Հնարավորինս սեղմ ժամկետներում շինարարական օբյեկտները պետք է հանձնվեն շահագործման

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեման եղել են շինբարեկարգման ծրագրերով իրականացվող ժամկետանց շինարարության վերջնաժամկետները:
Ըստ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության, կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են ուշացման սեփական դիտարկումներն ու իրականացվող աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները:
Քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ բոլոր դեպքերում անհրաժեշտ է խստագույնս պահել սահմանված ժամկետները, և որ ստանձնած պարտավորությունները համապատասխան ժամանակահատվածում չկատարելու պարագայում տվյալ կազմակերպության հետ համայնքը միակողմանիորեն կլուծի պայմանագիրը:
«Բավականին ժամանակ և հնարավորություններ են տրվել շինարարական ընկերություններին աշխատանքներն ավարտելու համար, սակայն այս անգամ հստակ են որոշումները և հետագա քայլերը. հնարավորինս սեղմ ժամկետներում շինարարական օբյեկտները պետք է հանձնվեն շահագործման», - նշել է Լևոն Հովհաննիսյանը: