Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում

Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում

«Եվրոթերմ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Մարտի 14-ից ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ձեռք բերելու ընկերության պարտատոմսերը։

«Եվրոթերմ» ՓԲԸ-ն Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 50,000 պարտատոմս։ Պարտատոմսերը ներառվել են պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում։ Վերոնշյալ պարտատոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը։ Ցուցակված պարտատոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով:

Նշենք, որ «Եվրոթերմ» ՓԲԸ-ի կողմից թողարկված  ընդհանուր 500 մլն ՀՀ դրամ արժողությամբ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են։ Տեղաբաշխումն իրականացվել է 2023 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2024 թվականի հունվարի 15-ը ընկած ժամանակահատվածում։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն։

«Եվրոթերմի պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում նշանակալի քայլ է հայկական ներդրումային շուկայի զարգացման համար։ Հաշվի առնելով պարտատոմսերի հանդեպ աճող հետաքրքրությունը՝ մեր կարծիքով Եվրոթերմի պարտատոմսերի առևտուրը բորսայական հարթակում բավականին ակտիվ կլինի։

Հայաստանի ֆոնդային բորսայի կարևորագույն առաքելություններից մեկն է կապիտալի շուկայի զարգացումը, որի ուղղությամբ բազմաթիվ նախագծեր ենք մշակում և իրականացնում։ Մասնավորապես՝ Բորսան մշտապես կարևորում է նոր գործիքների և արժեթղթերի զարգացումը և աջակցում է բոլոր այն ընկերություններին, որոնք ցանկանում են թողարկում անել՝ դրանով իսկ նպաստելով ՀՀ կապիտալի շուկայի զարգացմանը։ Մենք հորդորում ենք նաև մյուս նմանատիպ ընկերություններին ևս հետևել Եվրոթերմի օրինակին և ընտրել զարգանալու և միջոցներ ներգրավելու այլընտրանքային տարբերակներ», – նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

Կոնվերս բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասել է. «Հայաստանում կապիտալի շուկայի հետագա զարգացումն անհնար է այդ թվում առանց թողարկողների և թողարկումների քանակական և ծավալային աճի, առանց գործընթացում իրական հատվածի ընկերությունների ներառման:

Եվրոթերմի պարտատոմսերի տեղաբաշխումը արդյունավետ համագործակցություն էր ու Բանկի համար նոր հաջողված փորձառություն, ինչի շնորհիվ մեր գործընկեր Եվրոթերմ ընկերությունը հասանելիություն ստացավ ֆինանսների ներգրավման այլընտրանքային տարբերակի: Իսկ պարտատոմսերի տեղաբաշխման ավարտը նախատեսվածից սեղմ ժամկետում ևս մեկ անգամ փաստեց իրական հատվածում գործող վստահելի ընկերությունների պարտատոմսերի նկատմամբ աճող պահանջարկի և  այս ոլորտում Կոնվերս Բանկի քայլերի արդյունավետության մասին:

Այսօր պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման հարցում  աջակցում ենք տարբեր փոքր և միջին ընկերությունների՝ նրանց համար ստեղծելով ֆինանսների ներգրավման  նոր, այլընտրանքային հնարավորություններ, իսկ հաճախորդներին ընձեռելով ներդրումների նոր հնարավորություններ»:

Եվրոթերմ ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանի խոսքով ֆինանսավորման այլընտրանքային հնարավորությունների կիրառման մասին սկսել են մտածել վաղուց, սակայն պարտատոմսեր թողարկել են նախորդ տարի՝ շուկայի ու պոտենցիալ ներդրողների դրական տրամադրվածության պայմաններում: «Մեր ընկերության պարտատոմսերում մեծ թվով ֆիզիկական անձ ներդրողների առկայությունը վկայում է Եվրոթերմի նկատմամբ վստահության մասին: Այս թողարկման ընթացքում ներգրավված միջոցները հիմնականում ուղղվել են ընկերության շրջանառու միջոցների համալրմանը: Չի բացառվում, որ հետագայում ունենանք ավելի մեծածավալ թողարկումներ կապիտալի համալրման կամ նոր բիզնես գաղափարների իրագործման համար»:

«Եվրոթերմ» ՓԲԸ -ի պարտատոմսերը կարող եք ձեռք բերել բացառապես Հայաստանի Ֆոնդային Բորսայի առևտրային համակարգի միջոցով` մոտենալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկ կամ ներդրումային ընկերություն, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով պարտատոմսերի ձեռք բերման հայտ:

Նշենք նաև, որ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն առաջին ընկերությունն է, որը մտադիր է դիմել  ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսին 6-ին ընդունած՝ «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրին»։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից և նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսների համար առավել մեծ ծավալով ֆինանսներ ներգրավելու համար, ինչը հնարավորություն է ընձեռում հայկական ֆինանսական շուկա բերել և ներդնել ոլորտի առաջատար լուծումները։

«Եվրոթերմ» ՓԲԸ-ն զբաղվում է գյուղատնտեսությամբ, սննդային ապրանքների վերամշակմամբ և արտադրությամբ, ինչպես նաև նշանակալի դիրք է զբաղեցնում Հայաստանում ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի նախագծման, տեղադրման, սպասարկման և վերանորոգման ոլորտում:

Սննդային ապրանքներն արտադրվում և վաճառվում են «ՆՈՅԱՆ» և «ՄԵՆՔ» ապրանքանիշով, իսկ ջեռուցման համակարգերը՝ «ԵՎՐՈԹԵՐՄ» ապրանքանիշով:

«Եվրոթերմ» ընկերության պարտատոմսերի ցուցակումը օրինակ է ծառայում բազմաթիվ հայկական ընկերությունների համար, որոնք ցանկանում են ցուցակել բաժնետոմսեր կամ պարտատոմսեր և դառնալ ավելի հանրային ու ճանաչելի՝ նպաստելով Հայաստանի կապիտալի շուկայի առաջխաղացմանը, իսկ ներդրումներն ուղղել ընկերության աշխատանքային գործունեության արդիականացմանը և գործունեության աճին:

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։