Չեխիայում սկսվել են ֆերմերների բողոքները ԵՄ ագրարային քաղաքականության դեմ

Չեխիայում սկսվել են ֆերմերների բողոքները ԵՄ ագրարային քաղաքականության դեմ

Չեխ ֆերմերներն սկսել են բողոքները Եվրամիության ագրարային քաղաքականության դեմ՝ միանալով ամբողջ Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Բողոքի ցույցերի առաջին մասնակիցներն են դարձել  հանրապետության կենտրոնական մասի Կուտնա Հորա և Կոլին քաղաքների շրջանների ֆերմերները։ Նրանք մոտ 100 միավոր գյուղտեխնիկա են դուրս բերել տարածաշրջանի ավտոճանապարհներ։ Տրակտորների վրա փակցված են ԵՄ քաղաքականության վերանայում պահանջող պաստառներ․ ըստ ֆերմերների՝ այդ քաղաքականությունը ոտնահարում է իրենց շահերը:

Բացի Չեխիայից, փետրվարի 22-ին ԵՄ գյուղատնտեսական քաղաքականության դեմ ֆերմերների համաեվրոպական բողոքի ակցիաներ են ընթանում տարբեր երկրներում։ Ֆերմերները պահանջում են համայնքի երկրների «կանաչ համաձայնագրի»՝ Green Deal-ի վերանայում, սուբսիդիաների ավելացում, ճյուղում որոշ բյուրոկրատական ​​ընթացակարգերի վերացում և երրորդ երկրներից, այդ թվում՝ Ուկրաինայից, գյուղատնտեսական ապրանքների անմաքս ներմուծման արգելք։

Հանրապետությունում բողոքի ակցիաները կազմակերպում են ֆերմերների խոշորագույն միավորումները՝ Չեխիայի Հանրապետության ագրարային պալատի գլխավորությամբ։ Ընդհանուր առմամբ, ըստ կազմակերպիչների, գործի կդրվի ավելի քան 2000 միավոր գյուղտեխնիկա։ Բողոքի ակցիաներից շատերը տեղի կունենան հարևան երկրների հետ Չեխիայի սահմանին։ Այնտեղ ցուցարարները կհանդիպեն օտարերկրացի գործընկերների հետ։

Փետրվարի 19-ին Պրահայում տեղի է ունեցել ֆերմերների բողոքի ցույց․ նրանք մայրաքաղաք էին բերել շուրջ 500 միավոր գյուղտեխնիկա։

Իշխանությունները, արձագանքելով մայրաքաղաքում ֆերմերների բողոքին, հայտարարել են, որ հասկանում են նրանց խնդիրները և ցանկանում են հնարավորինս բարելավել նրանց պայմանները: