Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ նախաձեռնել է հանրային կառավարման բարեփոխումների ծրագիր
Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով կառավարման հատվածի ղեկավար Ադրիան Ֆոզարդի հանդիպման ժամանակ:
Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ նախաձեռնել է հանրային կառավարման բարեփոխումների ծրագիր՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ: Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, քաղաքացիների հետ հետադարձ կապ. սրանք այն կարևոր գործընթացներն են, որոնք ընդգրկված են ծրագրում:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի թվային փոխակերպման ծրագրի առանցքային նպատակը բնակիչներին մատուցվող ծառայությունները հասանելի, թափանցիկ ու հարմարավետ դարձնելն է: Կարևորելով քաղաքային իշխանության մոտեցումները կառավարման գործում՝ Ադրիան Ֆոզարդն իր հերթին նշել է, որ քաղաքային տնտեսության ցանկացած ոլորտում թվայնացման գործընթացը բերում է աշխատանքների արդյունավետ կազմակերպման: