Ծագող արևի երկիրը՝ Մեղրաձորի կողքին․Ճապոնիայի դեսպանատան և լրագրողական կառույցի ջանքերով կկառուցվի հրշեջ–կամավորական հենակետ

Ծագող արևի երկիրը՝ Մեղրաձորի կողքին․Ճապոնիայի դեսպանատան և  լրագրողական կառույցի ջանքերով կկառուցվի հրշեջ–կամավորական հենակետ

Կոտայքի մարզկենտրոնից 40 կմ հեռավորության վրա գտնվող Մեղրաձորում կկառուցվի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ,  որը հնարավորություն կտա  սեփական ջանքերով դիմակայել Ծաղկաձոր խոշորացված համայնքի բնակավայրերին սպառնացող  հրդեհներին։ Աղետի դեպքում այս բանակավայրերը ստիպված չեն լինի 1 ժամ սպասել ամենամոտ կայանից փրկարարների ժամանմանը։ 

Անվտանգային ենթակառուցվածքի ստեղծումը համատեղել է Ճապոնիայի դեսպանատանը և Տնտեսական լրագրողների ակումբին։

Ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանին ոգեշնչել է Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքային փորձը և օտարերկրյա դեսպանատան՝ լրագրողական կառույցին աջակցելու պատրաստակամությունը։    

«Ակումբը 20 տարվա պատմություն ունի և այդ ընթացքում եղել է երկրի սոցիալ-տնտեսական զարգացումների մասին հանրությանն ինֆորմացիա փոխանցելու առաջամարտիկներից։

Անկեղծ ասած, չէինք պատկերացնում, որ դեսպանատունն այդպես բարյացկամորեն և ըմբռնումով կարձագանքի, հատկապես, երբ դիմել է լրագրողական կառույց, որը, բնականաբար, չունի կառուցապատման փորձ։ Բայց մեզ վստահեցին։ Մեր թիկունքում են նախարարությունը և համայնքը, այնպես որ,  6-7 ամիս հետո կկարողանանք արդյունք տեսնել»։

0K6A7900.JPG (67 KB)

Լորենիներով հարուստ բնակավայրում պատմականորեն զարգացած է եղել մեղրի արտադրությունը, ինչն էլ ձևավորել է Մեղրաձոր անվանումը։

«Ծագող արևի երկրի»  դեսպանին ևս հետաքրքրել է տեղի ինքնատիպ լանդշաֆտն ու ստիպել մտածել  նաև այլ  ծրագրեր իրականացնելու մասին։

Մեղրաձորը մոտ 6000 բնակիչ ունեցող Ծաղկաձոր խոշորացված համայնքի 6 բնակավայրերից մեկն է։ Մեղրաձորյան հրշեջ կամավորական թիմը «շտապ օգնության» դեր կստանձնի նաև հարևան 5 բնակավայրերի համար։

Նորին գերազանցություն Աոկի Յուտական 3 ամիս է, ինչ ստանձնել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանի լիազորությունները, պատմում է՝ հայրենի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանում սոցիալ-տնտեսական և անվտանգային ծրագրերի իրականացմամբ։

դեսպան5.jpg (335 KB)

«3 տարի առաջ «Մարդկային անվտանգության ծրագրերի» դրամաշնորհի շրջանակներում մենք ունեինք 7 ծրագիր, անցած տարի՝ 10, այս տարի արդեն հաստատվել է 14 ծրագիր։

Այսօր ստորագրված ծրագրով  կառուցվող շենքը հիմնականում ծառայելու է հրշեջ ծառայությանը, բայց շատ կուզեմ, որ այն ունենա նաև նորեկների համար սենյակ՝ ոչ միայն նրանց վերապատրաստման, այլև ընկերական և սոցիալական շփում ունենալու համար։ Հրշեջ ծառայության մեջ ամենակարևոր գործոններից է թիմային աշխատանքը, կցանկանամ, որ շենքն ունենա համայնքային կենտրոնի շունչ»։

Արդեն իսկ որոշված է՝ ով կգլխավորի մեղրաձորցիների կամավորական խումբը։ «Մեր ակադեմիան է ավարտել», -  ընտրությանը հավանություն տալով` ասում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության սպաները։

ցուցուլյան0962.jpg (324 KB)

Ներքին գործերի փոխնախարար, Փրկարարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը նշում է՝ ծրագրի իրականացումը համահունչ է կառավարության որդեգրած՝ Հայաստանում կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդման ռազմավարությանը։ Դրա նպատակն է կրճատել հրդեհների և արտակարգ դեպքերի արձագանքման ժամանակահատվածը, ինչպես նաև նվազեցնել պետությանն ու բնակչությանը հասցվող նյութական կորուստները։

«Հենակետի ստեղծման նպատակով փրկարար ծառայությունն աջակցում է կամավորների հավաքագրման գործընթացին, մշակվել է կամավորների սկզբնական մասնագիտական պատրաստության ծրագիր, կամավորների մասնակցությամբ կազմակերպվում են ուսումնավարժություններ, իրականացվում որակավորման գործընթաց։ Անհրաժեշտ տեխնիկան՝ տրանսպորտայինից մինչև հատուկ միջոցներ, կտրամադրի փրկարար ծառայությունը»։

Ճապոնիայի դեսպանատան նախաձեռնությունն էականորեն կհեշտացնի Ծաղկաձոր համայնքում անվտանգային ենթակառուցվածքի ստեղծման գործը՝ ֆինանսավորման հարցը չի ծանրանա համայնքային բյուջեի վրա։

մարզպետ44.jpg (338 KB)

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդգծում է՝ ծրագիրը կարևոր է նաև կամավորության մշակույթի զարգացման առումով։

«Մեր երկրում առայժմ կամավորության սկզբունքի վրա հիմնված ծրագրերը քիչ են, և, կարծում եմ, սա վարակիչ կլինի այլ բնակավայրերում և այլ ոլորտներում նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար։

Վստահեցնում եմ, որ ծրագրի մնացած փուլերում մարզային և համայնքային իշխանություններն աջակցելու են շատ արագ՝ որակյալ հենակետ ունենալու համար։ Հետագայում էլ կաջակցենք, որ հենակետը զարգանա և դառնա օրինակելի»։

0K6A7932.JPG (221 KB)

Մեղրաձորում արդեն ընտրված է համայնքապատկան այն տարածքը, որտեղ կամավոր հրշեջ փրկարարների համար կկառուցվի բազա։  

0K6A7946.JPG (336 KB)