Հանրային հատվածի աշխատակիցները ցույց են կազմակերպել Փարիզում՝ աշխատավարձերը բարձրացնելու պահանջով

Հանրային հատվածի աշխատակիցները ցույց են կազմակերպել Փարիզում՝ աշխատավարձերը բարձրացնելու պահանջով

 Հազարավոր մարդիկ՝ բուժքույրեր, բժիշկներ, ուսուցիչներ, Փարիզում դուրս են եկել ցույցի՝ աշխատավարձերը բարձրացնելու պահանջով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ցուցարարների շարասյունը շարժվել է Լյուքսեմբուրգյան այգիներից։ Նրանց պնդմամբ՝ կառավարությունը ոչինչ չի անում պետական ​​ծառայողներին աջակցելու համար։

«Մենք ունենք ծայրահեղ ցածր աշխատավարձ, չունենք բավարար կադրեր. եթե մարդը բացակայում է, նույնիսկ նրան փոխարինող չկա։ Ֆրանսիայում այժմ կա երկու հասարակություն՝ հարուստների և աղքատների: Մեկը նրանց համար է, ովքեր կարող են վճարել, իսկ մյուսը բոլորի համար, ովքեր կքած վիճակում են: Մենք հանդես ենք գալիս հասարակության հավասարության օգտին, որպեսզի պետությունը պաշտպանի բոլորին՝ անկախ նրանց եկամուտներից»,- ասել են ցուցարարները։

Ֆրանսիայում ցույցերը մեկնարկել են բոլոր խոշոր արհմիությունների կոչով։ Օլիմպիական խաղերի նախօրեին արհմիությունները կոչ են անում հանրային ոլորտի աշխատակիցներին գործադուլ անել և ճնշում գործադրել իշխանությունների վրա, որպեսզի աշխատանքային պայմանները բարելավվեն և աշխատավարձերը բարձրանան։