Ներկայացվել է ԵԽ-ի կողմից իրականացվող «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը» ծրագիրը

Ներկայացվել է ԵԽ-ի կողմից իրականացվող «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը» ծրագիրը
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ծրագրերի համակարգող Մարգարիտա Գալստյանի գլխավորած պատվիրակությանը։
Ըստ ՀՀ ՏԿԵ նախարարության հաղորդագրության` հանդիպման ընթացքում ՏԿԵ փոխնախարարին են ներկայացվել ԵԽ-ի կողմից իրականացվող «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը» խորագրով ծրագրի մանրամասները՝ շեշտը դնելով այն դրույթների վրա, որոնք վերաբերում են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովության հարցերին։
Մարգարիտա Գալստյանը նշել է, որ այս փուլում իրենց ուշադրության կենտրոնում են ԼՂ-ից տեղահանված խոցելի խմբերի սոցիալական իրավունքների իրազեկման, ինչպես նաև տեղահանվածներին երկարաժամկետ աշխատանքով և բնակարանով ապահովելու հարցերը։
Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ շեշտելով, որ Եվրոպայի խորհուրդը միջազգային այն կառույցներից է, որն արձագանքել է ՀՀ կառավարության կոչերին և ադեկվատ գնահատական է տվել Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցներին բռնի տեղահանելու հետևանքով ստեղծված իրավիճակին։
ՏԿԵ նախարարի տեղակալը նաև արձանագրել է, որ մարդկանց այդչափ մեծ հոսքի ամբողջ բեռն իրենց վրա են վերցրել բնակիչները, համայնքները և պետությունը։ Կարևորելով այս հարցում համայնքների գործունեությունը՝ Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ ծրագիրն առաջին հերթին պետք է համայնքահեն լինի։
ՏԿԵ փոխնախարարը նաև կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ոչ միայն կեցավայրով, այլ համապատասխան միջավայրով ապահովելու անհրաժեշտությունը և ներկայացնել այդ ուղղությամբ նախարարության կատարած աշխատանքները։
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի վերաբերյալ ՏԿԵ փոխնախարարի հնչեցրած գնահատականների համար։ Նա ընդգծել է, որ նախարարության հետ սերտ համագործակցությունը կօգնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրներին ավելի արդյունավետ լուծումներ տալու հարցում։