«Մեր հաճախորդներն աշխարհի հետ համահունչ են քայլում»․ Յունիբանկի Visa քարտապաններին նոր հնարավորություն է տրվում

«Մեր հաճախորդներն աշխարհի հետ համահունչ են քայլում»․ Յունիբանկի Visa քարտապաններին նոր հնարավորություն է տրվում

Թվային վճարումների ոլորտում աշխարհի առաջատար Visa-ն և Յունիբանկը սկսում են համագործակցություն, որի շրջանակում Հայաստանում Յունիբանկի Visa քարտապաններին 2024 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ` կընձեռվեն եզակի հնարավորություններ: Յունիբանկի Visa քարտապանները կարող են շահել ամենամսյա մրցանակներ՝ Փարիզի օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական Visa քարտեր և դրամական մրցանակներ, ինչպես նաև` գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը տեսնելու:

«Սա մեզ համար շատ կարևոր նախաձեռնություն է, համոզված ենք, որ Visa-ի հետ համագործակցությունը թույլ կտա ևս մեկ  որակյալ քայլ անել՝ լրացուցիչ առավելություններ տալով մեր քարտապաններին»,- այսօր հրավիրած միջոցառման ժամանակ ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Որպես Օլիմպիական շարժման երկարամյա և նվիրված աջակից՝ Visa-ն ձգտում է աշխարհով մեկ հնարավորություններ ստեղծել իր յուրաքանչյուր քարտապանի համար՝ վայելելու խաղերը Visa-ի հետ։ Իսկ այս մարքետինգային արշավը ծառայում է որպես այդ նպատակին հասնելու գործիք: Մենք ուրախ ենք համագործակցել Յունիբանկի հետ՝ խթանելով էլեկտրոնային վճարումները Visa քարտապանների շրջանում և թվային տնտեսությունը Հայաստանում, ինչպես նաև երկրում ավելացնելով օլիմպիական խաղերի երկրպագուների թիվը»,- նշեց Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

Որպես վստահելի բրենդ ամբողջ աշխարհում՝ Visa-ն իր հաճախորդներին և քարտապաններին, ֆինանսական հաստատություններին, գործընկերներին օգնում է հավելյալ արժեք ապահովել՝ բրենդն ակնառու ներկայացնելու, ծառայությունների լայն շրջանակի, ինչպես նաև նորարարական բրենդի և մարքետինգային ջանքերի միջոցով: Ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի՝ գործընկերների լայն և բազմազան շրջանակ ձևավորելու իր հանձնառությանը համապատասխան, Visa-ն հովանավորում է ժամանցային և սպորտային առաջատար միջոցառումներ, ինչպիսիք են Փարիզ 2024-ի օլիմպիական և պարալիմպիկ խաղերը:

Համատեղ արշավը կմեկնարկի 2024 թվականի մարտի 1-ից և կտևի մինչև հունիսի 1-ը: Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեն 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ քարտով: Յուրաքանչյուր ամիս պատահականության սկզբունքով կընտրվեն 4 մասնակիցներ, որոնց կտրամադրվեն ամսական մրցանակները և գլխավոր մրցանակի խաղարկությանը մասնակցելու իրավունք: Բոլոր ամիսներին ընտրված մասնակիցներն արշավի ավարտին կմասնակցեն գլխավոր մրցանակի խաղարկությանը: Տոնական միջոցառմանը տեղի կունենա Յունիսպորտ ակումբի կողմից կազմակերպված սպորտային խաղարկություն: Սպորտային առաջադրանքներն ամենաբարձր միավորներով հաղթահարած 2 անձանց կտրամադրվեն գլխավոր մրցանակները՝ ուղևորություն Փարիզ:

«2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերը խոստանում են լինել ցնցող իրադարձություն, և մենք ցանկանում ենք, որ Յունիբանկի Visa քարտապանները վայելեն այս հետաքրքիր սպորտային փառատոնը: Մենք ուրախ ենք Visa-ի հետ համատեղ արշավ սկսելու և Յունիբանկի հաճախորդներին Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն տալու համար: Յունիբանկը կթողարկի նաև օլիմպիական խաղերին նվիրված հատուկ դիզայնով Visa քարտեր։ Համոզված ենք, որ մեր հաճախորդները հաճույքով կօգտագործեն այս քարտերն ամենօրյա գնումների և վճարումների համար և կպահեն դրանք՝ որպես յուրահատուկ հուշանվեր: Առողջ ապրելակերպի և սպորտի խթանումը մեր թիմի սոցիալական առաքելության մի մասն է։ Յունիբանկը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և Յունիսպորտ ակումբի գլխավոր հովանավորն է: Հայ մարզիկներին մաղթում ենք հաջողություն և փառահեղ հաղթանակներ Փարիզում»,- ասաց Մեսրոպ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ արդեն 20-րդ տարի Յունիբանկը համագործակցում է Visa վճարային համակարգի հետ։ «Մենք մշտապես ունեցել ենք նոր ծառայություններ, որոնք մեր հաճախորդներին հնարավորություն են տալիս քայլել աշխարհի հետ համահունչ, օգտվել այն ծառայություններից, որոնցից օգտվում են, օրինակ, ճապոնացի կամ ամերիկացի հաճախորդներն աշխարհի ցանկացած բանկում։ Եվ մենք դրանով շատ հպարտ ենք, որ կարողանում ենք արագ Հայաստան բերել բոլոր ժամանակակից ծառայությունները, որոնք ստեղծվում են վճարային համակարգերի կողմից։ Այս համագործակցության հիմնական արդյունքը հենց դա է, որ մեր հաճախորդներն աշխարհի հետ համահունչ են քայլում»,-հավելեց Մեսրոպ Հակոբյանը։ Նա նշեց, որ բանկի 350 հազար հաճախորդից ավելի քան 200 հազարն ակտիվ քարտապաններ են, 50 տոկոսից ավելին Visa քարտերն են։ «Սա պայմանավորված է ինչպես քարտերի հարմարավետությամբ, այնպես էլ լրացուցիչ ծառայություններով, որոնք մենք կարող ենք մատուցել»։