Ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության պետական աջակցության ծրագրի բաղադրիչները

Ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության պետական աջակցության ծրագրի բաղադրիչները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար իրականացվող զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի մասին:

Զարուհի Մանուչարյանը, անդրադառնալով զբաղվածության պետական աջակցության ծրագրին, ներկայացվել է, որ այն ունի երեք բաղադրիչ. առաջին բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցում և աշխատանք, երկրորդ բաղադրիչը՝ վճարովի աշխատանքային պրակտիկա և աշխատանք և երրորդ բաղադրիչը՝ վերոնշյալ երկու բաղադրիչները միասին և աշխատանք:

Ռուբեն Սարգսյանը, մանրամասնելով այս բաղադրիչները: Առաջին բաղադրիչի համար նախատեսված է 50 հազար դրամ ուսման վարձի փոխհատուցում և 50 000 դրամ կրթաթոշակի տրամադրում: Ուսուցման տևողությունը կարող է տևել մինչև 6 ամիս, որից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն երեք ամսով, որի ընթացքում պետությունը գործատուին փոխհատուցում է եկամտահարկի, մնացած պահումների մինչև 50 հազար դրամը: Աշխատանքային փորձի ձեռքբերման բաղադրիչի տևողությունը մինչև 3 ամիս է: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում պետությունը 165 հազար դրամ աշխատավարձի գումար է փոխանցում գործատուին, որի մեջ ներառված են հարկերը: Դրանից հետո ևս երեք ամիս պետությունը փոխհատուցում է եկամտահարկի մինչև 50 հազար դրամը: Այս պարագայում նվազագույն աշխատանքային պայմանագրի տևողությունը առնվազն 6 ամիս է: Երրորդ բաղադրիչն առաջին և երկրորդ բաղադրիչների համադրությունն է՝ առկա է մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձ և հարկերի փոխհատուցում: Նույն ձևով մինչև 6 ամիս ուսուցման տևողությունն է, վճարվելու է և՛ կրթաթոշակը, և՛ ուսման վարձը, և՛ երեք ամսվա պրակտիկայի գումարն ու հարկերի փոխհատուցումը:

Փոխնախարարը նշել է, որ ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացին լինի ԼՂ-ից բռնի տեղահանված և վերջին երեք ամսվա ընթացքում որևէ աշխատանք չունենա: Ծրագրով հետաքրքրվել է ավելի քան 1000 հոգի: Պայմանագիր է կնքվել 133 հոգու հետ:

Ռուբեն Սարգսյանը նշել է նաև, որ բացի պետական աջակցության այս ծրագրից, աշխատանք փնտրողներին առանձին ծառայություն է մատուցվում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային գրասենյակների միջոցով: Աշխատանք փնտրող բոլոր հայրենակիցները կարող են դիմել, տեղում խորհրդատվություն ստանալ և ըստ ծրագրերի ուղղորդվել: Փոխնախարարի ներկայացմամբ, առանց վերոնշյալ բաղադրիչների կիրառման, արդեն իսկ աշխատանքի է անցել 1618 հոգի:

Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ զբաղվածության մեկ այլ ծրագիր էլ իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից, որի շրջանակում խրախուսվում են մշակող արդյունաբերության ոլորտի այն տնտեսվարողները, որոնք աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և ՀՀ քաղաքացիներին: ՀՀ այն քաղաքացիներին, որոնք 12 ամիս անընդմեջ տնտեսվարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ, աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող երեք տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում: Իսկ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց դեպքում չափորոշիչներ չեն սահմանվում: Ըստ նախարարի մամուլի քարտուղարի՝ միջոցառումից օգտվելու նպատակով շահառուն պետք է մուտք գործի ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ և «Հաշվետվություններ» բաժնում լրացնի 282-րդ հայտը, որպեսզի ստուգի ծրագրի հետ իր համապատասխանությունը