Մեկնարկում է բիզնեսի հիմնման անվճար կրթական ծրագիրը միայնակ մայրերի և ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց համար
Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (GITC) «Կանանց տնտեսական զորեղացման աքսելերատոր» նախաձեռնության շրջանակում Շիրակում, Լոռիում, Արմավիրում և Երևանում սկսում է «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» անվճար կրթական ծրագիրը միայնակ մայրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու ՏՏ կենտրոնից, «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» ծրագրի նպատակը կանանց շրջանում զբաղվածության խթանումն է բիզնես և տեխնոլոգիական դասընթացների և դրամաշնորհների միջոցով։
«Ծրագրին մասնակցելու միակ և կարևոր նախապայմանը բիզնես գաղափարի առկայությունն է, որը իրագործելու համար մասնակից կանայք ստանալու են համապատասխան գիտելիքներ տարբեր ոլորտներից, այդ թվում՝ հաշվապահություն, գրաֆիկ դիզայն, մարքեթինգ, առցանց վաճառքների իրականացում և այլն:
Կրթական փուլում դասընթացներին զուգահեռ կանայք GITC-ի և մենթորների աջակցությամբ կազմելու են իրենց գաղափարներին համապատասխան բիզնես պլան, որը ծրագրի հաջորդ փուլում ներկայացվելու է ժյուրիի դատին և ստանալու է ֆինանսավորում մինչև 2 մլն դրամ։
Գաղափարի իրագործման փուլում GITC-ն աջակցելու է նաև բիզնեսը գրանցելու իրավաբանական հարցերում։
Ծրագրի տևողությունը յուրաքանչյուր մասնակցի համար անհատական է, առավելագույնը 3 ամիս՝ կախված բիզնես գաղափարից և իրագործման բարդությունից։
Գրանցվել հնարավոր է մինչև ապրիլի 5-ը՝ հետևյալ հղումով»,- ասվում է հայտարարության մեջ։