Մուշեղ Մուրադյանն հյուրընկալել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությանը

Մուշեղ Մուրադյանն հյուրընկալել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությանը
Մուշեղ Մուրադյանը ողջունել է հյուրերին, կարևորել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացված ծրագրերը մարզում՝ նշելով, որ կառույցի հետ համագործակցությունը առանձնակի նշանակություն ունի մարզի համար․
«Բարով եք եկել Շիրակի մարզ պարոն Ալելո, գիտեմ՝ բազմիցս եք եղել մեր մարզում, մարզի մասին ձեզ չեմ պատմի, քանի որ ծանոթ եք, ամեն դեպքում ուզում եմ նշել, որ չնայած ամենահյուսիսային մարզում եք, բայց մենք բնավորությամբ սառը չենք, ճիշտ հակառակը՝ ամենահումորասեր ու հյուրընկալ մարզում եք։ Այնպես որ ողջունում ու կարևորում եմ նաև ձեր աշխատանքն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության գործունեությունը։ Գործակալության հայաստանյան առաքելությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Շիրակի մարզում, ինչի համար հայտնում եմ մեր երախտագիտությունը և նաև պատրաստակամությունը այսուհետ նախատեսվող ծրագրերի իրականացման գործում։ Կարևոր է ունենալ գործընկերներ, որոնց համար առաջնային են ինչպես ժողովրդավարական ու համամարդկային արժեքների պահպանությունն ու հանրահռչակումը, այպես էլ սոցիալական ու տնտեսական ծրագրերի իրականացումը։
Մենք պատրաստ ենք համագործակցության և մեր լիազորությունների սահմաներում կանենք հնարավորը համատեղ գործնական ծրագրերի իրականացման համար»։
Ջոն Ալելոն շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ տպավորված է հանդիպման անմիջականությունից․ «Պարոն մարզպետ, ուրախ եմ հանդիպման համար և սիրով կուզենամ ձեզ հետ քննարկել համատեղ նոր ծրագրեր իրականացնելուն առնչվող հարցեր։ Գիտեմ՝ ձեր աշխատակազմն առանձնակի հոգատարությամբ և պատրաստակամությամբ է աշխատել և շարունակում է աշխատանքը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։ Մեր գործակալության Անցումային Նախաձեռնությունների գրասենյակը մեկնարկել է Հայաստանում մեկ տարվա նոր ծրագիր՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական կառավարությանը և այլ շահագրգիռ կողմերին արդյունավետորեն հաղթահարելու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքները, այս առումով դիտարկվում է նաև Շիրակի մարզը»։
Շիրակի մարզպետը նշել է, որ ՀՀ կառավարությունն ու մարզպետի աշխատակազմն անցած ամիսների ընթացքում արել են հնարավորը ԼՂ-ից բռնի տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած մեր հայրենակիցների հոգսերի օր առաջ թեթևացման, խնդիրների լուծման համար՝ ներկայացնելով պետության կողմից իրականացված ծրագրերը։
Կողմերն անդրադարձել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության կողմից իրականացվելիք ծրագրին՝ կարևորելով ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում հանդիպելու և առավել տեղայնացված քննարկումներ անցկացնելու առնչությամբ։