Արզնի թռչնաֆաբրիկան վերազինվել է նորագույն սարքավորումներով

Արզնի թռչնաֆաբրիկան վերազինվել է նորագույն սարքավորումներով
Օգտվելով ՀՀ կառավարության ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի ծրագրից՝ Արզնի թռչնաֆաբրիկան վերազինվել է նորագույն սարքավորումներով
Աշխատանքային այցով Կոտայքի մարզում գործող Արզնի թռչնաֆաբրիկայում էի:
Տնօրեն Գևորգ Ջանվելյանի ուղեկցությամբ շրջել եմ ֆաբրիկայի տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ծավալին, տեխնիկական հագեցվածությանը:
 Արզնի թռչնաֆաբրիկան հիմնադրվել է 1997 թվականին: Ժամանակակից ստանդարտներով սկսել են աշխատել 2020 թվականից: Ֆաբրիկայի տնօրենը ներկայացրեց, որ 2020-2021 թվականների ընթացքում պետական աջակցությամբ իրականացված ներդրումների շրջանակում, ՀՀ կառավարության՝ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի ծրագրին միանալով՝ թվով չորս թռչնանոցները և ձվի տեսակավորման արտադրամասը վերազինել են Եվրոպական արտադրության նորագույն հոսքագծերով և հաստոցով, ինչն էլ նպաստել է արտադրողականության աճին, կերի կորստի բացառմանը:
 Ամբողջովին նոր է նաև չորանոցների կահավորումը, ձվի հավաքման, տեղափոխման և տեսակավորման բոլոր էտապներն ավտոմատացված են. ձուն բամբակյա ձվագծերով տեղափոխվում է լայնակի փոխակրիչի` անակոնդայի վրա:
 Վերջինս այն փոխանցում է դրսի փոխակրիչ, որի միջոցով ձուն հասնում է մինչև տեսակավորման հաստոց: Ի դեպ, հաստոցն այս բնագավառում աշխարհի առաջատար տեխնոլոգիայի վերջին նմուշն է՝ հոլանդական MOBA բրենդի արտադրանքը:
Այն ընդունում է ձուն, հատ-հատ կշռում, մակնշում և տեղավորում տուփերի մեջ: Այսպիսով, ձվի՝ ածվելու պահից մինչև փաթեթավորումն իրականացվում է առանց մարդու մասնակցության:
Հետաքրքրվել եմ նաև շուկայի պահանջարկից: Գևորգը նշեց, որ առկա պահանջարկի 25 %-ն իրենք են ապահովում, ունեն շուրջ 110 աշխատակից մարզի տարբեր բնակավայրերից:
 Իհարկե, ոգևորող է, որ մեր գյուղմթերք արտադրող ընկերություններն օգտվում են ՀՀ կառավարության կողմից առաջարկվող պետական ծրագրերից՝ ունենալով նորագույն լուծումներով գերհագեցած պայմաններ, ինչն էլ իր հերթին խթանում է արտադրողականության աճին ու ծավալներին: Մենք էլ մեր հերթին պատրաստակամ ենք կանգնել նման տնտեսվարողների կողքին և ըստ անհրաժեշտության աջակցել: