ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽ գլխավոր քարտուղարի թեկնածու Ինդրեկ Սաարին

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽ գլխավոր քարտուղարի թեկնածու Ինդրեկ Սաարին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Արմեն Գեւորգյանը փետրվարի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ընտրություններում Էստոնիայի առաջադրած թեկնածու Ինդրեկ Սաարի հետ:

Հյուրը հայ խորհրդարանականներին ներկայացրել է ԵԽ գլխավոր քարտուղարի գործունեության շրջանակում իր տեսլականը, առաջնահերթությունները:

Հանդիպմանը հայկական պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերներին: Պատգամավորը խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացի մասին, մտահոգություն հայտնել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության վտանգավորության վերաբերյալ, ինչը չի նպաստում խաղաղության հաստատմանը:

Սոնա Ղազարյանի խոսքով հայկական կողմի համար մտահոգիչ է այն հանգամանքը, որ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների չկատարման հարցում դարձել է կազմակերպության ռեկորդակիր անդամ: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այդ հանգամանքը չի նպաստում թե' հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, թե' կառույցի ինստիտուցիոնալ կայացմանը. «Կարեւոր է, որ անդամ պետությունները հարգեն իրենց ստանձնած պարտավորություններ»:

Արմեն Գեւորգյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիներին եւ քաղաքացիական անձանց, կարեւորել նրանց` հայրենիք վերադարձը:

Արուսյակ Ջուլհակյանը խոսել է կառույցի անդամ պետությունների միջեւ ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված բանակցությունների կարեւորության մասին` այդ հարցում ընդգծելով կազմակերպության դերակատարությունը: