«Կարծում եմ` ԵԱՏՄ–ն լքելը ռիսկային կլինի». ՀՀ ֆինանսների նախարար

«Կարծում եմ` ԵԱՏՄ–ն լքելը ռիսկային կլինի». ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունը լքելը Հայաստանի համար կարող է ռիսկային լինել։ Նա այդ մասին ասել է ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։

«Մենք բավականին մեծ կախվածություն ունենք Ռուսաստանի Դաշնությունից տարբեր ուղղություններով` արտահանում, ներմուծում, էներգետիկ և այլ հարցեր։ Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել, որպեսզի բարձրացնենք մեր սուվերենությունը։ Ցանկացած մեկ տեղից կախվածությունը ցանկալի չէ։ Կարծում եմ` ռիսկային կլինի ԵԱՏՄ–ն լքելը»,– նշել է Հովհաննիսյանը։

ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին հարցին էլ նա պատասխանել է, որ իր մասնագիտական ուղղվածությունը մի քիչ այլ է, և բոլոր դետալներով այդ հարցին չի տիրապետում, որպեսզի կարողանա ճիշտ դիրքորոշում հայտնել։
Նշենք, որ Հայաստանի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ հայտարարել են, որ հանրապետությունը չի պատրաստվում լքել Եվրասիական միությունը: Մարտի 5-ին «Հրապարակ» թերթը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ամենաուշը մինչև աշուն պետք է դիմել ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար։
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2-ին: Այս որոշումը, ըստ փորձագետների, թելադրված էր ոչ միայն տնտեսական նկատառումներով, այլև Հայաստանի ազգային անվտանգությունն ավելի հուսալիորեն ապահովելու ձգտումով։
Աղբյուրը`   armeniasputnik.am