Նախատեսվում է ներդնել նոր` տիպային պայմանագրերի ձեւ

Նախատեսվում է ներդնել նոր` տիպային պայմանագրերի ձեւ

Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում եւ ներդնել նոր պայմանագրային ձեւ, որը վերցված է ամերիկյան համանման կարգավորումների օրինակով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գեւորգյանը` նշելով, որ նման պայմանագրերն անգլերեն հապավումով  կոչվում են ՍԵՅՖ/SAFE պայմանագրեր, այսինքն` ապագայի կանոնադրական կապիտալ ստանալու նպատակով պարզ համաձայնագիր:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Սա, ըստ էության, որոշակի պայմանագրի  տիպային  ձեւ է, որը սկսնակ կազմակերպությունների համար շատ կարեւոր դեր է ունեցել ԱՄՆ-ում: Խոսքն այն մասին է, որ սկզբնական փուլում ներդրողը կարողանա պայմանավորվել կազմակերպության հետ եւ այդ պայմանավորվածության արդյունքում այդ պահի դրությամբ չստանալ բաժնեմաս, բայց ապագայում, եթե որոշակի իրողություններ վրա հասնեն, այսինքն` եթե տեղի ունենա, օրինակ, այդ կազմակերպության ցուցարկում, կամ տեղի ունենա այդ կազմակերպության որոշակի ներդրումների ներգրավում, ապա արդեն, նախապես պայմանավորված չափաբաժնով  բաժնեմասեր ստանա առաջին ներդրողը: Այսինքն` այս կարգավորումը կնպաստի, որ մեր  սկսնակ կազմակերպությունները համապատասխան հնարավորություն ունենան «հրեշտակային» ներդրումներ ներգրավելու», - պարզաբանել է զեկուցողը:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվի զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերություններում` ստարտափներում, օտարերկրյա ներդրումներ կատարելու համար պարզ եւ հասկանալի գործիք: Այդ գործիքի իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների եւ ներդրողների ներգրավմանը, զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերությունների միջեւ ծագող իրավահարաբերությունների հստակ կարգավորմանը,  կայունությանն ու կանխատեսելիությունը:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: