Նախաձեռնությամբ հանրային հեռարձակողը կարող է ունենալ համապետական սփռմամբ առավելագույնը երկու տեսալսողական ծրագիր

Նախաձեռնությամբ հանրային հեռարձակողը կարող է ունենալ համապետական սփռմամբ առավելագույնը երկու տեսալսողական ծրագիր

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն առաջարկողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է: Նրա խոսքով «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից մեկ տեսալսողական ծրագիր հեռարձակվում է միայն մայրաքաղաքային սփռում ունեցող տարածքում: Հեղինակն առաջարկում է, որ հանրային հեռարձակողն ունենա համապետական սփռմամբ առավելագույնը երկու տեսալսողական ծրագիր:

«Քանի որ Հանրային հեռուստաընկերության ֆինանսավորման հիմնական աղբյուրը ՀՀ պետական բյուջեն է, ուստի արդար կլինի, որ անկախ բնակության վայրից ՀՀ բոլոր քաղաքացիների համար հասանելի լինի իրենց կողմից վճարվող հեռուստաալիքի սփռումը»,- ընդգծել է հեղինակը:

Անցումային դրույթներով ամրագրվում է, որ օրենքն ուժի մեջ մտնելու պահին սլոթի օգտագործման համապատասխան լիցենզիա ունեցող Հանրային հեռարձակողին մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթը 30 օրվա ընթացում կփոխարինվի հանրապետական սփռում ապահովող սլոթով:

Առաջին ընթերցմամբ նախագիծը քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 18-ի նիստում:

Հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը բարձրաձայնել է Ֆինանսների նախարարության այն դիտարկումը, ըստ որի` նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեից կհանգեցնի 64.8 մլն դրամ լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության, սակայն ինչպես ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով, այնպես էլ ՀՀ 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն: Պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյոք հեղինակը քննարկել է այդ հարցը:

Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ հարցը քննարկվել է գործադիրում եւ փոփոխությունը բյուջեից լրացուցիչ ծախսեր չի պահանջի: Հեղինակը հիշեցրել է, որ Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է ոչ միայն ՀՀ պետբյուջեից, այլ նաեւ օրենքով չարգելված այլ  եղանակներից: 
 
Հասմիկ Հակոբյանի բարձրաձայնած հարցին անդրադարձել է նաեւ նախագծի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացնող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը. «Թե' 2024 թվականի, եւ թե' 2025 թվականի պետական բյուջեով, ինչպես նաեւ 2025-2027 թվականներին միջնաժամկետ ծախսերի ծրագրերով նախատեսված չեն այս գումարները հատկացնել Հանրային հեռուստաընկերությանը: Սա նշանակում է, որ եթե բյուջեում փոփոխություններ չլինեն, ապա առնվազն մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը Հանրային հեռուստաընկերությունը, եթե ցանկանում է սփռվել հանրապետական ծածկույթով, սեփական միջոցների վերաբաշխման արդյունքում պետք է կատարի իր ֆինանսական պարտավորությունները»:

Հարակից զեկուցող, պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով նախաձեռնության ընդունմամբ իրավական հիմքեր են ստեղծվում մայրաքաղաքային սփռում ունեցող Առաջին լրատվական ալիքը հասանելի դարձնելու ամբողջ հանրապետության համար: Պատգամավորի խոսքով ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը նախագիծը ենթարկել է իրավական, ֆինանսատնտեսական եւ սոցիալական փորձաքննության ու չի հայտնաբերել խնդրահարույց եւ հակասող դրույթներ: Հասմիկ Հակոբյանն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: