Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ): «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ չի կատարվել, հատկապես 2021-2022 թվականներին, և դա չէր կարող աննկատ մնալ մեր կողմից։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունն այդ պայմանագրին։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո», - ասել է նա։
Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
 
Աղբյուրը`   armeniasputnik.am