ՀՀ կառավարությանն է փոխանցվել «ՄՏՍ Հայաստան» ընկերության 20 տոկոս բաժնետոմս

ՀՀ կառավարությանն է փոխանցվել «ՄՏՍ Հայաստան» ընկերության 20 տոկոս բաժնետոմս

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ, որպես նվիրատվություն է ընդունվել Հայաստանի Հանրապետությանը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս 1000 (հազար) դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի (թվով 550.000 հատ) 20 (քսան) տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:

«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը հանդիսանում է «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 1000 դրամ անվանական արժեքով թվով 550.000 հատ բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատեր: Ընկերության ընդհանուր ժողովի 16.02.2024 թվականի նիստում որոշում է կայացվել և ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը: Հաշվի առնելով ընկերության առաջարկը և նվիրառուի համաձայնությունը՝ բաժնետոմսերի ընդունման և հեռահաղորդակցության ոլորտում միմյանց հետ բարեխիղճ համագործակցելու նվիրվածությունը՝ որոշմամբ առաջարկվում է ընդունել Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հատկացվող բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ վարչապետի աշխատակազմին:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը և ուրախությամբ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ ի դեմս Կառավարության, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի կազմակերպությունում մասնակցություն և ներկայություն ունենալու հնարավորություն ունի: «Ես ուզում եմ ընդգծել, որ սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ, և ես կարծում եմ, որ մենք պետք է, ընդհանրապես, մեր ընկերություններին խրախուսենք, որպեսզի քաղաքացիների և բաժանորդների ներկայությունը և մասնակցությունն ապահովի ընկերությունների կառավարման գործում: Այս առումով ուզում եմ ընդգծել, հատկապես՝ հեռահաղորդակցությունը և էլի մի շարք ռազմավարական ոլորտներ: Մենք բազմիցս ենք քննարկել, որ պետք է մեր քաղաքականությունները վարենք այնպես, որպեսզի այդ ընկերություններն իրենց բաժնետոմսերի բաց բաժանորդագրման համակարգ ներդնեն բորսայական համակարգով: Սա շատ կարևոր է: Սա այն պարագան է, երբ ընկերությունները, այդ թվում՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար, իրենց բաժնետոմսերը հանում են վաճառքի և դառնում են բաց բաժնետիրական ընկերություն»,-ասել է վարչապետը և հավելել, որ Կառավարությունն այս նվիրատվությունն ընդունելով, նաև այլ ընկերությունների այդ ուղերձն է հղում, որ ոչ թե Կառավարությանը նվիրատվություն անեն, այլ բաց բաժնետիրական քաղաքականություն վարեն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ընկերության կողմից որոշակի թվով բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն հայտարարելն առաջին հերթին նշանակում է ընկերության թափանցիկություն, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մասնագետ կարող է բաց աղբյուրներում գտնել այդ ընկերությունների շրջանառությունը, ծավալները, ծախսերը, շահույթը, եկամուտները և այլն: «Այս համակարգը շատ օգնում է, որպեսզի նաև Կառավարությունը, հարկային մարմինները, շատ չչարչարվեն՝ տեսնելու համար, թե ինչ է կատարվում այնտեղ հարկային պատշաճ կարգապահություն ապահովելու համար: Տվյալ դեպքում, ես կարծում եմ, որ մենք երկարաժամկետում պետք է մտածենք, թե ինչ մեխանիզմներ պետք է դնենք», - նշել է վարչապետը և հավելել, որ որոշակի խթաններ են նախատեսվել վերջերս Կառավարության ընդունած որոշմամբ, որ այն ընկերությունները, որոնք որոշում են գնալ բաց բաժնետիրացման ճանապարհով, բորսա հասնելու նրանց ծախսերի որոշակի մասը նաև սուբսիդավորվում է և խրախուսվում:

Կառավարության ղեկավարի խոսքով, սա կարևոր տնտեսական քաղաքականություն է և պետք է այս քաղաքականությամբ խրախուսել, աջակցել և հորդորել ընկերություններին, սակայն եթե այդ քաղաքականությունը չաշխատի, ապա Կառավարությունը պետք է այլ մեխանիզմների դիմի, ընդհուպ՝ հարկային դիվերսիֆիկացիայի մեխանիզմին. «Եվ մենք այս նվիրատվությունը շնորհակալությամբ ընդունելով, նաև ուզում եմ, որ մենք այս ուղերձը հստակ հղենք, որ եթե միջնաժամկետում մեր հորդորները, աջակցությունը, խնդրանք չազդի, մենք պետք է գնանք օրենսդրական մեխանիզմների: Բաց բաժնետիրական ընկերություն չես, ուրեմն ուրիշ կանոններ է գործում քեզ համար: Թափանցիկության մեր ստանդարտները պետք է դնենք, որովհետև մենք իրավիճակների հետ ենք բախվել և բախվում, որը մեզ համար խնդրահարույց է այդ թվում՝ ազգային անվտանգության տեսակետից»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանում ընկերությունների թափանցիկությունը պետք է լինի այն աստիճանի, ինչ աստիճանի լավագույն միջազգային փորձն է:

Ամփոփելով, վարչապետը նշել է. «Ես ուզում եմ մի արձանագրում անել, որ այս որոշումն էլ ներառյալ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ ի դեմս Կառավարության, բաժնեմաս ունի մի քանի ռազմավարական նշանակության ընկերություններում և նախագծերում, առաջինը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, երկրորդ այդ որոշումը մենք կայացրեցինք Ամուլսարի հանքի հետ կապված և ՄՏՍ-Հայաստան ընկերությունը, որը եթե չեմ սխալվում բաժանորդների ամենամեծ թիվն ունի Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ հեռահաղորդակցության ոլորտի ամենամեծ ընկերությունն է և նաև երրորդ ընկերությունը, որտեղ Հայաստանի Հանրապետություն ժողովուրդը՝ ի դեմս Կառավարության, 20 տոկոս բաժնեմաս է ստանում: Եվ սա կոնկրետ արդյունք է, որն արժի, որ մենք ներկայացնենք, զեկուցենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին»: