Նախանշվել են Համաշխարհային բանկի կողմից աջակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները

Նախանշվել են Համաշխարհային բանկի կողմից աջակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի կառավարման առաքելությանը՝ ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով Կառավարման հատվածի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորությամբ։
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի կողմից արդարադատության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերած գործուն աջակցության համար, ինչպես նաև նախանշել աջակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։
Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակված և արդեն իսկ Հանրային ներդրումային կոմիտե ներկայացված Դատարանների ստանդարտացմանը վերաբերող ծրագիրը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ծրագրով սահմանված գործողությունների շրջանակին, որոնցով նախատեսվում է մշակել դատարանների շենքերի և տեխնիկական ապահովվածության միասնական ստանդարտները, գույքագրել դատարանների շենքերը, մշակել դատարանի շենքերի տեղակայվածության արդյունավետ քարտեզ, ինչպես նաև գործողություններ՝ ուղղված դատարանների անձնակազմերի կարողությունների զարգացմանը։
Երկուստեք կարևորվել է քննարկվող ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցությունը Բարձրագույն դատական խորհրդի հետ, ինչպես նաև ընդգծվել ծրագրի հնարավորինս արագ իրականացման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև ծրագրում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման շրջանակներում նախատեսվող թվային գործիքակազմերի մշակմանն առնչվող գործողությունների ներառմանը։
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի իրականացման հետագա քայլերի շուրջ, նախանշվել՝ նախարարության թվայնացման օրակարգին Համաշխարհային բանկի աջակցության հնարավոր ուղղությունները։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը։