Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է Հայաստանը

Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է Հայաստանը

Այսօր Հայաստանում քննարկվում է թվային ակտիվների և կրիպտոարժույթների իրավական կարգավորման բացը լրացնելու խնդիրը: Ի դեպ,  չպետք է նույնականացնել ՏՏ ոլորտի զարգացման և բիզնեսի ու հանրային ոլորտների թվայնացման խնդիրները, քանի որ դրանք գտնվում են բոլորովին տարբեր հարթություններում:

Տնտեսության թվայնացման թիրախները բազմաշերտ են և ըստ առաջնահերթությունների ներառում են կյանքի բոլոր ոլորտները: Թվայնացման տարաբնույթ խնդիրների շարքում հատկապես կարևոր է բիզնես ոլորտի թվայնացումը: Այն առաջ է բերել բոլորին հայտնի առերևույթ մի շարք  հասկացություններ, ինչպիսիք են՝ էլեկտրոնային առևտուրը (e-commerce), որից, ի դեպ, այսօր օգտվում է բնակչության զգալի մասը, էլեկտրոնային բիզնեսը (e-business), ֆինանսական տեխնոլոգիաները (Fintech), կրիպտոարժույթները (Cryptocurrency), տոկենոմիկա (Tokenomics) և այլ հասկացություններ:

Հարկ է փաստել, որ առկա է 2021-2025 թթ. «Հայաստանի թվայնացման ռազմավարություն» ծրագիրը: Մինչդեռ, բիզնեսի թվայնացման հիմնախնդրի վերաբերյալ, հաճախ դրսևորվում է խիստ հատվածային, շատ դեպքերում մակերսային և կամ անբովանդակ արծարծումներ և իմիտացիոն բնույթի քայլեր:

Մեր ուսումասիրությունների վկայում են, որ Հայաստանը 2024 թ. մարտի դրությամբ բիզնեսի թվայնացման մակարդակով հետ է մնում տարածաշրջանի երկրներից՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան և ԵԱՏՄ-ի երկրներից (ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղստան), մասնավորապես՝ թվային (վիրտուալ) ֆինանսական ակտիվների և կրիպտոարժույթների կիրարկման, ինչպես նաև դրանց օրենսդրական կարգավորման ասպեկտներով:

Օրենսդրական կարգավորման առումով ՀՀ-ում  փաստացի բացակայում է. ա)  թվային ֆինանսական  ակտիվների իրավական դասակարգումն ու դրանց համարժեք իրավակարգավորումները, բ) միջազգային պրակտիկայում տեխնոլոգիական ինովացիոն հատվածում լայնորեն կիրառվող ֆինտեխ նորարարությունները խթանող փորձարարական կարգավորող ռեժիմը (Sandbox), գ) բանկերի, ֆինանսական հաստատությունների կողմից «բաց բանկային ծառայությունների» (Open banking) կիրարկման օրենսդրական կարգավորումները: Կարևորվում է նաև կրիպտոարժույթների անմիջապես թվային հարթակից ձեռբերման կամ մայնինգի իրավակարգավորւմները, կապված՝ բիտկոյնի (BTC) էներգոծախսատար գործընթացի հետ: Այդ առումով, մասնավորապես՝ Ղրղստանում բիտկոյնի մայնինգի համար սահմանված է հատուկ հարկ, որի դրույքաչափը սպառված էներգիայի վճարի 15 տոկոսի չափով է: Ղրղստանում նման մոտեցումը կապված է էներգետիկ սուղ ռեսուրսների հետ, որի պարագայում երկրում արտադրվող էլեկտրոէներգիայի ծավալի շուրջ կեսը փործում են օգտագործել կրիպտոմայներնեը, որն էլ առաջացնում լուրջ խնդիրնեև: Ընդհանուր առմամբ, միջազգային պրակտիկայում կրիպտոարժույթների գործարքներից ստացված եկամտի հարկման ռեժիմների սահմանման համար հիմք է հանդիսանում նման ակտիվները որպես՝ գույք կամ ֆինանսական ակտիվ դասակարգումը: ՀՀ-ում թվային ակտիվների և կրիպտոարժույթների իրավական դասակարգման և կարգավորման բացակայությունը իր հերթին անորոշություններ է առաջացնում դրանց հարկման ռեժիմների առումով:

Վերը նշված իրավակարգավորման բացերը վկայում են, որ ՀՀ-ում առկա է բիզնես ոլորտի թվայնացման հիմնախնդրի համակարգված ու նպատակային, ճշգրիտ կառուցակարգերով ու արդիական լուծումներով իրավական կարգավորման անհրաժեշտությունը: 

21-րդ դարում գլոբալ մասշտաբով ընթացող թվայնացումը իր հետ բերել է թվային փիլիսոփայություն, տեխնոլոգիաական անհավանական զարգացումներ ու դրանից ածանցվող  լուծումներ, որոնք էլ իրենց հեթին  ձևավորել թվային մետա-միջավայր և էկոհամակարգ: Արդի դարաշրջանը թվային հիմնարար հեղափոխական և տեկտոնիկ փոփոխություններ է առաջացրել միջազգային գլոբալ տնտեսությունում և նրա բոլոր ոլորտներում: Բազմաթիվ տեխնոլոգիական նորամուծություններ ի հայտ են բերել թվային նոր կառուցակարգեր և դրանից ածանցվող տարաբնույթ առցանց ծառայություններ և պրոդուկտներ, որոնք այսօր արդեն իսկ դարձել են մարդկանց և բիզնեսի կյանքի անբաժանելի մասը: Այդ զարգացումներից դուրս մնալը կնշանակի մրցունակության տապալում   բոլոր մակարդակներում և բոլորի համար:

Ճեղքում ապահովող ինովացիոն թվային տեխնոլոգիաների հիմքով մրցունակակության թվային վիրտուալ դաշտում ներմուծվում են նորարական պրոդուկտներ, որոնք իրենց հերթին առաջ են բերում տեսանելի նոր ավելացված արժեք ստեղծող բիզնես մոդելներ: Դրանք ներդրվում են ամենուրեք, առանց տարածության և աշխարհագրական սահմանափակումների (մահ տարածությանը՝ թևավոր արտահայտության հիմքով), ի հաշիվ ներառական բնույթի, դյուրին և հարմարավետ կիրարկման, նվազ ծախստարության և այլ առավելությունների:

ՀՀ-ում բիզնեսի թվայնացման աջակցությունը պահանջում է առանձին համապարփակ ծրագրի ընդունում, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետությունում բիզնես ոլորտի թվյանացման գործընթացի աջակցման»  ծրագիր (ստորև Ծրագիր), միտված՝ երկրի հեռանկարային զարգացման տեսլականի ապահովմանը, դրան համարժեք միջնաժամկետ ու կարճաժամկետ խնդիրների իրագործման միջոցառումներով ու ենթածրագրերով:

Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրները բազմաթիվ են, մինչդեռ ակնհայտ է, որ  տնտեսության բոլոր հատվածների համար հրամայական է ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական մակարդակով՝ որակապես թվային մատրիցով զարգացումների ապահովումը:

Մեծ հաշվով, խնդիրը նրանում է, որ մինչ այժմ տնտեսության իրական հատվածը, ՏՏ ոլորտը և ֆինանսական հատվածը գործում են չեզոք և ավտոնոմ, յուրաքանչյուրը իր առաջնահերթությունների և խնդիրների շրաջանակներում (ինչպես կարապը, խեցգետինը և  գայլաձուկը հայտնի առակում): 

Այդ առումով վերը նշված Ծրագրի պետք է միտված լինի Հայաստանում թվայնացման խնդիրների լուծմանը միաժամանակ՝ ա) տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ), բ) տնտեսության իրական գ) ֆինասական հատվածներում, և իհարկե, դ) կրթական ոլորտում: Ծրագրի նպատակադրման հայեցակարգը պետք է կառուցվի կոնվերգենտ զարգացման առանցքի վրա, այն է՝  թվայնացման միջոցով լուծել տնտեսության իրական, ֆինանսական և ՏՀՏ հատվածների կոնվերգենտ բնույթի սերտաճման հիմնախնդիրը: Ի դեպ, ըստ Օքսվորդի բառարանի մեկնաբանության կոնվերգենտ (convergence) նշանակում է՝ «տարբեր ուղղություններից միասին շարժվելու ու հանդիպման գործընթաց, այն կետում, որտեղ դա տեղի է ունենում»: Նման սերտաճումը իր հերթին կբերի շահավետ սիներգետիկ (synergy) արդյունք՝ մրցունակության նոր որակ նշված բոլոր հատվածների տնտեսական միավորների և իհարկե ամենակարևոր շահառուների՝ մարդկանց և բոլոր սպառողների համար: Համաձայն նույն Օքսվորդի բառարանի (synergy) մեկնաբանվում է. «հավելյալ էներգիա, ուժ, հաջողություն և այլն, ինչը ձեռք է բերվում երկու կամ ավելի անձանց, ընկերությունների կամ միավորների կողմից, որոնք աշխատում են միասին, ոչ թե առանձին»:

Տնտեսության նշված հատվածների կոնվերգենտ զարգացումը ենթադրում է ոչ միայն տնտեսական աճ, այլ նաև որակական զարգացում նորարարությունների խթանման հիմքով, երբ յուրաքանչյուր ոլորտ կարող է նպաստել ու միաժամանակ օգուտներ քաղել նման սերտաճումից: Մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաներ նորարարությունները, ինչպիսիք են արհեստական բանականությունը (AI), մեքենայական ուսուցումը (ML), ամպային հաշվարկները (CC), մեծ տվյալների վերլուծությունը (BD) և բանացանցը կամ «իրերի ինտերնետը»  (IoT) և այլ, փոխակերպում են տնտեսության իրական և ֆինանսների հատվածները, ամենակարևորը ստեղծում նոր ապակենտրոնացված բիզնես մոդելներ:

Իրական հատվածում ՏՀՏ-ն դյուրինացնում է ավտոմատացումը, բարձրացնում արտադրողականությունը, այնպիսի տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսիք են ռոբոտաշինությունը և խելացի արտադրությունը: Իրական հատվածի բիզնեսները  տեղեկացված որոշումներ են կայացնում արտադրության, մատակարարման շղթայի կառավարման և շուկայի պահանջարկի հիմքով: Ըստ այդմ, այն հանգեցնում է գործընթացների օպտիմալացմանը, ծախսերի կրճատմանը, կառավարման որակի և արդյունավետության բարձրացմանը:

Ֆինանսական ոլորտում ՏՏ-ն հնարավորություն է տալիս զարգացնել ֆինտեխ լուծումները, առցանց բանկինգը, թվային վճարումները, ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգերը: Ֆինտեխի նորարարությունները դյուրինացնում են իրական ժամանակում գործարքները, ռիսկերի գնահատումը, անհատականացված ֆինանսական ծառայությունները և խարդախությունների հայտնաբերումը: Այն հանգեցրել է թվային բանկինգի, միահավասարների (Peer to Peer) վարկավորման հարթակների, ռոբո-խորհրդատուների, բլոկչեյնի ու խելացի պայմանագրերի վրա հիմնված ծառայությունների առաջացմանը: Ֆինտեխը փոխակերպում է ֆինանսական ծառայությունները՝ դրանք դարձնելով ներառական ավելի մատչելի, հասանելի, թափանցիկ և արդյունավետ: Ֆինտեխ ծառայությունները բարձրացնում են կապիտալի հասանելիությունը իրական հատվածում բիզնեսների համար՝ խթանելով ձեռներեցությունն ու որակական զարգացումն ու աճը:

Կոնվերգենտ կամ սերտաճված զարգացման առավելություններն են արտադրողականության ու արդյունավետության կտրուկ բարձրացումը: ՏՏ ոլորտի ինտեգրումը իրական և ֆինանսական հատվածների հետ բարձրացնում է գործառնական արդյունավետությունը՝ նվազեցնելով ծախսերը և բարձրացնելով արտադրողականությունը: Ոլորտների սերտաճումը խթանում է նորարարությունը՝ հնարավորություն տալով զարգացնել նոր տեխնոլոգիաներ, պրոդուկտներ և ծառայություններ, որոնք բավարարում են շուկայի հարաճող պահանջները:

Ընդհանուր առմամբ, ՏՏ-ի, իրական հատվածի և ֆինանսական հատվածի միջև սերտաճումը նպաստելու է տնտեսական աճին` խթանելով ավելի դինամիկ և փոխկապակցված բիզնես միջավայր:

ՀՀ կառավարությունը, բիզնեսները, կրթական ոլորտը և այլ շահագրգիռ կողմերը պետք է նպաստեն ոլորտների միջև սերտաճող համագործակցության և նորարարության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը՝ առավելագույնի հասցնելու կոնվերգենտ զարգացման օգուտները: Այն պետք է ներառի. ա) թվային ենթակառուցվածքում ներդրումները, բ) ինովացիոն հետազոտությունների և զարգացմանն աջակցող քաղաքականությունը, գ) բիզնեսի թվայնացման իրավական կարգավորումների ընդունումը, որոնք կխթանեն նորարարությունները, կբարձրացնեն մատուցվող ծառայությունների մատչելիությունն ու ներառականությունը, միաժամանակ՝ ապահովելով կայունություն և անվտանգություն:

Ըստ Ծրագրի նպատակադրումների հարկ է առանձնացնել նրա հիմնական առանցքները.

- տնտեսության թվայնացման իրավական կարգավորման ապահովման, ռիսկերի կանխարգելման համար անհրաժեշտ կառուցակարգերի, չափորոշիչների և ամբողջական նախագծերի մշակում,

- թվայնացման հիմնախնդիրների բացահայտման և լուծումների վերաբերյալ հետազոտությունների իրականացում,

- տնտեսության իրական և ֆինանսական հատվածների միավորների թվայնացման գործնական խնդիրների խորհրդատվություն,

- թվայնացման հարաճող բաղադրիչներին, կառուցակարգերին, ձևերին, մոդելներին առընչվող ուսուցում և շարունակական կրթություն:

Ծրագրի վերը նշված նպատակներով պայմանավորված հիմնական միջացաոռւմների շարքում հարկ է առանձնացնել հետևայլները:

Ծրագրի թվայնացման իրավական ապահովման կառուցակարգերի, չափորոշիչների և ամբողջական կարգավորման շրջանակում, մասնավորապես՝ թվայնացման խնդիրների կանոնակարգման նպատակով հարկ է ներդնել «Թվային կամ վիրտուալ ակտիվների մասին» ՀՀ օրենքը: Այն առաջնային պետք է սահմանի    թվային ակտիվների և կրիպտոարժույթների դասակարգումը, ըստ որի կվորոշվի դրանց նկատմամբ կարգավորման շրջանակը: Այն, ըստ այդմ, կներառի՝ ներդրողների և ապառողների պաշտպանությունը, կրիպտոարժույթների տարածքում խարդախությունների և շուկայի մանիպուլյացիաների կանխարգելումը: Դրանց շարքում կարևորվում է թվային ակտիվների և կրիպտոարժույթների փոխանակումների և թվային ակտիվների գործարքներում ներգրավված անձանց նկատմամբ անվտանգության պրակտիկայի նպատակով կիրառվող փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի և ճանաչիր քո հաճախորդին (KYC) մոտեցումների և ընթացակարգերի կիրառումը:

Թվային ակտիվների և կրիպտոարժույթների համատեքստում արդիական են  տվյալների պաշտպանություն և գաղտնիության հետ կապված կանոնակարգումները: Այն, մասնավորապես, վերաբերվում է կրիպտո բորսաների և կրիպտոարժույթներ տնօրինող այլ կազմակերպությունների կողմից հավաքագրված անձնական տվյալների պահպանմանը:

Թվային  ակտիվների կարգավորման որոշ խնդիրներ հատվում են արժեթղթերի ոլորտի կարգավորումների հետ, մասնավորապես՝ երբեմն որոշ թվային ակտիվների տեսակներ հավասարեցվում են արժեթղթերին, և ըստ այդմ, ենթարկվում են  արժեթղթերի համանման կանոնակարգումներին: Միջազգային պրակտիկայում, մասնավորապես՝ այն վերաբերվում է կրիտոարժույթների սկզբնական առաջարկների (Initial coin offerings - ICO) և թվային տոկենների կամ անվտանգության տոկենների առաջարկների (Security token offering –STO) և թվային ակտիվներով իրականացվող դրամահավաքի այլ ձևերի հետ կապված կանոնակարգերին:

Նշված օրենքով կարգավորման հիմնախնդիրների շարքում են թվային ակտիվների հետ կապված անդրսահմանային գործարքները վերահսկան շրջանակները: Կարգավորողները  քննարկում են նաև թվային ակտիվների և կրիպտոարժույթների հիմքում ընկած բլոկչեյն տեխնոլոգիաների առանցքում ապակենտրոնացված հարթակների (DAO) և ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) մատրիցը ձևավորող միավորների հնարավոր կանոնակարգումները, ելնելով՝ դրանց բաց և փակ համակարգերի «ինկլյուզիվ» կամ ընդգրկուն ու ներառական և  «էքսկլյուզիվ» կամ բացառիկ բնույթից:

Բլոկչեյն (Blockchain) տեխնոլոգիաները ելնելով՝ ներառական կամ բացառիկ բնույթից դասում են թույլտվություն չպահանջող և թույլատրվող բլոկչեյների (Permissionless vs. Permissioned Blockchains) հայտանիշներով: Թույլտվություն չպահանջող բլոկչեյնները բաց են բոլոր ցանկացողների համար, ովքեր կարող են միանալ և մասնակցել առանց որևէ հաստատման, մասնավորապես՝ այդպիսին են «Bitcoin»-ը և «Ethereum»-ը: Դրանք, ընդհանուր առմամբ, առավել ընդգրկուն են, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է մուտք գործել և օգտագործել դրանք:

Թույլատրված բլոկչեյնները պահանջում են հստակ թույլտվություն միանալու և մասնակցելու համար: Դրանք հաճախ օգտագործվում են խմբի անդամ անձանց շրջանակներում, որտեղ գաղտնիությունն ու վերահսկողությունը գեր կարևոր են: Թույլատրված բլոկչեյնները բացառիկ կամ «էքսկլյուզիվ» են, քանի որ դրանց մուտքը վերահսկվում է կենտրոնական մարմնի կողմից:

Ընդհանուր առմամբ, բլոկչեյն տեխնոլոգիաների դիզայնի այնպիսի գործոնները, ինչպիսիք են թույլտվությունը, կոնսենսուսի մեխանիզմները, գաղտնագրության առանձնահատկությունները, մասշտաբայնության լուծումները, փոխգործունակությունը և մատչելիությունը կարող են զգալի ազդեցություն ունենալ դրանց ներառականության կամ բացառիկության վրա: Նշվածը վկայում է, որ թվային ակտիվների բլոկչեյն հիմքը կարող է լինել ընդգրկուն և հասանելի օգտատերերի լայն շրջանակի համար և սահմանափակումներով և/կամ միջանկյալ լուծումներով: Ըստ այդմ, այդ ամենը առաջ է բերում տարբեր իրավակարգավորման մոտեցումներ, որը ևս հարկ է հաշվի առնել ՀՀ-ում ներմուծվող թվային ակտիվների և կրիպտոարժույթների օրենսդրական կարգավորման մեջ:

ՀՀ–ում թվային ակտիվների և կրիպտոարժույթների  օրենսդրական կարգավորումը իր հերթին հիմք կհանդիսանա նրանց հետ կապված գործարքների հարկային խնդիրների կարագավորման համար: Մասնավորապես՝ դրանց առքուվաճառքից, ներդրումային գործարքներից, անմիջապես թվային հարթակից ձեռբերումից (մայնինգից) ստացված եկամուտների գծով առաջացող հարկային պարտավորությունների որոշման համար:

Հարկ է շեշտել, որ իրական հատվածի, ֆինանսական և ՏՏ-ի հատվածների միջև սերտաճման և թվային բիզնես միջավայրի ձևավորման հիմքում կրթական բաղադրիչն է: Հանրությունը արդեն վաղուց գտնվում է թվային դարաշրջանում և օգտվում դրա բարիքներից, մինչդեռ ապագա մասնագետները դրա մասին համարժեք պատկերացում չեն կազմում բուհերի կրթության շրջանակներում: Այդ առումով ՀՀ բուհերում, գրեթե բոլոր մասնագիտությունների  բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրատուրայի շահառուների համար անհրաժեշտ է ներդնել՝ «Բիզնեսի թվայնացում, թվային ռիսկերի կառավարում» դասընթացը, որում համարժեք անդրադարձ կլինի բիզնեսի թվայնացմանը, թվային ռիսկերի կառավարմանը, ներառյալ՝ էլեկտրոնային առևտուր (E-commerce), էլեկտրոնային բիզնես (E-business), ֆինտեխ (Fintech), ապակենտրոնացված ֆինանսներ (DeFi), թվային ակտիվներ (Digital assets), կրիպտոարժույթներ (Cryptocurrency), տոկենոմիկա (Tokenomics) և բիզնեսի թվայնացման այլ առանցքային խնդիրնեին: Դասընթացը տարբեր շահառուների համար պետք է լինի տարբեր ընդգրկմամբ և խորությամբ: Ի դեպ, հեղինակի մշակմամբ նման դասընթաց ներդրվել է ԵՊՀ-ի Տնտսագիտության և կառավարման ֆակուլտետում: Այդ տիպի դասընթացները պետք է կառուցվեն «հիմնարար հետազոտություն՝ ոգեշնչված օգտագործմամբ» մոտեցման վրա (Use-inspired basic research or UIBR): Այն նշանակում է, որ բացի գիտելիքի ստացումից ուսուցումը պետք է զուգորդվի նաև գիտելիքի կառուցումով, ըստ այդմ, ունկընդիրները պետք է ուղղորդվեն գործնական խնդիրների յուրացամանը, իսկ մագիստրոսներն ու ասպիրանտները նաև իրենց ոլորտներում թվայնացման համապատասխան հետազոտությունների իրականացմանը:

ԱՐԱ ՔԱՌՅԱՆ,  տ .գ. թ., «Լոգիկա գործարար և ֆինանսատնտեսական անկախ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ԵՊՀ և ԱՈՒԱՀ-ի դոցենտ

Աղբյուրը՝   finport.am