500 վերահսկողական գործառույթ քաղաքաշինության բնագավառում սուբվենցիոն և պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի նկատմամբ

500 վերահսկողական գործառույթ քաղաքաշինության բնագավառում սուբվենցիոն և պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի նկատմամբ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023թ․ քաղաքաշինության բնագավառում սուբվենցիոն և պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի նկատմամբ իրականացրել է 500 վերահսկողական գործառույթ։

Սուբվենցիոն ծրագրեր իրականացվել են ՀՀ բոլոր 10 մարզերում։ Մասնավորապես՝ իրականացվել են մանկապարտեզի շենքի, պուրակի, մարզադաշտի, ոռոգման համակարգի վերակառուցման, դպրոցի կառուցման, փողոցների ասֆալտապատման, բնակելի շենքերի, ավտոճանապարհի հիմնանորոգման, պոմպակայանի արդիականացման,  բազմաբնակարան շենքի  (ԲԲՇ)  ջերմամեկուսացման աշխատանքներ։

Վերահսկողության արդյունքում արձանագրվել է 154 իրավախախտում, որոնց վերաբերյալ նշանակվել են վարչական տուգանքներ, տրվել են կարգադագրեր՝ թերությունների վերացման համար։ 

Տեսչական մարմինը 2023թ․ ընթացքում տրամադրել է ավարտական ակտերի 502 եզրակացություն, որից 243-ը՝ դրական, 152- ը՝ բացասական։

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկված բոլոր շինարարական օբյեկտներում արձանագրել է համանման իրավախախտումներ․ բացակայել են ծածկված աշխատանքների ակտերը, բետոնի փորձարկման ակտերը, վարման մատյանները, շինհրապարակները կահավորված են եղել թերի և չեն համապատասխանել շինարարության կազմակերպման նախագծին, աշխատողներն ապահովված չեն եղել արտահագուստով։

Արձանագրվել են  նաև  որակի հետ կապված,  փորձաքննություն անցած նախագծերից շեղվելու  խախտումներ։ Առանձին օբյեկտներում արձանագրվել են հետևյալ խախտումները․

- շինարարության տեղամասն ապահովված չէր անվտանգության գոտիներով․

- շինարարությունն իրականացվել է համաձայնեցված նախագծին ոչ համապատասխան․

- առկա են նախագծային կոպիտ շեղումներ, շինարարական  նորմերի պահանջների խախտումներ, որակի հետ կապված խնդիրներ․

- արտաքին կոյուղագիծը կառուցվել է նախագծի շեղումով․

- հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսած թեքահարթակները կառուցվել են նորմերի  խախտումներով, նախագծային շեղումներով, 

-որոշ դեպքերում անտեսվել է հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության պահանջը։

- շենքի՝ նախագծով նախատեսված և փաստացի կառուցված արտաքին չափերը միմյանց չեն համապատասխանում։

ՔՏՀԱ տեսչական մարմնի քաղաքաշինության մասնագետները վարչական շենքի վերանորոգման աշխատանքներում արձանագրել են նախագծից շեղումներ ու թերություններ,  ցուցում է տրվել կրկին իրականացնել շենքի կոսմետիկ հարդարման աշխատանքները։ 

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների կողմից տրվել են ցուցումներ՝ արձանագրված բոլոր խախտումները վերացնելու համար։