Արմինֆո. Ինչու են ԶՊՄԿ-ի հարկային վճարումները մեկ տարում գրեթե կրկնակի նվազել. պարզաբանում է Հայաստանի գլխավոր հարկայինը

Արմինֆո. Ինչու են ԶՊՄԿ-ի հարկային վճարումները մեկ տարում գրեթե կրկնակի նվազել. պարզաբանում է Հայաստանի գլխավոր հարկայինը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը պարզաբանել է 2023 թվականին տարածաշրջանի խոշորագույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարկային վճարումների նվազման պատճառները:

Հիշեցնենք, որ ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների՝ 2023 թվականի արդյունքներով ԶՊՄԿ-ն գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը (երկրորդ տարին անընդմեջ): Ընկերությունը 2023 թվականին պետական գանձարան է ուղարկել 70.8 մլրդ դրամ (տարեկան 50.8% անկմամբ), որից 5.2 մլրդ դրամը՝ մաքսատուրքերի, 27.1 մլրդ դրամը՝ ուղղակի հարկերի (այդ թվում՝ շահութահարկ, եկամտահարկ), 5.6 մլրդ դրամը՝ անուղղակի հարկերի (այդ թվում՝ ԱԱՀ և ակցիզային հարկ) գծով։

Մարտի 13-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ՊԵԿ նախագահին հիշեցնելով, որ 2022 թվականի արդյունքներով ԶՊՄԿ-ն պետբյուջե է վճարել շուրջ 145 մլրդ դրամ, հետաքրքրվել է արդեն 2023 թվականին ցուցանիշի գրեթե կրկնակի կրճատման պատճառների մասին։

Գլխավոր հարկայինը հիշեցրել է, որ 2022 թվականին լիովին վերականգնվել է պետությանը նախկինում հասցված շուրջ 15 մլրդ դրամ վնասը։ Խոսքը 2016-2017թթ. կնքված սթրիմինգային համաձայնագրերի մասին է, որոնց հիման վրա ձեռնարկության նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել ապացույցներ շահութահարկը թաքցնելու և ռոյալթիի ծավալները նվազեցնելու փորձերի վերաբերյալ:

Ցուցանիշի նվազմանը «նպաստող» երկրորդ գործոնը 2022 թվականին պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտահանման մաքսատուրքից հրաժարվելն էր։ Վճարումների կրճատման վրա ազդել է նաև միջազգային շուկայում մետաղների և խտանյութի գների անկումը, քանի որ հենց հանքարդյունաբերական ընկերությունների բարձր գների և գերշահույթների ակնկալիքների վրա են ՀՀ իշխանությունները որոշել 2023 թվականի հունվարի 1-ից ներդնել ռոյալթիների պրոգրեսիվ համակարգ։ Այն ժամանակ Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի ռեկորդային գների պայմաններում ոչ ոք չէր էլ կարող մտածել, թե ինչ անկայունություն է սպասվում շուկային, նշել է Բադասյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի կեսերին ՀՀ իշխանությունները փոփոխություններ կատարեցին «տուրքի մասին» օրենքում։ Սահմանվել է հումքային ապրանքների, մասնավորապես, ֆերոմոլիբդենի, պղնձի և մոլիբդենի խտանյութի երրորդ երկրներ արտահանման լիցենզիաների, թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման միջազգային գնի 15%-ի չափով պետական տուրք ՝ վերջիններիս միջազգային բարձր գների պահպանման պայմանով: Միևնույն ժամանակ, ֆինանսական իշխանությունները համարել են, որ հանքերից գանձվող պետական տուրքի գործող համակարգը ոչ միշտ է ապահովում արդար հարկում, քանի որ այն հաշվարկվում է միայն մետաղի (խտանյութի) արտահանման ֆիզիկական ծավալների հիման վրա և հետևաբար այն ճկուն գործիք չէ համաշխարհային շուկայում գների անկայունության պայմաններում: Ավելին, համակարգը հաշվի չի առնում հանքարդյունաբերական ընկերություններում ծախսերի փոփոխությունները և, որպես արդյունք, դրանց ստացած շահույթի չափի փոփոխությունները։

Արդյունքում՝ իշխանություններն առաջարկել են ներդնել ֆինանսական վերջնական արդյունքի վրա հիմնված համակարգ ՝ ավելի արդար և տնտեսական տեսանկյունից հիմնավորված ։ 2023 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է պղնձի խտանյութի, մոլիբդենի խտանյութի, ֆերոմոլիբդենի, ինչպես նաև մոլիբդենից պատրաստված արտադրանքի երրորդ երկրներ արտահանման պետական տուրքի վճարման համակարգի գործողությունը։ Պահպանվել են գոյություն ունեցող ռոյալթիի համակարգի հիմքում ընկած ընդհանուր սկզբունքները՝ համակարգը դարձնելով ավելի առաջադեմ: Մասնավորապես, վերանայվել է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձևն՝ այնպես, որ հարկ վճարողին չավելացվի ռոյալթիի գծով հարկային բեռը մինչև 10% եկամտաբերության դեպքում: 10%-ից ավելի շահույթից հաշվի կառնվի լրացուցիչ բաղադրիչ և կվճարվի լրացուցիչ ռոյալթի՝ 15% տոկոսադրույքով:

Ընդ որում, նախագծով կսահմանվի, որ բարձր եկամուտների պայմաններում հաշվարկված լրացուցիչ բաղադրիչը որոշելիս եկամտի չափի հաշվարկում հաշվի է առնվում նաև ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման առաջին և երկրորդ բաղադրիչները, ինչպես նաև ռոյալթիի վճարողի ֆինանսական ծախսերը: Առաջարկվել է նաև փոխել ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը հաշվարկելիս գործող օրենսդրությամբ սահմանված որոշ սահմանաչափեր: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ եթե հաշվարկված ռոյալթիի շրջանառությունը 15%-ով (գործող օրենսդրությամբ սահմանված 20%-ի փոխարեն) կամ ավելի ցածր է միջազգային գներից հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա հիմք է ընդունվում միջազգային գներից հաշվարկված իրացման 85%-ը (գործող օրենսդրությամբ սահմանված 80% - ի փոխարեն):

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (Zangezur Copper Molybdenum Combine CJSC) Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է: Կոմբինատը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Կոմբինատի հանքաքարով ապահովվածությունը կազմում է շուրջ 150 տարի։ Կոմբինատը թողարկում է մոլիբդենի և պղնձի խտանյութեր։ Մոլիբդենի խտանյութը պարունակում է 50% մոլիբդեն, պղնձի խտանյութում պղնձի պարունակությունը 15%-ից ցածր չէ:

Նաիրա Բադալյան

Աղբյուրը`   finport.am