Միջազգային և տեղական խոշոր ներդրումներով կկառուցվի «Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրը

Միջազգային և տեղական խոշոր ներդրումներով կկառուցվի «Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրը

Երեք տարի հետո Ազատության պողոտայում՝ 26/1 հասցեում, մայրաքաղաքի մուտքը կզարդարի իր տեսակով եզակի ճարտարապետական կառույց՝ «Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրը։ Կառավարման խելացի (smart) համակարգով,  էներգախնայող և բարձր սեյսմակայունությամբ, նորարար, գերժամանակակից տեխնոլոգիաներով և լուծումներով այս համալիրը կառուցվում է խոշոր ներդրումային ծրագրով։  «Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրի ներդրումային ծրագրի հիմնադիր և ղեկավար Դավիթ Աթանեսյանի հետ զրուցել ենք ծրագրի և համալիրի առանձնահատկությունների, սպասվող նորարարությունների մասին։

- Պարոն Աթանեսյան, ինչպե՞ս առաջացավ այս ծրագրի գաղափարը։ Ի՞նչ նշանակություն ու կարևորություն ունի այն։

- Ի սկզբանե մեր նպատակն էր կառուցել ոչ թե պարզապես շենք, այլ ստեղծել ինքնատիպ, եզակի ճարտարապետություն և բովանդակություն ունեցող բազմաֆունկցիոնալ համալիր, որը կարտացոլեր ինչպես մեր հազարամյա քաղաքի ճարտարապետական ավանդույթներն ու պատմությունը, այնպես էլ միաժամանակ կհամապատասխաներ ճարտարապետության և կառուցապատման ժամանակակից միտումներին։

Ազատության պողոտայի տվյալ հատվածը Երևան քաղաքի համար շատ կարևոր ու ռազմավարական նշանակություն ունի. այն համարվում է մայրաքաղաքի դարպասը. կարելի է ասել՝ այս կետից է սկսվում և ավարտվում  Հայաստանի միջպետական նշանակության ճանապարհներից մեկը։ Մեր կողմից կառուցվող համալիրը դիմավորելու և ճանապարհելու է քաղաքի հյուրերին։ Շատ կարևոր է, թե ինչ ես առաջինը տեսնում, երբ մտնում ես որևէ քաղաք, հետևաբար, տվյալ տարածքը, այսպես ասած, մեր մայրաքաղաքի դեմքն է, առաջին տպավորությունը մեր քաղաքի մասին։ Ուստի, տեղանքի ընտրությունն էլ պատահական չէ։

Համալիրի գաղափարն ունեինք դեռևս 2019 թվականից, հողատարածքը ձեռք ենք բերել հենց այդ տարի։ Սակայն հետագայում համավարակի, այնուհետև պատերազմի պատճառով  ծրագրի աշխատանքները փոքր-ինչ հետաձգվեցին։ Այնուամենայնիվ, այդ ընթացքում աշխատել ենք համալիրի կոնցեպտի մշակման և նախագծման ուղղություններով։ Արդեն ունենք համալիրի կառուցման շինթույլտվությունը, ինչպես նաև սկսել ենք նախապատրաստական և հողային աշխատանքները։ Հիմնական կառուցապատումը կմեկնարկի երկու ամսից, իսկ  ծրագրի ավարտը նախատեսվում է 2026 թ. դեկտեմբերին։

Այդ տարածքը 80-ականներից չէր շահագործվում և անմխիթար վիճակում  էր։ Մենք ցանկանում ենք մեր գործունեությամբ ներդնել կառուցապատման նոր մշակույթ՝ կոնցեպտի մշակման փուլից մինչև իրականացում և հետսպասարկում։ Մենք՝  որպես կառուցապատող, պատասխանատու ենք ոչ միայն բացառիկ ճարտարապետությամբ և գերժամանակակից համալիր կառուցելու, այլև ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլի համար։ Մեզ համար առաջնային է շինարարական հրապարակի ձևավորումն անել այնպես,  որպեսզի  շինարարական աշխատանքները չխոչընդոտեն ազատ տեղաշարժին։  Նախատեսել ենք  մի շարք միջոցառումներ, որոնք   նվազագույնի են հասցնելու շինարարական փոշին, շինտեխնիկան շինարարական հրապարակից դուրս է գալու միայն ամբողջությամբ մաքրվելուց  հետո։

Համալիրի ճարտարապետական նախագծումը հայտնի «Ստորակետ» ընկերությունն է իրականացրել։ «Ստորակետի» թիմը մանրամասն ուսումնասիրել է Ազատության պողոտայի և հարակից հատվածների բոլոր կառույցները, ճարտարապետական ժառանգությունը, և, ըստ այդմ, առաջարկել է լուծումներ, որոնք համահունչ են տվյալ տարածքին, լրացնում և ամբողջացնում են արդեն առկա կառույցները, ընդգծում ճարտարապետական ժառանգության մաս կազմող կառույցների գեղեցկությունը և ստեղծում ներդաշնակ միջավայր։

- Պարոն Աթանեսյան, կմանրամասնե՞ք ներդրումային ծրագրի մասին։

- Ծրագիրը օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսանկյունից բավականին գրավիչ է։ Երբ ծնվեց այս համալիրի կառուցման գաղափարը, ու  մենք սկսեցինք ներդրումների ներգրավման գործընթացը, օտարերկրյա ներդրողների կողմից մեծ հետաքրքրվածություն եղավ։ Արդյունքում՝ ծրագրի ներդրող կողմերի շարքում են այնպիսի  միջազգային ընկերություններ, ինչպիսիք են՝ Green Property Development-ը (Հայաստան,ԱՄՆ), Artcar Development-ը (ԱՄՆ), Առաջին հիփոթեքային ընկերությունը (Հայաստան, ԱՄՆ), Global Capital Investment Fund-ը (ԱՄՆ): Այս ընկերությունները կառուցապատման ոլորտում ունեն բազմամյա փորձ, և նրանց  ներգրավվածության շնորհիվ միջազգային հաջող  փորձն ենք բերում և տեղայնացնում։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 միլիարդ ՀՀ դրամ, որից  60-70 %-ն օտարերկրյա ուղղակի ներդրում է։  Ներդրումային ծրագրի կայացման հարցում մեծ է եղել Enterprise Armenia հիմնադրամի՝ Ներդրումների աջակցման կենտրոնի դերը, որի համալիր աջակցության համար շատ շնորհակալ ենք։ Ծրագրի  գործընկերներից է նաև «Ամերիաբանկը», որն ապահովելու է  ծրագրի մասնակի վարկավորումը։

Մեր ներդրումային  ծրագիրը կարևոր է  ոչ միայն Հայաստանն օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսանկյունից գրավիչ երկիր ներկայացնելու առումով, այլ նաև դրա իրականացման  և շահագործման արդյունքում՝ ինչպես կառուցապատման, այնպես էլ շինարարության ավարտից հետո պետական բյուջե  վճարվելու են մեծաթիվ հարկեր և ստեղծվելու են հարյուրավոր աշխատատեղեր։

- Խոսենք բազմաֆունկցիոնալ  համալիրի և կառուցվող ենթակառուցվածքների մասին։

- Նախ նշեմ, որ տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը 35,000 քմ է։ Ընդհանուր առմամբ, ամբողջ տարածքի 60%-ը կանաչապատվելու է։ Բազմաֆունկցիոնալ համալիրը բաղկացած է երկու՝ մեծ և փոքր մասնաշենքերից։ Ազատության պողոտայի կողմից ամենաբարձր մասը 17 հարկ է, և համալիրի բարձրությունն աստիճանաբար մեկական հարկով նվազում է մինչև  7 հարկ։ Համալիրը ներառելու է մոտ 145 բնակարան՝ 58-97 քմ մակերեսներով։ Մեծ մասնաշենքի 17 հարկից 4-ը հասարակական տարածքներ են, որոնք նախատեսված են  լինելու  ցուցասրահների, ռեստորանների, սրճարանների, ժամանցային ձևաչափի  այլ կենտրոնների համար։  Կառուցվելու է նաև 170 մեքենայի համար ավտոկայանատեղի։

Երկրորդ՝ փոքր մասնաշենքն ամբողջությամբ ծառայելու է որպես հասարակական ենթակառուցվածք՝ նախատեսված գրասենյակների համար։ Հասարակական հատվածին արդեն իսկ կոնցեպտուալ ուղղվածություն ենք տվել, քանի որ ծրագրեր ունենք  հիմնել նորարարությունների, ռոբոտիքսի, համակարգչային գիտությունների և արհեստական բանականության (AI)-ի, ֆինթեք ստարտափերի, գիտության և տեխնոլոգիաների զարգացման կենտրոն։ Այս ուղղություններով հեռանկարում ունենք համագործակցություններ մեկնարկել Oxford-ի (Մեծ Բրիտանիա) և UC Berkeley-ի (ԱՄՆ, Կալիֆորնիա) համալսարանների հետ։

Առաջին և երկրորդ մասնաշենքերի կապող հատվածում նախատեսում ենք նաև Art space ստեղծել, որտեղ  հետաքրքիր  արտ-ինստալյացիաներ  ենք ունենալու։ Սա ևս նոր ու հետաքրքիր մշակույթ է բազմաֆունկցիոնալ  համալիրների կառուցապատման ոլորտում։

- Ի՞նչ առանձնահատկություններ ունի բազմաֆունկցիոնալ համալիրը, ինչո՞վ է այն  տարբերվում Երևանում կառուցվող այլ շենքերից։

- Համալիրը եզակի է նախևառաջ իր կոնցեպտով և ճարտարապետական լուծումներով։ «Ազատությունը»  պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիր է։ Կառույցը նախագծվել է կոնստրուկտորական բացառիկ, ժամանակակից ու նորարարական մոտեցումներով, ամենաբարձր սեյսմակայունություն ունեցող հիմքով։ Կառուցման մեջ կիրառվում են վերջին սերնդի էներգախնայող շինանյութեր և կոնստրուկտիվ լուծումներ:

Ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ համալիրն ունենալու է կառավարման  խելացի (smart) համակարգ՝ գործելու է Building management system (BMS): Այս ինժեներական լուծումը կառուցապատման ոլորտի վերջին նորարարություններից է, ընդունված մոդել, որով առաջնորդվում են առաջատար երկրները լավագույն, անվտանգ, հուսալի և ժամանակակից շենքերը կառուցելիս։ BMS-ի շնորհիվ համալիրի էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, օդափոխության, հակահրդեհային, ջեռուցման  ու հովացման համակարգերն ամբողջությամբ  կառավարվում և վերահսկվում  են մեկ կետից։ Համակարգն ավտոմատ որոշում է սենյակների անհրաժեշտ ջերմային ռեժիմն ու կարգավորում այն, կամ եթե, օրինակ, դուք երկար ժամանակով բացակայում եք Ձեր բնակարանից, այն ավտոմատ անջատում է էլեկտրականությունը, ջրի որևէ արտահոսքի դեպքում համակարգը նաև ավտոմատ փակում է դեպի ձեր բնակարան եկող խողովակները և այլն։ Եվ եթե դուք տանը չլինեք, ձեր սմարթֆոնին գալիս է ահազանգ, որ բնակարանում որևէ խնդիր կա, և BMS-ն ավտոմատ անջատել է որևէ համակարգ։ Այսինքն՝ համալիրը նախագծված է սմարթ ինժեներական կոնցեպտով։

Մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ բնակարանները շահագործման են հանձնվելու վերանորոգված։ Սա նոր մշակույթ է Հայաստանում։ BMS համակարգը ենթադրում է յուրաքանչյուր բնակարանի համար իրեն համապատասխան ինժեներական մոնտաժումը։ Այս համակարգի  անխափան գործարկման համար շատ կարևոր են բոլոր տեսակի նյութերի որակը, մոնտաժային տեխնոլոգիաներն ու սարքավորումները։ Մենք համագործակցում են լավագույն, առաջատար մատակարարների հետ և ներդնելու ու կիրառելու ենք  գերժամանակակից տեխնոլոգիաներ, համակարգեր ու  օգտագործելու ենք վերջին սերնդի նյութերը։

- Ինչո՞ւ  և ինչպե՞ս դառնալ «Ազատության» բնակիչ։

- «Ազատությունը» պարզապես բազմաֆունկցիոնալ համալիր չէ, այն յուրօրինակ կենսակերպ, հարմարավետություն և նորարարություն է  թելադրում։  Օտարերկրյա ներդրող գործընկերների համար այս նախագիծը բացահայտում էր։ «Ազատությունը» ոչնչով չի զիջում Դուբայում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում կամ Բոստոնում կառուցվող նմանատիպ այլ համալիրների։ Վստահ եմ՝ նախագիծը նոր շունչ է հաղորդելու ոչ միայն քաղաքին, այլև կառուցապատման ոլորտին, նոր մշակույթ ու մոտեցումներ է զարգացնելու։ Իսկ այսպիսի ներդրումային ծրագրերը միմիայն դրականորեն են ազդում մեր երկրի տնտեսության, գիտության, նորարարության զարգացման վրա։

«Ազատության» դեպքում մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը գործելու է եկամտահարկի վերադարձի օրենքը, հիփոթեքային վարկավորումն իրականացվելու է «Առաջին հիփոթեքային ընկերության» և Ամերիաբանկի միջոցով։ Վաճառքի պայմանները լինելու են ճկուն, փորձելու ենք վարկավորման հատուկ ձևաչափեր և նորամուծություններ առաջարկել մեր գնորդներին։

Աղբյուրը`   armenpress.am