ԱԺ-ն քննարկել է Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագիրը

ԱԺ-ն քննարկել է Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագիրը

«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)»» վարկային համաձայնագիրը  ստորագրվել է նոյեմբերի 27-ին: Օրենքի նախագիծը մարտի 19-ի ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարի խոսքով արդեն գործող վարկով իրականացվում է Հայաստանի 46 սեյսմակայուն դպրոցների շինարարություն: Նա տեղեկացրել է, որ արձանագրվել է նախագծերի գնահատականների, շինարարության գների, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականության փոփոխություններ, որոնց արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ներգրավվելու լրացուցիչ միջոցներ՝ ծրագիրը ավարտին հասցնելու համար:

Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ այս վարկային ծրագրի շրջանակում վերանայվել է քաղաքաշինության ոլորտի նորմատիվային բազան: Ամրագրվել է 9 բալի սեյսմակայունություն եւ բոլոր ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքներն իրականացվում են այդ պահանջներին համապատասխան:

Հիմնական զեկուցողը նշել է, որ մինչ այժմ իրականացվել են  10.700 աշակերտի համար նախատեսված շինարարական աշխատանքներ, մինչդեռ  ամբողջ ծրագիրը նախատեսում է 46 դպրոցի՝ 22.500 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովում: Նա հավելել է, որ ծախսվել է ֆինանսական միջոցների 80 տոկոսը:

«Այս վարկային համաձայնագրով նախատեսվում է ծրագրի ամբողջական իրականացման նպատակով ներգրավվել 66,1 մլն եվրո արժողությամբ լրացուցիչ վարկ»,- նշել է Վաչե Տերտերյանը:

Ի պատասխան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի այն հարցին, թե երբ կավարտվեն 46 դպրոցների շինարարական աշխատանքները՝ հիմնական զեկուցողը նշել է, որ ծրագրի շրջանակում արդեն կառուցվել եւ շահագործման է հանձնվել 16 դպրոց: Նրա խոսքով ներկայում ընթանում են 20 դպրոցների շինարարական աշխատանքներ, որոնց ավարտը նախատեսվում է մինչեւ 2026 թվական եւ 10 դպրոցի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնց շրջանակում կլինեն դպրոցներ, որոնց շինարարական աշխատանքները  կավարտվեն 2027 թվականին:

Հարակից զեկուցող, ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծին: