Չինաստանի օրենսդիր մարմինը սկսեց աշխատանքները․ 2024 թվականին ակնկալվում է շուրջ 5 տոկոս տնտեսական աճ

Չինաստանի օրենսդիր մարմինը սկսեց աշխատանքները․ 2024 թվականին ակնկալվում է շուրջ 5 տոկոս տնտեսական աճ

Չինաստանը ծրագրում է 2024 թվականին գրանցել շուրջ 5 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին մարտի 5-ին ազգային օրենսդիր մարմնում՝ Ժողովուրդների մեծ պալատում կայացած Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (NPC) նստաշրջանի բացմանը օրենսդիրներին հայտնեց Չինաստանի վարչապետ Լի Ցյանը՝ ներկայացնելով կառավարության զեկույցը։ Բացման արարողությանը ներկա էին Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ու կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Covid-19-ի դեմ պայքարում խոշոր և վճռորոշ հաղթանակից հետո մենք ապահովեցինք սահուն անցում համաճարակին արձագանքելու գործում։ 2023 թվականին տնտեսական և սոցիալական զարգացման հիմնական նպատակներն ու խնդիրները իրականացվեցին, և մենք կայուն առաջընթաց գրանցեցինք բարձրորակ զարգացման գործում, պահպանեցինք ընդհանուր սոցիալական կայունությունը և բոլոր առումներով ամուր առաջընթաց գրանցեցինք ժամանակակից սոցիալիստական երկիր կառուցելու գործում», - զեկույցը ներկայացնելիս ասաց Լի Ցյանը:

Օրենսդիրներին ներկայացված զեկույցի համաձայն, Չինաստանի կառավարությունը 2024 թվականին նպատակադրված է մոտ 5% տնտեսական աճ գրանցել: Քաղաքային բնակավայրերում նախատեսվում է ստեղծել ավելի քան 12 միլիոն աշխատատեղ:

Դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերակցությունը սահմանվել է 3 տոկոս։

Այս տարի Չինաստանը 3,9 տրիլիոն յուան արժողությամբ հատուկ պարտատոմսեր կթողարկի իշխանության տեղական մարմինների համար, ինչն անցյալ տարվա համեմատ 100 միլիարդ յուանով ավելի է:

Պաշտպանական ծախսերը կավելանան 7,2 տոկոսով՝ հասնելով 1.5537 տրիլիոն յուանի (շուրջ 224.79 մլրդ ԱՄՆ դոլար)։

«Մենք հավատարիմ կմնանք խաղաղության և խաղաղ զարգացման անկախ արտաքին քաղաքականությանը: Մենք ամուր կերպով շարունակելու ենք խթանել բաց լինելու ռազմավարությունը՝ հանուն փոխադարձ շահի։ Մենք կոչ ենք անում հավասար և բազմաբևեռ աշխարհի, ինչպես նաև ունիվերսալ շահավետ և ներառական տնտեսական գլոբալիզացիայի, և մենք հանձնառու ենք խթանելու նոր տեսակի միջազգային հարաբերություններ: Մենք հաստատակամորեն դեմ ենք հանդես գալու բոլոր հեգեմոն, տիրող և սպառնալիքներով լեցուն  գործողություններին և պաշտպանելու ենք միջազգային արդարությունն ու արդարադատությունը»,- ասաց Չինաստանի վարչապետը։

Մարտի 5-ին մեկնարկած Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանը կշարունակվի մեկ շաբաթ։ Մինչ այդ՝ մարտի 4-ին տեղի էր ունեցել խորհրդատվական մարմնի՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի նստաշրջանը։

Սույն հոդվածը պատրաստվել է Չինաստանի Մամուլի հաղորդակցության միջազգային կենտրոնի (CIPCC) 2024 թվականի լրագրողական փոխանակման ծրագրի շրջանակում։