Նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է FAST հիմնադրամ

Նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է FAST հիմնադրամ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հասարակության հետ կապերի բաժնից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

Նախարարին է ներկայացվել միջազգային և պետական կառույցների հետ համագործակցությամբ FAST-ի կողմից իրականացվող ծրագրերը, դրանց գրանցած հաջողությունները և առաջարկող հնարավորությունները:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության (ԱԲ) կարևորությանը, Հայաստանում ԱԲ-ի կրթության խթանման նպատակով իրականացվող ծրագրերին։ Մասնավորապես՝ խոսվել է «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի իրականացման մասին, որի շրջանակներում համագործակցության հուշագիր է ստորագրվել ԲՏԱ նախարարության և FAST-ի միջև՝ նպատակ ունենալով ապահովել ԱԲ-ի ուղղությամբ կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը, ոլորտի ընկերությունների և կրթական համակարգի միջև կապը, մրցունակ և նորարար մասնագետների սերնդի ձևավորումը:

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է ԱԲ-ի կարևորությունը հատկապես ներկայիս դարաշրջանում. այն բերում է նոր մտածողություն, ԱԲ-ի գործիքներն աշխարհը փոխելու իրական հնարավորություններ են ստեղծում ոչ միայն տեխնոլոգիական, այլև բոլոր ոլորտների համար: Հայաստանը կարող է ոչ միայն մասնակից դառնալ այս գործընթացներին, այլև առաջամարտիկ լինել ոլորտում՝ լուրջ դիրքեր գրավելով աշխարհում։

Նախարարը նշել է, որ պետական և մասնավոր կառույցները, հիմնադրամներն ու անհատները, փոխլրացնելով իրար, համատեղելով ուժերն ու ջանքերը, միասնաբար աշխատելով միայն, կարող են համագործակցության լայն շրջանակ ստեղծել և արդյունքում լուրջ հաջողություններ գրանցել։