Մայիսի 6-ից առևտրային ցանցերը և մատակարարները կաշխատեն նոր խաղի կանոններով

Մայիսի 6-ից առևտրային ցանցերը և մատակարարները կաշխատեն նոր խաղի կանոններով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ առևտրային ցանցերի և մատակարարների համար սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Քննարկումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, միջոցառմանը մասնակցում էին ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, Հանձնաժողովի, Էկոնոմիկայի նախարարության, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի պատասխանատուներ և այլ շահագրգիռ անձինք:
Միջոցառումը նպատակ ուներ օրենսդրական կարգավորումների հասցեատերերին պարզաբանելու օրենքի նոր պահանջները և ուղղորդելու նրանց մինչև կարգավորումների ուժի մեջ մտնելն իրենց վարքագիծը համապատասխանեցնել նոր պահանջներին՝ ձեռնպահ մնալով հնարավոր խախտումներից:
ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ առևտրային ցանցերի և մատակարարների միջև հանձնաժողովը դիտարկել էր շահերի որոշակի անհավասարակշռվածություն՝ պայմանավորված ցանցերի՝ մատակարարների նկատմամբ ունեցած բանակցային կամ պայմանագրային առավելությամբ, որը հաշվի առնելով՝ հանձնաժողովը էկոնոմիկայի նախարարության և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համատեղ նախորդ տարի ձեռնամուխ եղավ օրենսդրական փոփոխությունների մշակմանը:
Նոր կարգավորումներն ընդունվել են և կսկսեն գործել մայիսի 6-ից: Օրենքի կարգավորման տիրույթում կհայտնվեն այն ընկերությունները, որոնք ունեն կամ որոնց բրենդի ներքո գործում են 4 և ավելի առևտրային օբյեկտներ, և նրանց ընդհանուր շրջանառությունը գերազանցում է 3 մլրդ դրամը:
Դրանց համաձայն՝ առևտրային ցանցը պարտավոր է ունենալ պաշտոնական կայք, որում պետք է հրապարակվեն հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները: Բոլոր պայմանագրային հարաբերությունները պետք է լինեն գրավոր:
Ավելին՝ հանձնաժողովի կայքում https://shorturl.at/gor13