Սամվել Խանվելյան. Հայաստանի ներքին պարտքի շուկան «կաղում է» ներդրողների կառուցվածքի և կազմի գծով

Սամվել Խանվելյան. Հայաստանի ներքին պարտքի շուկան «կաղում է» ներդրողների կառուցվածքի և կազմի գծով

Վերջին 4 տարիների ընթացքում կառավարության պարտքի ընդհանուր կառուցվածքում դրամային պարտքի ծավալը 20%-ից հասել է 46%-ի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Սամվել Խանվելյանը՝ առաջին ներդրումային-ֆինանսական համաժողովի շրջանակում  «Հայաստանի ներդրումային միջավայրը և կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները» թեմայով լիագումար նիստի ժամանակ:

Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, պետական պարտատոմսերի թողարկման ծավալները վերջին տարիներին զգալիորեն ավելացել են, ինչը բխում է կառավարության ռազմավարությունից, որը նախատեսում է ներքին պարտքի շուկայի թիրախավորում ' որպես պետբյուջեի ֆինանսավորման հիմնական աղբյուր:

Վկայակոչելով ԱՄՀ-ի և ՀԲ-ի հետ համատեղ 2023 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ նա նշել է, որ Հայաստանի ներքին պարտքի շուկան իրավական կարգավորման և ենթակառուցվածքների մասով բավականին զարգացած է, սակայն «կաղում է» երկրորդային շուկայում և ներդրողների կառուցվածքի և կազմի գծով։

Միևնույն ժամանակ, Խանվելյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներդրողների կառուցվածքի համատեքստում վերջին տարիներին կարելի է դրական դինամիկա արձանագրել: Մասնավորապես, նրա խոսքով, 2020 թվականին բանկային համակարգին բաժին էր ընկնում ներքին պարտքի շուկայի 80 տոկոսը, իսկ արդեն 2023 թվականի տվյալներով ՝ դրանց ընդգրկումը նվազել է մինչեւ 65 տոկոս։ Նա նշել է, որ դա պայմանավորված է ապահովագրական, ներդրումային ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների մասնակցության աճով ։

Միաժամանակ, Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը մատնանշել է ոչ ռեզիդենտ ինստիտուցիոնալ բարձրակարգ ներդրողների մասով տեղաշարժերը։ Նրա խոսքով՝ իրենց պորտֆելը կազմում է ներքին պարտքի 7 տոկոսը կամ 150 մլրդ դրամ ։ «Սա նաև դրական ազդակ է ներդրողների կազմի և կառուցվածքի բարելավման համատեքստում», - նշել է Խանվելյանը:

Նա նաև հաղորդել է, որ շուտով կգործարկվի պետական պարտատոմսերի մանրածախ առևտրի բարելավված առցանց համակարգը, ինչը հնարավորություն կընձեռի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արժեթղթեր ձեռք բերել անմիջապես պետությունից: Այս առումով նա կարևորել է Սփյուռքի ակտիվ մասնակցությունը։

Նշենք, որ ֆինանսաներդրումային համաժողովը կազմակերպել է Freedom Broker Armenia-ն ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ: Համաժողովը մտադիր է դառնալ շուկայի առանցքային մասնակիցների, այդ թվում ՝ պետական իշխանության մարմինների, բիզնեսի, ԶԼՄ-ների  ներկայացուցիչների և հանրության միջև փոխգործակցության առաջատար հարթակ:

Ալինա Հովհաննիսյան

Աղբյուրը`   finport.am