Հայաստանի հունվարյան տնտեսական ցուցանիշները պայմանավորված են սեզոնայնության գործոնով

Հայաստանի հունվարյան տնտեսական ցուցանիշները պայմանավորված են սեզոնայնության գործոնով

Հայաստանում հունվարը սովորաբար չի առանձնանում տնտեսական բարձր ցուցանիշներով: Դա պայմանավորված է հայրենի տնտեսության սեզոնայնությամբ և ամենևին չի վկայում տնտեսական աճի դանդաղեցման մասին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տարեսկզբի տվյալները՝ նման կարծիք հայտնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը:

Վիճակագրությունից հետևում է, որ այս տարվա հունվարին Հայաստանի հիմնական տնտեսական ցուցանիշները ցածր են 2023 թվականի դեկտեմբերի տվյալներից, սակայն նախորդ տարվա հունվարի համեմատ նկատելի աճ է գրանցվել: Տնտեսագետը դա բացատրում է Հայաստանի տնտեսության առանձնահատկությամբ:

«Գործնականում ամեն տարվա հունվարին մեր երկրի տնտեսական ցուցանիշները գրեթե կիսով չափ տարբերվում են դեկտեմբերի արդյունքից: Իրենց հերթին, դեկտեմբերի ցուցանիշները, որպես կանոն, էականորեն գերազանցում են մյուս ամիսներինը: Դա գալիս է մեր տնտեսության առանձնահատկություններից. հունվարը պասիվ ամիս է ծառայությունների և առևտրի տեսակետից: Դեկտեմբերին սպառումն աճում է, քանի որ մարդկանց եկամուտներն ավելանում են, օրինակ, պարգևավճարների կամ հունվարի աշխատավարձը նախօրոք ստանալու շնորհիվ: Փոխարենը՝ հունվարը տնտեսական առումով ավելի պասիվ է լինում, սակայն դա չի նշանակում, որ երկրի տնտեսական աճը դանդաղել է: Ըստ այդմ, տնտեսության իրական պատկերը ստանալու համար հունվարի ցուցանիշները միշտ համեմատում ենք նախորդ տարվա նույն ամսվա տվյալների հետ: Իսկ նախորդ ամսվա, այսինքն, դեկտեմբերի հետ համեմատելիս անպայման պետք է հաշվի առնենք սեզոնային գործոնը՝ հիմնվելով նախորդ տարիների տվյալներին: Չմոռանանք, որ համախառն ներքին արդյունքը գոյանում է ոչ միայն եկամուտներից, այլև ծախսերից»,- պարզաբանեց Նարեկ Կարապետյանը:

Այնուհանդերձ, մեր զրուցակցի դիտարկմամբ, վերջին տարիներին որոշակիորեն թուլացել է սեզոնայնության գործոնի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Կարապետյանը նշում է, որ եղել են տարիներ, երբ հունվարի ցուցանիշները մինչև իսկ 40 տոկոսով ցածր են եղել դեկտեմբերի տվյալներից: Ըստ նրա՝ սեզոնայնության գործոնը կարող է պայմանավորված լինել, օրինակ, եղանակային պայմաններին ուղղակիորեն առնչվող ծառայությունների որոշ տեսակների մատուցման ծավալների նվազմամբ կամ աճով: Նույն շինարարության ոլորտը, հանքարդյունաբերությունը կամ արդյունաբերական որոշ ապրանքների արտադրությունը նույնպես անմիջական կախվածություն ունեն եղանակից: Ձմեռը, կախված սաստկության աստիճանից, կարող է պասիվ շրջան լինել այդ ոլորտների համար:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվարին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան 6.4 տոկոսով քիչ է եղել նախորդ տարվա նույն ամսվա ծավալից, սակայն 2 տոկոսով գերազանցել է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշը: Նարեկ Կարապետյանը գտնում է, որ այդ թվերը մեկնաբանելիս՝ պետք է հաշվի առնել էներգետիկ համակարգի առանձնահատկությունները: Սակայն, ընդգծում է, որ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը երկրի արդյունաբերության վիճակի ցուցիչ է:

«Արդյունաբերությունը էլեկտրաէներգիա սպառող ամենամեծ ոլորտն է, որի բարձր աճի տեմպերը, հատկապես, մշակող արդյունաբերության, ենթադրում են էլեկտրականության սպառման աճ: Ցավոք, մեր տնտեսության մեջ մշակող արդյունաբերության կշիռը մեծ չէ, ուստի էլեկտրաէներգիայի արտադրության ու տնտեսական ակտիվության ցուցանիշներն առանձնապես փոխկապակցված չեն: Տվյալներ կան, որ խորհրդային տարիների համեմատ Հայաստանում մի քանի անգամ նվազել է էլեկտրաէներգիայի սպառումը: Դա արդյունաբերության նվազման ցուցիչ է»,- նշեց Նարեկ Կարապետյանը:

Ներկայացված տվյալների համաձայն՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվարին 78.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը, սակայն, դեկտեմբերի համեմատ նվազել է 24.1 տոկոսով: Ընդ որում՝ արտահանման ծավալը 2023-ի հունվարի համեմատ աճել է 2.1 անգամ, իսկ դեկտեմբերի համեմատ նվազել է 36.1 տոկոսով: Ներկրումը 61.4 տոկոսով գերազանցել է 2023-ի առաջին ամսվա ցուցանիշը, սակայն դեկտեմբերի համեմատ նվազել է 11.2 տոկոսով:

«Նախորդ տարվա հունվարի համեմատ արտահանման և ներմուծման աճը պարզապես շեշտակի է: Սակայն, հայտնի է, որ դա պայմանավորված է նաև 2022-ի կեսերից մեր տնտեսության բնորոշ առանձնահատկություններից դարձած դեպի Ռուսաստան ապրանքների որոշ տեսակների վերաարտահանմամբ, ինչպեսև ՌԴ-ից Հայաստանի միջոցով երրորդ երկրներ արտահանմամբ»,- նկատեց տնտեսագետը:

Անդրադառնալով վիճկոմի տեղեկանքում գյուղատնտեսության վերաբերյալ տվյալների բացակայությանը՝ մասնագետը նշեց. «Դա պայմանավորված է մեզանում գյուղատնտեսության հաշվառման առանձնահատկություններով: Մասնավորապես, եթե մնացած ոլորտների համար վիճակագրությունը հաշվառվում է հիմնականում կազմակերպություններից ստացված հաշվետվությունների տվյալներով, ապա գյուղատնտեսության դեպքում անհնար է նման կարգով հաշվառում կատարել, որովհետև Հայաստանում գյուղատնտեսությունը մեծամասամբ ոչ ֆորմալ է: Այսինքն, հարկման պարտավորություն չունի, հաշվառման պարտավորություն չունի: Հետևաբար, այդ ոլորտի վիճակագրությունը հաճախ ներկայացվում է հարցումների, ինչպես նաև առանձին համայնքների կամ վիճակագրական կոմիտեի տարածքային մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա: Այն պարբերաբար ճշգրտվում է, իսկ մեծ տատանումներից խուսափելու համար, ինչը նախկինում լինում էր, հիմա վիճակագրական կոմիտեն, կարծես, եռամսյակային պարբերականությամբ է հրապարակում գյուղատնտեսության տվյալները»:

Հրայր Նազարյան