Ահարոն Սահակյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Անցումային նախաձեռնությունների գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Քեթրին Փրյուդոմին

Ահարոն Սահակյանն ընդունել է  ԱՄՆ ՄԶԳ Անցումային նախաձեռնությունների գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Քեթրին Փրյուդոմին
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Անցումային նախաձեռնությունների գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի աջակցման ծրագրի« շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է ծրագրի ներկայացուցիչներին՝ ԱՄՆ ՄԶԳ Անցումային նախաձեռնությունների գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Քեթրին Փրյուդոմին, «Հայաստանի աջակցման ծրագրի« ղեկավար Ռանա Դադանյանին:
 Հանդիպմանը ներկա էին նաև Կոտայքի մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը, Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Կարեն Հովսեփյանը:
Քննարկման նպատակն էր՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանի կառավարությանն աջակցության տրամադրման կոնտեքստում քննարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Կոտայքի մարզում բնակվող մեր հայրենակիցների խնդիրները և շահագրգիռ կողմերի ներգրավմամբ արձագանքել ԼՂ- ում տեղի ունեցած իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակին:
 Ողջունելով ներկաներին՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհակալություն է հայտել ԱՄՆ-ի կառավարությանն ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակին՝ պետությանը ցուցաբերվող բազմակողմանի աջակցության և հոգատարության համար:
 Զրուցակիցները քննարկել են ներկայում Կոտայքի մարզում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները, մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքապետարանների կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, ԼՂ-ից տեղահանված անձանց հետ տարվող աշխատանքները, մտքեր փոխանակել համագործակցության հնարավորությունների և ուղղությունների շուրջ:
 Քեթրին Փրյուդոմը նշել է, որ գրասենյակն աշխատում է Հայաստանի կառավարության հետ, սակայն իրավիճակը տեղերում հասկանալու և հնարավոր ծրագրերի իրականացման նպատակով անհրաժեշտ են համարում այցելել մարզեր՝ տեղում գնահատելու կարիքները, վերլուծելու աջակցության ուղղությունները՝ դրանք թիրախային և հասցեական իրականացնելու նպատակով:
 Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ մարզպետը պատրաստակամություն է հայտնել իր և մարզպետի աշխատակազմին վերապահված լիազորությունների շրջանակում աջակցել ծրագրի իրականացման բոլոր փուլերի ընթացքում: