Աստղաձորում 2023 թվականին սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

Աստղաձորում 2023 թվականին սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  ասֆալտապատվել են 4-րդ, 46-րդ և 48-րդ փողոցները, կառուցվել են խմելու և ոռոգման ջրատար ցանցեր։

 Աստղաձորում սուբվենցիոն 3 ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 192 միլիոն 351 հազար դրամ, որից 122 միլիոն 489 հազար 700 դրամը ՀՀ կառավարության, 69 միլիոն 861 հազար 300 դրամը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։

Աստղաձորի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 60 միլիոն 780 հազար դրամ, որի 50 տոկոսը ՀՀ կառավարության, 50 տոկոսը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։

Ծրագրի իրականացման արդյունքում Աստղաձորի 3 փողոց հիմնանորոգվել է ասֆալտբետոնե շերտի տեղադրմամբ՝ 929 մ երկարությամբ և 3700 քմ մակերեսով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերի սկզբին և այժմ գտնվում են ավարտական փուլում։

Աստղաձորի պատմության մեջ այս փողոցներն ասֆալտապատվում են առաջին անգամ։

Աստղաձորի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 114 միլիոն 44 հազար դրամ, որի 70 տոկոսը  ՀՀ կառավարության, 30 տոկոսը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։

Ծրագրի իրականացման արդյունքում  ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվել Աստղաձորի թիվ 43, 46, 47, 48, 75, 76, Սիրունի աղբյուր, Ձորի առու, Արցախյան ազատամարտիկների փողոցներում՝ 3110 գծամետր ընդհանուր երկարությամբ, երկաթե և երկաթբետոնե կիսախողովակներով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերի սկզբից, առայժմ դրանք իրականացվել են շուրջ 90 տոկոսով։ Ծրագիրը տեղափոխվել և ավարտին կհասցվի 2024 թվականի ընթացքում։  Ծրագրի իրականացման արդյունքում Աստղաձորի 9 փողոցի ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ և ժամանակին, իսկ ներհամայնքային ճանապարհները պաշտպանված կլինեն քայքայման վտանգից։

Աստղաձորի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 17 միլիոն 527 հազար դրամ, որի 70 տոկոսը  ՀՀ կառավարության, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։

Ծրագրի իրականացման արդյունքում  խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել Աստղաձորի 5 փողոցում՝ 1744 մ երկարությամբ, ինչի արդյունքում խմելու որակյալ ու մշտական ջրով ապահովվել է շուրջ 300 տնտեսություն։

Շինարարական աշխատանքները մեկնարկել և ավարտվել են 2023 թվականին: 

Աղբյուրը՝    armenpress.am