Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Կառավարությունը մի քանի եղանակով աջակցելու է տեղահանված անձանց կեցության ապահովման հարցում՝ ընձեռելով տուն կառուցելու կամ ձեռք բերելու հնարավորություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով Կառավարության մշակած ծրագիրը։

 «Կառավարության մշակած ծրագրով տեղահանված անձինք աջակցություն կարող են ստանալ տուն կառուցելու կամ տուն/բնակարան գնելու նպատակով, բայց պարտադիր չէ, որ դա լինի Երևանում: Մեր դիտարկումները ցույց են տվել, որ այդպիսի բնակարանների քանակը, որոնք 15-18 մլն գնային սահմաններում են, հասանելի են հիմնականում մյուս քաղաքային բնակավայրերում: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ 4 քաղաք է եղել, որտեղ 1 քմ հաշվով արժեքը 200 հազարից գերազանցում էր՝ Աբովյան, Դիլիջան, Ծաղկաձոր, Էջմիածին: Մյուս բնակավայրարում 1 քմ-ն 200 հազար դրամից ցածր է, ինչը նշանակում է, որ մեր գումարը բավարարելու է այդ բանակավայրերում տուն կամ բնակարան գնելու համար: Մենք դիտարկել ենք նաև, որ մեկ տարվա ընթացքում այդպիսի բնակավայրերում վաճառվող բնակարանները կարող են մի քանի հազար լինեն, այդ իսկ պատճառով մտածում ենք, որ պետք է առաջնահերթություններ սահմանենք․ առաջին փուլում աջակցություն կստանան 3 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, որոնց թիվը մոտավորապես 4100 է։ Հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու եւ մեկ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները»,- մանրամասնեց փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ տեղահանված անձինք հնարավորություն կունենան նաև սոցիալական բնակարաններ ստանալ, եթե ներառված չեն կառուցման կամ գնման սերտիֆիկատների աջակցության ծրագրերում։

Մինչ այդ, Կառավարությունը նախատեսում է տարբեր չափերով և մեխանիզմներով աջակցել տեղահանված անձանց՝ կեցության վայրի վարձակալության հարցում։