Ադրբեջացի գործարարը ներգրավված է ռուսական նավթի առևտրի գաղտնի օղակում. The Wall Street Journal-ի հոդվածը

Ադրբեջացի գործարարը ներգրավված է ռուսական նավթի առևտրի գաղտնի օղակում. The Wall Street Journal-ի հոդվածը

Ամերիկյան The Wall Street Journal-ն ընդարձակ հոդված է հրապարակել «Նավթի առևտրի գաղտնի օղակը, որը ֆինանսավորում է Ռուսաստանի պատերազմը» վերնագրով:

«Արմենպրես»-ը ներկայացնում է այն որոշակի խմբագրումներով:

«Ադրբեջացի քիչ հայտնի գործարարը ծպտյալ ցանց է հավաքել, որը հսկայական քանակությամբ նավթ է տեղափոխում Չինաստան, Հնդկաստան և այլ նոր շուկաներ։

Ուկրաինական պատերազմի առաջին օրերից տեղեկություններ էին ստացվել, որոնք վկայում էին, որ Nord Axis անունով առեղծվածային մի ընկերություն դարձել է ռուսական նավթի համաշխարհային խոշորագույն վաճառողներից մեկը:

Ընկերությունը, կարծես, ծլել էր ոչնչից: Այն ստեղծվել էր Հոնկոնգում՝ Ռուսաստանի ներխուժումից ինը օր առաջ: Բելիզից մի մարդ, որը նշանակված էր տնօրեն, նույն տարվա ընթացքում, ավելի ուշ ասել էր, որ չգիտի, թե ինչու է հիմնադրվել Nord Axis-ը կամ ովքեր են դրա սեփականատերերը:

Երբ ռուսական նավթի արևմտյան գնորդները դուրս էին գալիս շուկայից, Nord Axis-ը և մի քանի այլ անհասկանալի ընկերություններ «ոտքի վրա» էին պահում Ռուսաստանի ամենակարևոր ինդուստրիան՝ գտնելով նավթը վաճառելու նոր վայրեր՝ միլիարդավոր դոլարների եկամուտ բերելով նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական արշավին:

ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ ցանկանում էին կտրել Ռուսաստանի նավթային փողերը: Բայց ո՞վ էր կազմակերպում գործարքները:

Ահա պատասխանը. ադրբեջանցի քիչ հայտնի գործարարը՝ Էթիբար Էյուբ անունով, որն արագորեն հավաքեց առևտրի և մատակարարման գաղտնի կայսրություն, որն այժմ հսկայական քանակությամբ նավթ է տեղափոխում Չինաստանի, Հնդկաստանի և այլ նոր շուկաների գնորդներին, համաձայն այն մարդկանց, ովքեր աշխատել են կամ գործարք են կնքել նրա հետ։ Այդ մարդիկ ասում են, որ նա հավաքել է մաշված տանկերների նավատորմ և քողարկել առևտուրը՝ օգտագործելով Դուբայում և Հոնկոնգում գրանցված ընկերությունների լաբիրինթոսը:

Nord Axis-ը և չորս այլ ընկերություններ, որոնք, նրանց կարծիքով, ղեկավարվում են Էյուբի կողմից, 2023 թվականին արտահանել են առնվազն 33 միլիարդ դոլարի ռուսական հումք և վառելիք, ինչը՝ համաձայն Կիևի տնտեսագիտության դպրոցի առևտրի տվյալների, կազմում է ռուսական արտահանման մեկ հինգերորդը: Այդ մարդիկ ասում են, որ Էյուբը նաև ղեկավարում էր ռուսական շուկայում ներգրավված այլ ընկերություններ:

Ռուսական հսկա պետական արտադրողը՝ «Ռոսնեֆտ Օյլ»-ը, ներխուժումից հետո կախվածության մեջ մտավ առևտրային և բեռնափոխադրող ընկերություններից, որոնք ունեն անթափանց սեփականության կառուցվածք և կառավարում՝ իր արտադրանքն արտահանելու համար:

ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները ասում են, որ կեղծ ընկերությունների և անհայտ կառավարման կառույցների օգտագործումը սովորական մարտավարություն է, որը վարչակարգերն օգտագործում են ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար: Նման գործելաոճը դժվարացնում է հետևել, թե ով է կազմակերպում նավթի առաքումները պատժամիջոցների տակ գտնվող այնպիսի երկրներից, ինչպիսին է Ռուսաստանը:

Այս պատմությունն այն մասին է, թե ինչպես գաղտնի առևտրային օպերացիան օգնեց Ռուսաստանին շրջանցել Արևմուտքի ջանքերը՝ ռուսական նավթային շահույթը կրճատելու համար։ Այն հիմնված է Էյուբի գործունեությանը ծանոթ մարդկանց հետ հարցազրույցների վրա, այդ թվում՝ ներկայիս և նախկին աշխատանքային գործընկերների, էներգետիկայի ու նավատորմի ղեկավարների հետ, ովքեր գործ են բռնել նրա հետ կամ մրցակցել նրա դեմ և այն ընկերությունների, որոնք պնդում են, որ աշխատում են նրա հետ։

The Wall Street Journal-ը նաև ուսումնասիրել է այն փաստաթղթերը, որոնք մանրամասնում են այն ընկերությունների գործարքներն ու առաքումները, որոնք այդ մարդկանց կարծիքով առևտրային ցանցի մաս են կազմում, և վերլուծել է Ռուսաստանի արտահանման տվյալները, բեռնափոխադրումների տվյալները և կորպորատիվ ու իրավական փաստաթղթերը 12 երկրներում:

Խաբեությունը, կարծես, գործողության անբաժանելի մասն է: Աշխատելով Մոսկվայի և Դուբայի գրասենյակներից՝ թրեյդերները գործարքներ են իրականացրել Nord Axis-ի և այլ ընկերությունների միջոցով՝ դժվարացնելով որոշել, թե ով է գործարքների վերջնական շահառուն: Ըստ Մերձավոր Արևելքի նավթի բարձրաստիճան պաշտոնյաների, Էյուբը դեպի Մոսկվա և Մոսկվայից թռչում է մասնավոր ինքնաթիռով: Առևտրի մոնիտորինգ իրականացնող ամերիկացի պաշտոնյաների հարցերից մեկն այն է, թե արդյոք այն առնչվում է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող հումքի առևտրով զբաղվող Coral Energy-ի աշխատակիցներին, որի համար ժամանակին աշխատել է Էյուբը: Coral-ը շարունակում է բիզնես անել արևմտյան երկրներում, որտեղ շատ ընկերություններ խոստացել են չգնել կամ չֆինանսավորել ռուսական նավթը:

Coral-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը դադարեցրել է բիզնեսը Էյուբի հետ 2022 թվականի սկզբին, երբ որոշել է դուրս գալ ռուսական շուկայից, և որ այն որևէ առնչություն չունի Nord Axis-ի կամ Էյուբի հետ փոխկապակցված այլ ընկերությունների հետ:

Հարցազրույցներում, սակայն, մարդիկ, ովքեր աշխատում կամ աշխատում էին Coral-ում, նկարագրել են այդ ընկերությունները որպես Coral-ի «արբանյակներ», քանի որ որոշ մարդիկ աշխատում էին ինչպես Coral-ում, այնպես էլ ռուսական նավթի առևտրում: «Ռոսնեֆտի» պաշտոնյաներն օգտագործում են Coral անվանումը որպես Էյուբի կողմից ղեկավարվող ընկերությունների ցանցի կարճ անվանում:

Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը դիմել է Էյուբին՝ Coral և Coral-ի հիմնադիր Թահիր Գարաևին ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների կասկածելի խախտման վերաբերյալ լայն հետաքննության ընթացքում:

Գարաևը, որը նույնպես ծագումով ադրբեջանցի է, 2010թ․ հիմնադրել է Coral Energy ընկերությունը՝  Սինգապուրում: Ըստ Coral-ի ներկայիս ղեկավարի, այդ ժամանակ Ադրբեջանի ազգային նավթային ընկերությունը թրեյդերներ էր փնտրում իր նավթը համաշխարհային շուկայում վաճառելու համար:

Գարաևը Էյուբին աշխատանքի է ընդունել 2014 թվականին: Էյուբը քիչ բան գիտեր նավթի շուկաների մասին, բայց արագ սովորեց: Էյուբը, որին նախկին գործընկերները նկարագրում էին որպես ծանր գործարքառու և Գարաևի աջ ձեռք, հիմնեց Coral-ի բիզնեսը Ռուսաստանում:

Facebook-ում հրապարակված լուսանկարում Էյուբը պատկերված է սև երկարավիզ շապիկով (водолазка) և առանց շրջանակի ակնոցով։ Ըստ մարդկանց, որոնք նրա հետ գործեր են վարել, Էյուբն ասել է, որ հավակնում է ընդգրկվել Forbes-ի միլիարդատերերի ցուցակում։

2018-ին նա հեռանում է Coral-ից՝ դառնալով առևտրային խորհրդատու, բայց շարունակում աշխատել ընկերությունում՝ միջնորդավճարով: Coral-ի խոսնակն ասել է, որ Էյուբի հեռանալուց հետո ընկերությունը նրան «ներգրավել է կոնկրետ նախագծերում» ՝ մինչև 2022 թվականի սկիզբը։

Մինչ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին ներխուժեց Ուկրաինա, Coral-ը նավթի առևտուր էր անում «Ռոսնեֆտ»-ից և ավելի փոքր մասնավոր ընկերություններից, համաձայն արտահանման տվյալների, գործադիրի և բրիտանական դատարանի փաստաթղթերի:

Coral-ը ավելի փոքր խաղացող էր, քան արևմտյան ընկերությունները, որոնք գերակշռում էին ռուսական շուկայում:

«Ռոսնեֆթ»-ին անհրաժեշտ էին այդ թրեյդերները՝ գնորդներ գտնելու, գործարքներ ֆինանսավորելու և առաքում կազմակերպելու համար: Նրա ամենակարևոր «ելքը դեպի աշխարհ» շվեյցարական Trafigura Group-ն էր:

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցրեց արևմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցներին: 2022 թվականի մարտին ԱՄՆ-ն արգելեց ռուսական նավթի ներմուծումը, իսկ Եվրամիությունը քայլեր ձեռնարկեց՝ սահմանափակելու «Ռոսնեֆտ»-ի հետ գործարքները:

Այն պահից, երբ արևմտյան բանկերը վախեցան գործ ունենալ ռուսական որևէ բանի հետ՝ շատ նավթային միջնորդներ լքեցին Ռուսաստանը: Trafigura-ն խզեց իր հարաբերությունները «Ռոսնեֆտ»-ի հետ: Ռուսաստանի պետական արտադրողի հետ բիզնեսը շարունակելը վտանգի տակ կդներ նրա գործունեությունը շատ այլ երկրների և արևմտյան բանկերի հետ:

Ռուսաստանի նավթի և վառելիքի արտահանումը, որը կազմում է համաշխարհային նավթի գրեթե մեկ տասներորդը, սկսեց կրճատվել: Առանց միջնորդների և պատժամիջոցներից վախենալու, վերամշակողները ռուսական նավթը կգնեին միայն մեծ զեղչերով՝ ինչը սպառնում էր Մոսկվայի բյուջեին:

Ինչպես հայտնում են քաջատեղյակ աղբյուրները՝ «Ռոսնեֆտ»-ը Coral-ին խնդրել է զբաղեցնել Trafigura-ի տեղը: Ըստ այդ առևտրային հարաբերություններին քաջածանոթ մասնագետների, Trafigura-ն նախկինում աշխատել էր Coral-ի հետ, իսկ Էյուբը հասկանում էր ռուսական մատակարարման համակարգը:

«Մենք համարում ենք անտեղի և առավել եւս անօգուտ մեկնաբանել ձեր կողմից ներկայացված լուրերն ու շահարկումները», - ասել է «Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչը՝ պատասխանելով The Wall Street Journal-ի հարցերին:

Coral-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը «պատերազմի առաջին իսկ օրվանից» հստակ արտահայտել է ռուսական շուկայից դուրս գալու իր մտադրությունը։

Coral-ը չէր ցանկանում վտանգել արևմտյան բանկերից վարկ վերցնելու իր կարողությունը: Այսպիսով, ինչպես իր ավելի խոշոր մրցակիցները, նա հայտարարել է, որ մայիսին կդադարեցնի առևտուրը «Ռոսնեֆտի» հետ և կդադարեցնի իր ամբողջ ռուսական նավթային բիզնեսը: Ըստ Coral-ի ներկայացուցչի՝ կարգավորող և լոգիստիկ անորոշությունները նույնպես դեր են խաղացել որոշման համար:

2022 թվականի հուլիսին Trafigura-ն հայտարարել է, որ Nord Axis-ը գնել է Արկտիկայում նավթի հետախուզման ռուսական առաջատար Vostok Oil նախագծում իր բաժնետոմսերի 10%-ը: Գործարքին ծանոթ աղբյուրներն ասում են, որ Էյուբն ու Գարաևը գնումը կատարել են Իգոր Սեչինի հետ համատեղ (ով Պուտինի վստահելի անձանցից է և ղեկավարում է «Ռոսնեֆտ»-ը): Դրանից հետո առաքման և արտահանման տվյալները ցույց են տալիս, որ Nord Axis-ը սկսել է մեծ քանակությամբ արտահանել Rosneft-ի նավթը:

Trafigura-ի ներկայացուցիչն ասել է, որ Nord Axis-ը անկախ ընկերություն է: Նա ասել, որ Trafigura-ն պատշաճ աշխատանք է կատարել և պարզել է, որ ոչ Nord Axis-ը, ոչ էլ դրա իրական սեփականատերերը չեն եղել գնման պահին գործող պատժամիջոցների և սահմանափակումների տակ:

Nord Axis-ի հանրային փաստաթղթերը Հոնկոնգում, որտեղ այն գրանցված է, չեն հիշատակում Էյուբի կամ Գարաևի մասին: Նրանք ցույց են տալիս, որ ընկերությունը պատկանել է ԱՄԷ հոլդինգային ընկերությանը՝ անանուն բաժնետերերով։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ այդ բաժնետերերը Nord Axis-ը գնել են մեկ այլ ադրբեջանցի թրեյդերից՝ Nord Axis-ի կողմից Vostok-ի բաժնետոմսերը գնելուց մեկ ամիս առաջ: Համաձայն հաղորդագրությունների, հանդիպման արձանագրությունների և ընկերության ներքին փաստաթղթերի, որոնք ուսումնասիրվել են The Wall Street Journal-ի կողմից` այդ թրեյդերը նաև աշխատում էր որպես Coral-ի ներկայացուցիչ Թուրքիայում։ Ըստ Coral-ի՝ այդ թրեյդերն աշխատել է, որպես ընկերության գործակալ «մի շարք գործարքների դեպքում» և ընկերության աշխատակից չէ։

Nord Axis-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը ուղղակիորեն աշխատել է Trafigura-ի հետ Vostok-ի գնման հարցում, և որ Nord Axis-ը կապված չէ ոչ Էյուբի, ոչ Գարաևի հետ:

The Wall Street Journal-ն ավելի քան երկու շաբաթ փորձում էր Գարաևին հարցեր ուղարկել Coral-ի խոսնակի և բջջային հեռախոսի համարի միջոցով, որը տրամադրվել էր Coral-ի գործադիր տնօրենի կողմից: Ե՛վ Coral-ը, և՛ գործադիրը ասել են, որ իրենք տեղեկացրել են Գարաևին, որ թերթը ցանկանում է կապ հաստատել նրա հետ: Ավելի ուշ, մի անձ, ով ենթադրաբար ներկայացնում էր Գարաևին, բայց չի տրամադրել անուն կամ հեռախոսահամար, էլեկտրոնային փոստով դիմել է մեզ՝ խնդրելով հարցերը: Այդ անձը, սակայն, չի պատասխանել հարցերին կամ հետագա էլ. նամակներին։

Coral-ի խոսնակն ասել է, որ Գարաևը ուղղակի կամ անուղղակի որևէ առնչություն չի ունեցել գործարքի հետ, և որ ինքը որևէ առնչություն չունի Nord Axis-ի կամ ռուսական նավթի առևտուր իրականացնող այլ կազմակերպությունների հետ: Նա ասել է, որ Էյուբն այլևս չի զբաղվում Coral-ի բիզնեսով, ուստի ընկերությունը չի կարող մեկնաբանել նրա գործունեությունը:

Նա ասել է, որ Գարաևը մեկ տարուց ավելի է, ինչ չի զբաղվում Coral-ի կառավարմամբ: «Ցանկացած փորձ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապելու պարոն Գարաևին Coral Energy-ին, չի արտացոլում փաստերը»,-ասել է խոսնակը, որը Գարաևին բնութագրել է որպես «պասիվ փոքրամասնական ներդրող»:

Ե՛վ Coral Energy-ն, և՛ Գարաևը, նրա խոսքով, «միանշանակ դատապարտում են ներխուժումն Ուկրաինա և լիովին աջակցում և հավատարիմ են մնում բոլոր կիրառելի պատժամիջոցներին»:

2022 թվականի ամռանը նավթից նոր եկամուտներ էին հոսում Ռուսաստան ասիացի գնորդներից, որոնք պատերազմում կողմ չէին բռնել: Չինական, հնդկական և թուրքական նավթավերամշակման գործարանները գնել են նավթի մեծ մասը։

Սակայն նոր վտանգ է հայտնվել. ԱՄՆ-ը, G-7-ի մնացած երկրների հետ համատեղ, պատրաստում էր պատժամիջոցներ, որոնք կփորձեին նվազեցնել ռուսական նավթի գինը: Գաղափարն այն էր, որ ռուսական նավթի հոսքը համաշխարհային շուկաներ պահպանվի՝ էներգակիրների գները ցածր պահելու համար՝ միաժամանակ նվազեցնելով այն գումարները, որը Մոսկվան կարող է վաստակել:

Նախատեսվող պատժամիջոցները Ռուսաստանին թույլ կտային շարունակել օգտագործել արևմտյան նավթատարներ և ապահովագրական ընկերություններ, բայց միայն այն դեպքում, եթե նա նավթ վաճառեր մեկ բարելի դիմաց 60 դոլարից ցածր գնով, ինչը զգալիորեն ցածր է շուկայական գներից: Հում նավթը բարելի դիմաց 60 դոլարից բարձր գներով վաճառելու համար Ռուսաստանը պետք է կառուցեր իր սեփական նավատորմը:

Ըստ մարդկանց, որոնք քաջատեղյակ են ոլորտին ու գործ են ունեցել այդ ընկերության հետ՝ Էյուբի կողմից շահագործվող ընկերությունները գնել են տանկերներ։ Եվրոպացի և ասիական նավատերերն ասում են, որ այդ ընկերությունները իրենց ֆանտաստիկ գներ են առաջարկել 25-ամյա տանկերի համար, որոնք նախատեսված էին որպես ջարդոն:

Այդ միջոցով՝ Էյուբի կողմից ղեկավարվող ընկերությունները հավաքել են ավելի քան 80 նավ՝ աշխարհի ամենամեծ նավատորմերից մեկը, ասում են գործարքներին ծանոթ որոշ մարդիկ: Բրոքերներն ասել են, որ ավելի քան 1 միլիարդ դոլար է ծախսվել այն հավաքելու համար:

Նավերը դարձել են այն, ինչը մասնագիտորեն անվանում են ստվերային նավատորմ՝ անհասկանալի սեփականության իրավունքով հարյուրավոր տանկերներ, որոնք նավթը տեղափոխում են պատժամիջոցների տակ գտնվող արտադրողներից՝ հաճախ ճանապարհորդելով առանց միացված տրանսպոնդերների:

Արևմուտքի կողմից ռուսական նավթի գնի սահմանաչափը ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 5-ից:

Ընկերությունները, որոնք ղեկավարվում են Էյուբի կողմից, զբաղված էին այդ միջոցը շրջանցելով: 2022-ի վերջին մարդիկ, որոնք առևտուր էին իրականացնում Մոսկվայում այդ ընկերությունների համար, քննարկում էին նավթի սահմանաչափից բարձր վաճառքները թաքցնելու ուղիները, ասում է մեկը, որն այն ժամանակ աշխատում էր Coral-ում և մեկ այլ անձ, որը ծանոթ էր այդ հարցին: Ըստ կորպորատիվ գրառումների՝  նրանք աշխատում էին գրասենյակից, որը գրանցված էր մի ընկերությունում, որի տնօրենն այն ժամանակ Coral-ի ավագ գործադիրն էր։

Ընկերության մենեջերները հորդորել են այդ գրասենյակում աշխատող մարդկանց՝ հեռացնել Coral-ի հիշատակումը LinkedIn-ի օգտահաշիվներից: Երբ այդ գրասենյակի աշխատակիցները օգտագործում էին իրենց Coral էլփոստի հաշիվները, նրանք չպետք է նշեին «Ռոսնեֆտը»: Nord Axis-ի և Bellatrix Energy-ի էլեկտրոնային հասցեները, որոնք նրանք օգտագործում էին «Ռոսնեֆտի» հետ շփվելու համար, չէին ներառում նրանց լրիվ անունները, նշում է այն անձը, որը աշխատում էր այդ գրասենյակում:

Coral-ի խոսնակն «անհիմն և իրականությանը չհամապատասխանող» է որակել այն, որ Coral-ի համար աշխատող որևէ մեկը քննարկել է պատժամիջոցները շրջանցելու ուղիները: «Coral Energy-ն այլևս չէր զբաղվում ռուսական նավթի առևտուրով այն բանից հետո, երբ կիրառվեց գնի սահմանաչափը», - նշել է նա:

Մոսկվայի գրասենյակում գրանցված ընկերությունը ծառայություններ է մատուցել Coral-ին: Երբ Coral-ը լքել է Ռուսաստանը, ընկերության մոսկովյան գրասենյակի աշխատակիցներին խնդրել են թարմացնել իրենց սոցիալական մեդիայի պրոֆիլները՝ արտացոլելու այդ հեռանալը:

«Գարաևը 2023 թվականի սկզբին վաճառել է Coral-ի բաժնետոմսերի 60%-ը ընկերության մենեջերներին և այդ ժամանակից ի վեր նա որևէ դեր չի ունեցել ընկերության ղեկավարման գործում»,- ասել է խոսնակը։

Սակայն, ժամանակավոր առևտրային ցանցն աշխատում է, և ըստ Միջազգային էներգետիկ գործակալության, ռուսական նավթի վաճառքը անցած տարի գերազանցել է 180 միլիարդ դոլարը: Դա իհարկե իջել է 2022 թվականի ցուցանիշի ավելի քան 230 միլիարդ դոլարի համեմատ, երբ ներխուժումը հանգեցրել է նավթի բարձր գների, բայց ընդամենը 5 միլիարդ դոլարով ցածր 2021 թվականի եկամուտներից: Ռուսական նավթի գներն աճել են՝ համեմատած հումքի համաշխարհային հենանիշի հետ։

Nord Axis-ի պայմանագրերը Ռուսաստանում ավարտվել են անցյալ հուլիսին, ասում է Թուրքիայում գործող փաստաբան Մուրատ Սայինը, որն այդ ժամանակ Nord Axis-ի տնօրենն էր: Բայց նավթը շարունակում էր հոսել տարբեր ընկերություններով։ Ինչպես ասում են իրավիճակին ծանոթ մարդիկ՝ Էյուբը Voliton-ի, Guron Trading-ի, Pontus Trading-ի և այլ գործիքների միջոցով դարձել է Rosneft-ի գլխավոր միջնորդ: Pontus Trading-ի խոսնակը, սակայն հայտնում է, որ ընկերությունը որևէ կապ չունի Էյուբի հետ:

Մոսկվայի հետ Էյուբի խորացող հարաբերությունների նշաններից մեկն այն է, որ նա Սեչինին ուղեկցել է Կատարում արտասահմանյան գործընկերների հետ հանդիպումների ժամանակ, և երկուսը միասին են եղել Սեչինի՝ Տուլայում (Ռուսաստանի մայրաքաղաքից հարավ) գտնվող որսորդական տնակում:

Աղբյուրները նշում են, որ Գարաևը 2023 թվականի վերջին Մոսկվայում հանդիպումներ է ունեցել «Ռոսնեֆտի» պաշտոնյաների հետ։ Coral-ի խոսնակն ասել է, որ ընկերությունն այլևս չգիտի Գարաևի գործունեության մասին:

Ըստ վստահելի աղբյուրների, ԱՄՆ իշխանությունները, որոնք հետաքննում են առևտրային ցանցի գործունեությունը, կարծում են, որ այն կապված է Coral-ի հետ: Սակայն ոչ Էյուբի, ոչ էլ Գարաևի վերաբերյալ Coral-ը, ըստ խոսնակի, որևէ հարցում չի ստացել ԱՄՆ պաշտոնյաներից:

Դեկտեմբերին ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել ցանցում ներառված Bellatrix և Voliton ընկերությունների նկատմամբ, սակայն ինչպես հայտնում են իրավիճակին ծանոթ մարդիկ, նրանց գործունեությունն անմիջապես շարունակվել է Էյուբի այլ ընկերությունների միջոցով»։

Լուսանկարը՝ Վլադիմիր Սմիրնովի/ՏԱՍՍ/ZUMA PRESS