Դիրքավորել Գյումրին որպես զբոսաշրջության և խոհարարության տարածաշրջանային կենտրոն

Դիրքավորել Գյումրին որպես զբոսաշրջության և խոհարարության տարածաշրջանային կենտրոն

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը մարտի 11-ին ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ ԵՄ-ն կտրամադրի 2.5 միլիոն եվրո՝ Գյումրու հին շուկայի վերակառուցման, միջազգային խոհարարական դպրոցի հիմնադրման և տնտեսական զարգացման խթանմանն ուղղված երկարաժամկետ ծրագրի իրականացման համար: Ի հավելումն ԵՄ ֆինանսավորման, նախագիծը կիրականացվի նաև «Թումո»-ի աջակիցներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի, ինչպես նաև «Ճոն և Հասմիկ Մկրտիչեան» հիմնադրամի (JHM) աջակցությամբ:

Ըստ «Թումո»-ի հաղորդագրության, ծրագրի նպատակն է Գյումրին դիրքավորել որպես տուրիզմի և խոհարարության տարածաշրջանային կենտրոն՝ մեկտեղելով հայկական խոհանոցի ժառանգությունն ու նորարարական մոտեցումները:

Ծրագրի մեխը միջազգային մակարդակի կրթություն ապահովող խոհարարական դպրոցն է, որի ուսումնական ծրագրի մշակման նպատակով Թումոն համագործակցում է հեղինակավոր Institut Lyfe ֆրանսիական դպրոցի հետ (նախկինում՝ Institut Paul Bocuse)՝ Հայաստան բերելով խոհարարական կրթության լավագույն փորձն ու համաշխարհայնորեն ճանաչված մոտեցումները: Ավելին, երկամյա կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կստանան ուսումը շարունակել Institut Lyfe-ում՝ ֆրանսիական Լիոն քաղաքում:

«Հայ խոհարարների նոր սերնդի զարգացման նպատակով կստեղծվի յուրահատուկ կրթական փորձառություն, որում ֆրանսիական աշխարհահռչակ դպրոցի ուսումնական ծրագիրը կհամալրվի «Թումո» ստուդիաների՝ արդեն Հայաստանում փորձված մոտեցումների հետ: Ուսանողները հիմնական ուսուցումը կհամատեղեն միջազգային փորձագետների կողմից իրականացվող աշխատարանների հետ», - նշում է Մարի Լու Փափազյանը:

Նշվում է, որ դպրոցում բարձրակարգ խոհարարական հմտություններ ստանալու հնարավորություն կունենան տարեկան 30 ուսանողներ, որոնց մեծ մասը կստանան կրթաթոշակ և կսովորեն անվճար:

«Այս ծրագիրը նոր էջ կբացի Գյումրու տնտեսության համար: Տեղի բնակիչներին, հատկապես երիտասարդներին և ձեռներեցներին նոր հմտություններ և հնարավորություններ տրամադրելով՝ մենք օգնում ենք Գյումրուն իրացնել իր հսկայական ներուժը: ԵՄ-ն հպարտ է աջակցել նախաձեռնությունների, որոնք զարգացնում են մարդկային կապիտալը և խթանում կայուն տնտեսական առաջընթաց Հայաստանի մարզերում: Շնորհակալություն ենք հայտնում «Թումո»-ին և Գյումրու քաղաքապետարանին՝ ծրագրի իրականացմանն ուղղված համագործակցության համար», – նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Թումո»-ի տեղեկացմամբ՝ ծրագիրը կիրականացվի Գյումրու հին շուկայի տարածքում. տարիներ շարունակ լքված և գրեթե ամբողջությամբ ավերված շուկայի շենքը «Թումո»-ի կողմից կվերակառուցվի և կվերածվի կրթական, խոհարարական և տնտեսական զարգացման հանգույցի, որտեղ, ի թիվս խոհարարական դպրոցի, կտեղակայվեն.

  • կրթական տարածքներ աշխատարանների և այլ ուսումնական միջոցառումների անցկացման համար
  • առևտրի տաղավարներ, որոնք տեղի առևտրականներին հնարավորություն կտան աշխատել ապահով և հիգիենիկ պայմաններում
  • ռեստորաններ
  • արվեստի գործերի և ձեռագործ իրերի խանութներ
  • փառատոնների, համերգների, տոնավաճառների և տուրիստական միջոցառումների անցկացման տարածք։

Նշվում է նաև, որ նմանատիպ կենտրոններ արդեն գործում են Բարսելոնայում, Հռոմում, Լիսաբոնում, Ռոտերդամում, Տիրանայում և աշխարհի մի շարք այլ անկյուններում: Իրենց արդյունավետությունն ապացուցած այսպիսի վայրերից ոգեշնչվելով՝ Գյումրու կենտրոնը կմիավորի միջազգային լավագույն փորձն ու Թումոյի հեղինակային կրթական ծրագիրը:

Կենտրոնի կառուցման աշխատանքները ստանձնող թիմի ընտրության համար կհայտարարվի միջազգային ճարտարապետական մրցույթ: Շինարարական աշխատանքները կսկսվեն թիմի ընտրությունից անմիջապես հետո, իսկ շուկայի և խոհարարական դպրոցի բացումը տեղի կունենա 2026 թվականին։