Գազի գինն առնվազն 8 տարի կմնա նույնը, եթե մեծ աշխարհաքաղաքական փոփոխություններ չլինեն
ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը տեղեկացրել է, որ ռուսական գազի գինը մինչև 2031թ. չի թանկանա.
«Վերջին անգամ ՀՀ-ում գազի գինը ֆիքսվել է հինգ տարի առաջ՝ 2019թ. հունվարի 1-ին։ Ամեն տարի այդ քննարկումներն ու անհանգստությունները կան, բայց 5 տարի է՝ գազի գինը ՀՀ-ում կայուն է, և շատ մեծ շանսեր կան, որ առնվազն 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ աշխարհում տեղի չունենան։ Եթե գազը կայուն 3000 դոլար դառնա, դժվար ՀՀ համար 160 դոլարը հնարավոր լինի պահպանել։ Բայց մենք տեսանք, երբ գազը Եվրոպայում և միջազգային շուկաներում 2000-3000 դոլար արժեր, ՀՀ-ում պահպանվում էր 165 դոլար գինը, և մեր աշխատանքն ուղղված է դրան, որ ամեն հնարավորություն օգտագործենք, որ գազի գինը պահպանվի կամ նվազի, եթե նման ազդակներ լինեն աշխարհում»,- ասել է նա։
Ըստ փոխնախարարի՝ 2022թ. կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, որով ՀՀ գազը մինչև 2031թ. ներառյալ որոշակի մեխանիզմների պահպանմամբ պետք է մնա ներկայիս արժեքի շրջանակներում։
Աղբյուրը՝ radar.am