Անահիտ Մանասյանը Վիեննայում մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Անահիտ Մանասյանը Վիեննայում մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 12-ին Վիեննայում մասնակցել է Եվրոպական Միության Հիմնարար իրավունքների գործակալության կողմից կազմակերպված Հիմնարար իրավունքների ֆորումին (Fundamental Rights Forum):

Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել մի շարք պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքներին, խտրականության կանխարգելման, թվայնացման և անվտանգության, սոցիալական համերաշխության ապահովմանն առնչվող հարցերին:

Ֆորումին տեսաուղերձով բացման խոսքով է հանդես եկել Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։ Բանախոսների թվում եղել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, ԵԽ մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Միշել Օ՛Ֆլայերթին (պաշտոնավարման մեկնարկը՝ 2024-ի ապրիլի 1-ից), միջազգային կառույցների, գիտական և կրթական ոլորտի ներկայացուցիչներ։

Եվրոպական Միության Հիմնարար իրավունքների գործակալությունն անկախ մարմին է, որը ստեղծվել է ԵՄ-ում հիմնարար իրավունքները խթանելու և պաշտպանելու համար: