընդոտելու կառուցապատման բիզնեսը Երևանում»,-նշեց փոխքաղաքապետը:
Հովհաննիսյանը ներկայացրեց, որ 1 քառ. մետրի մասով թանկացումը կազմում է 11 դոլար:
«Մենք շատ լուրջ վերլուծություն ենք կատարել: Այլևս համաձայն չենք եղել, որ քաղաքի ցանկացած մասում գործող քաղաքաշինական նորմերով կառուցապատողը կարող է գալ և Երևան քաղաքին վճարել 700 հազար դրամ (քանի որ ՃՀԱ տրամադրելն անվճար էր, շինթույլտվության ամենաբարձր սանդղակը 700 հազար դրամ էր) և, չկառուցապատելով մանկապարտեզ, չթարմացնելով կոյուղին, կոմունալ առումով հավելյալ բեռ ստեղծելով միջավայրի համար, ընդամենը ստանալով գերշահույթ, վաճառել բնակարաններ և անցնել հաջորդ ծրագրին: Այդպես չի լինում: Մենք ցանկացած կառուցապատողի հետևից այդ 700 հազարի դրամից ավելի շատ ու շատ ծախսեր էինք անում՝ սկսած մանկապարտեզաշինությամբ, վերջացրած միջավայրի բարելավումով և քաղաքային ենթակառուցվածքների գերծանրաբեռնված թարմացումով: Մենք ահռելի կապիտալ ծախսեր ենք անում: Եվ մեր օբյեկտիվ կարծիքով՝ այդ 700 հազար դրամը մեր և շինարարների ամենաանկեղծ ու բարենպաստ հարաբերությունը չէր»,-ասաց Հովհաննիսյանը:
ՃՀԱ տրամադրումը վճարովի դարձնելու մասով նա ասաց, որ Արդարադատության նախարարության դրական կարծիքը ունեն, կա խորը վերլուծություն: