Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլ նաև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային տարանցիկ ուղիների. Արարատ Միրզոյան

Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլ նաև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային տարանցիկ ուղիների. Արարատ Միրզոյան
«TRT World» հեռուստաալիքի հետ "One on One” հարցազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումները, հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա պետք է իրականացվի տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Հասկանալիորեն, Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլ նաև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային լոգիստիկ, տարանցիկ ուղիների։ Այս թեմայի շուրջ քննարկումը կառուցողականորեն ծավալելու, շոշափելի արդյունքներ գրանցելու համար, ինչպես նաև մեր մտադրությունները, պատրաստվածությունը լավագույնս ներկայացնելու նպատակով մենք մշակել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն իրականացվելու պարագայում տնտեսական առավելություններ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և դրանից անդին, և ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական. իրականացվելու պարագայում այն կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղությանը նպաստող նշանակալի գործոն, քանի որ առևտուրը, փոխկապակցվածությունն իրենց հետ բերում են որոշակի կայունություն, խաղաղություն։ Սա է մեր մտադրությունը։
Այս նախաձեռնությունը մենք շարունակում ենք ներկայացնել մեր բոլոր հնարավոր գործընկերներին։ Դրա հիմքում դրված գաղափարն այն է, որ Ադրբեջանից բեռներն, անձինք կարող են հատել, անցնել ՀՀ սահմանը և մուտք գործել Նախիջևանի տարածք, և նույնը պետք է գործի ՀՀ քաղաքացիների համար Ադրբեջանի տարածքով հնարավոր կապուղիների պարագայում:
Կա չորս կարևոր պայման, որոնք թույլ կտան գործընթացը պատշաճորեն իրականացնել։ Մի քանի տասնամյակ շրջափակման մեջ եղած ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, դրանք պետք է գործեն կողմերի ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխդարձության սկզբունքներով։ Այս սկզբունքները շատ բնական են, աշխարհում բոլորը կհամաձայնեն, իսկ Ադրբեջանից մենք լսում ենք, որ նրանք հարգում են այս սկզբունքները, մտադրություն չունեն խախտել ՀՀ ինքնիշխանությունը, բայց միաժամանակ առաջարկում են, որ երրորդ երկրի ուժեր տեղակայվեն, օր.՝ ՀՀ-ով անցնելիք երկաթգծի երկայնքով։ Նրանց ակնկալիքը նաև այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց անցնելու սահմանային ստուգման ընթացակարգեր, մաքսային հսկողություն։ Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը, մենք կարող ենք դյուրացնել ընթացակարգերը, ժամանակակից, նորարար տեխնոլոգիաներն այդ հարցում կարող են օգտակար լինել, բայց ոչ ոք չի կարող մուտք գործել և դուրս գալ մեր երկրից առանց նվազագույնը պատշաճ գրանցման։»
Ամբողջական հարցազրույցը, այդ թվում՝ տեսաձայնագրությունը, հասանելի է հետևյալ հղումով. https://www.mfa.am/.../2024/03/09/Mirzoyan_interview/12542