Վերին Լարս տանող ճանապարհը բացվեց բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհը բացվեց բեռնատարների համար

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասաց նա:
 
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան, միայն ձնահոսքի թունելներով։ Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
Նշենք, որ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհն առավոտյան փակվել էր առատ ձյան պատճառով։
 
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
 
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: