Գյումրու համայնքապետարանում հյուրընկալել են գյումրեցի դարբիններին

Գյումրու համայնքապետարանում հյուրընկալել են գյումրեցի դարբիններին
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն այսօր՝ փետրվարի 21-ին, հյուրընկալել են գյումրեցի դարբիններին: Այս մասին տեղեկացնում են Գյումրու համայնքապետարանի աշխատակազմից։
Ողջունելով ներկաներին, Վարդգես Սամսոնյանն իր խոսքում անդրադարձ է կատարել Գյումրիի դարբնության ավանդույթին, դարբնության միջազգային ճանաչելիության կարևորությանը, դրա ուղղությամբ անհրաժեշտ միջոցներին ու աշխատանքներին. «Ձեր աշխատանքներն ամբողջ աշխարհով տարածում ունեն, ամեն անգամ այդ մասին լսելիս ուրախանում ենք: Սերնդեսերունդ փոխանցվում է ձեր տաղանդն ու արվեստը, բայց ցավ ենք ապրում, որ այս գործի շարունակողներն են քիչ: Խոսքիս ընթացքում միտք առաջ եկավ՝ դարբինների պուրակ ունենալ Գյումրիում, ձեզանից յուրաքանչյուրն իր գործը ներկայացնի այդ պուրակում: Եկեք քննարկենք, որոշենք ու նախաձեռնենք: Պուրակը կլինի ևս մեկ հետաքրքիր վայր մեր քաղաքում, թե՛ քաղաքի բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների համար: Այս կերպ մենք կկարողանանք սերունդներին փոխանցել դարբնագործության հարուստ պատմությունը», - ավելացրել է Վ.Սամսոնյանը:
Ներկաներին ողջունել, իր երախտիքի ու շնորհակալության խոսքն է հղել նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ Գյումրու անունը ամբողջ աշխարհում հնչեցնելու համար: Մենք պետք է պահենք ու պահպանենք դարբնության արհեստը, ամեն ինչ անենք, որ հանկարծ չմարի դարբնությունը: Գյումրին Հայաստանում հայտնի է դարբնության արհեստով, դա ես չէ, որ պետք է ասեմ, բայց միևնույն ժամանակ պետք է այնպես անենք, շատ զբոսաշրջիկներ ներգրավենք, բոլորը տեսնեն ձեր աշխատանքները», - ավելացրել է Լ.Սանոյանը:
Դարբիններն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար, խոսել իրենց արհեստի, դրա պահպանման ու սերունդներին փոխանցման կարևորության մասին։
Գյումրու քաղաքային դարբնագործության ավանդույթը, նրա պատմությունը, ավանդական հմտություններն ու գիտելիքները պահպանելու և փոխանցելու, ինչպես նաև նպաստելու դարբնության ավանդույթի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար դարբինները պարգևատրվել են շնորհակալագրերով և խորհրդանշական ժամացույցներով:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանին գրանցվել է Հայաստանի Հանրապետության 8-րդ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը։
Տարրի գրանցումը ցանկում մեկ անգամ ևս արժևորում է Գյումրի համայնքը, տոհմիկ դարբինների վարպետությունն ու գիտելիքը: Այն կնպաստի դրանց զարգացմանն ուղղված նոր գաղափարների ու ծրագրերի իրականացմանը՝ բարձրացնելով դարբնության միջազգային ճանաչելիությունը: