ԵՊԲՀ-ին հանդիսավոր արարողությամբ հանձնվեց միջազգային հավատարմագրման հավաստագիրը

ԵՊԲՀ-ին հանդիսավոր արարողությամբ հանձնվեց միջազգային հավատարմագրման հավաստագիրը

ԵՊԲՀ-ում կայացավ բժշկական համալսարանի «Բուժական գործ» եռալեզու կրթական ծրագրերի՝ NCEQE (National Center for Educational Quality Enhancement) կառույցի կողմից միջազգային հավատարմագրման հավաստագրի շնորհման հանդիսավոր արարողությունը։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաստագիրը հանձնեցին WFME (World Federation for Medical Education) կազմակերպության ներկայացուցիչները:

«Աշխարհում գործող 4000 բժշկական հաստատություններից, այս հավաստագիրն ունեն 10 տոկոսը՝ 400-ը: Մենք ճանաչելի ենք, մեր ծրագրերը ճանաչելի են, մեր ուսանողներն ընկալելի են իրենց ավարտական փաստաթղթով, գիտելիքներով և հմտություններով: Ես համոզված եմ, որ այսօրվա իրադարձությունը մեծ հնարավորություններ և մարտահրավերներ է բացում մեր շրջանավարտների առջև»,- հանդիսավոր արարողությանն իր բացման խոսքում նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

WFME-ն ՄԱԿ-ի կողմից ստեղծված կառույց է,  որի հիմնական առաքելությունը բժշկական կրթության միջազգային կարգավորումն է։ Այս առաքելությունն իրականացնելու համար ստեղծվել և վերամշակվել են համապատասխան չափանիշներ։ Լայն իմաստով` WFME չափանիշներով սահմանվում է, թե որ կրթությունը կարելի է համարել միջազգայնորեն ընդունելի բժշկական կրթություն։

Հավատարմագրումը բժշկական կրթության որակի ցուցանիշ է, առանց որի միջազգային հանրույթը, ըստ էության, ընդգծում է, որ չի երաշխավորում տվյալ օպերատորի մատուցած կրթությունը:

Համալսարանն այլևս կարիք չունի երկար նկարագրելու իր առավելությունները, որոնք իրեն դարձնում են միջազգային մակարդակի համալսարան։ Բավական է մատնանշել, որ համալսարանը հավատարմագրված է WFME-ի կողմից և վերջ։

«Սա ուսանողների համար հնարավորություն է իրենց դիպլոմը ստանալուց հետո աշխատանքի անցնել ցանկացած երկրի բժշկական ոլորտում, որովհետև միջազգային որակի հավաստագրումն առաջին հերթին որակի չափանիշ է, որը ճանապարհ է բացում հետագա աշխատանքի համար: Հանրային և տնտեսական զարգացման ամենակարևոր հիմքերից մեկը կրթությունն է: Բազմաթիվ հետազոտություններ կան, թե ինչպես է կրթությունը նպաստում տնտեսության զարգացմանը և այդ իմաստով՝ ունենալ միջազգայնորեն բարձրորակ բարձրագույն կրթություն նշանակում է ունենալ վստահություն, որ մենք ճիշտ ներդրում ենք ունենում մեր երկրի քաղաքացիների մեջ: Ունենք մի կրթական համակարգ, որն օգնում է նրանց լավագույնս բացահայտել իրենց կարողությունները, զարգացնել իրենց մասնագիտական ունակությունները դրանով ավելի մեծ արդյունք ունենալ երկրի զարգացման մեջ»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան:

Նա նաև հավելեց՝ հանրային զարգացման տեսանկյունից արդյունքներն ավելին են: Միաժամանակ Հայաստանի համար կարևոր է, որ համալսարանը գնալով ավելի գրավիչ է դառնում օտարերկրյա ուսանողների համար, այսօր էլ բժշկական համալսարանը ամենամեծ թվով օտարերկրյա ուսանողներ ունեցող բուհն է: Այս  հավատարմագրումը մեծացնելու է գրավչությունն ու մեծացնելու է օտարերկրյա ուսանողների թիվը:

WFME միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրային հավատարմագրումով «Բուժական գործ» (հայալեզու, անգլալեզու և ռուսալեզու) երեք կրթական ծրագրերի շրջանավարտներն առավելություն ունեն միջազգային հարթակներում։ Լիցենզավորման քննություն ընդունող բազմաթիվ կառույցներ հնարավորություն են տալու բացառապես հավատարմագրված ծրագրերի շրջանավարտներին լիցենզավորվել ու աշխատել որպես բժիշկ իրենց երկրներում։ Այս ցանկին են պատկանում Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և մի շարք այլ երկրներ։

Վրաստանից ժամանած միջազգային փորձագետ Կոնստանտին Չոկորաիան գոհունակությամբ նշեց՝ որոշումը կարևոր է ոչ միայն Հայաստանի և ԵՊԲՀ-ի, այլև Վրաստանի համար, քանի որ սա առաջին միջազգային հավատարմագրումն էր, և այն հաջողություն ունեցավ։

Նշվեց, որ միջազգային ուսանողների ներգրավման հարցում այս հավատարմագրումն ունենալու է խիստ դրական ազդեցություն։ Միջազգային կրթություն ստանալ ցանկացող անձանց մեծամասնությունը միանշանակ դիտարկում է այն համալսարանները, որոնք ունեն այս հավատարմագրումը։

Արդյունքում հնարավոր է դառնում փոխել միջազգային ուսանողների աշխարհագրությունը, ավելացնել ուսումնառության վարձաչափերը, ավելացնել ակադեմիական և ուսանողական փոխանակումների թիվը, որպես առավել վստահելի կառույց` խթանել կրթությանն ուղղված միջազգային դրամաշնորհները, ամուր դիրքերում հայտնվել տարածաշրջանային մրցակցության դաշտում: