Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոց

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոց
Մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոց՝ Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի դասապրոցեսն առաջիկայում այստեղ կազմակերպելու պայմանները և հնարավորությունները դիտարկելու նպատակով։
Մարզպետը շրջեց դպրոցի մասնաշենքերում, դասասենյակներում, մարզադահլիճում, ճաշարանում, ծանոթացավ շենքային պայմաններին ու հնարավորություններին, զրուցեց մանկավարժների հետ՝ պատասխանելով նաև նրանց հուզող հարցերին։
«Ուզում եմ լավ լուր հայտնել ձեզ առ այն, որ Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցն ընդգրկվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ցանկում։ Իսկ սա նշանակում է, որ մոտ ապագայում Երանոսը կունենա նորագույն պայմաններով հագեցած դպրոցական շենք։
Եվ քանի որ նոր շենքը կառուցվելու է դպրոցական հին շենքի տեղում, մենք այս պահից ձեռնարկում ենք Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի դասերն այստեղ կազմակերպելու նախապատրաստական քայլերը։
Մեր դիտարկումը ցույց տվեց, որ Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի դասերն այստեղ անցկացնելը ենթադրում է շենքային պայմանների ու հնարավորությունների որոշակի բարելավում՝ վերանորոգման որոշակի աշխատանքներ իրականացնելու պայմանով։
Կաշխատենք ի հայտ եկած բոլոր խնդիրները հնարավորինս արագ կարգավորել, որպեսզի 2 դպրոցների համատեղ դասապրոցեսը, թեկուզ երկհերթ կարգով, ընթանա սահուն կերպով»,-ներկայացրեց Կարեն Սարգսյանը։