Բաղանիսը, Ոսկեպարը, Կիրանցը, Բերքաբերը ՀՀ քարտեզի մեջ են և միշտ կլինեն. վարչապետը մանրամասներ ներկայացրեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունը մտադիր է Տավուշի մարզից գյուղեր հանձնել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հարցին:
Վարչապետը նկատեց՝ ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերը: Ըստ նրա՝ պետք է այդ դեպքերում հորդորել կամ պահանջել, որ նման բան ասողներն ասեն, թե Տավուշի մարզի ո՞ր գյուղերի մասին է խոսքը:
«Մենք ասում ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիան սկսել հետևյալ հատվածում: ՀՀ-ի կողմից այն տարածքը, որից պետք է սկսել, գյուղի մասին չէ, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի: Չպետք է շփոթել՝ այդ գյուղերի դիմաց գտնվող սահմանների ամբողջական դելիմիտացիային մենք պատրաստ ենք: Հայաստանի կողմից՝ Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս Այրում: Նույն գյուղերը չեն սրանք, Խորհրդային միության ժամանակներից դեռ Ադրբեջանում գոյություն է ունեցել Բաղանիս Այրում գյուղ, Հայաստանում՝ Բաղանիս գյուղ: Հաջորդը՝ Հայաստանի կողմից Ոսկեպար գյուղ և Ոսկեպարի դիմաց գտնվող սահմանը, որը մոտավորապես ադրբեջանական Աշաղի Ասկիպարա բնակավայրի հատվածի մասին է: Հաջորդը՝ Հայաստանից կողմից Կիրանց գյուղ և նրա դիմաց գտնվող ադրբեջանական Խեյրիմլի գյուղ, սրանք նույն գյուղերը չեն: Հայաստանի կողմից Բերքաբեր գյուղ և նրա դիմաց գտնվող սահմանի հատվածը, որը Ադրբեջանի կողմից կհամընկնի Կըզըլ Հաջիլի գյուղի հետ: Ընդ որում՝ Կըզըլ Հաջիլի գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո է այսօր էլ, երեկ էլ, 20 տարի առաջ էլ»,-ասաց Փաշինյանը:
Մատնացույց անելով Հայաստանի քարտեզը՝ վարչապետը շեշտեց, որ Բաղանիս գյուղը գտնվում է այդ քարտեզի մեջ, Բաղանիս Այրում գյուղը դուրս է և միշտ դուրս է եղել: ԽՄ ժամանակ Բաղանիս Այրում գյուղը դուրս է եղել այս քարտեզից, իսկ Բաղանիս գյուղը միշտ եղել է, կա և կմնա այդ քարտեզի մեջ: «Ոսկեպար գյուղը գտնվում է այս քարտեզի մեջ և միշտ կմնա այս քարտեզի մեջ, Աշաղի Ասկիպարան միշտ դուրս է գտնվել այս քարտեզից և այսօր էլ դուրս է: Կիրանց գյուղը գտնվում է այս քարտեզի մեջ և միշտ կլինի դրա մեջ, Խեյրիմլի գյուղը դուրս է այս քարտեզից և միշտ դուրս է եղել: Բերքաբեր գյուղն այս քարտեզի մեջ է և միշտ կմնա այս քարտեզի մեջ: Կըզըլ Հաջիլի գյուղը դուրս է եղել միշտ այս քարտեզից, այսօր էլ դուրս է: Աշաղի Ասկիպարա բնակավայրը, որի մասին այդքան մտահոգվում ենք, Ոսկեպարի դիմացի ադրբեջանական բնակավայրն է, այսօր նույնպես գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, միշտ էլ գտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո, ԽՄ ժամանակ եղել է Ադրբեջանի Հանրապետության մաս: Ոսկեպար գյուղի մասին խոսք չկա: Այլ բան, որ, ինչպես բարձրաձայնվեց, սահմանի դելիմիտացիայի հատվածների հետ կապված՝ Ոսկեպարի անվտանգության հետ կապված խնդիրներ կան»,-ասաց վարչապետը:
Նա հավելեց՝ ընդ որում, Ոսկեպարի բնակիչները չեն վիճարկում իր ցույց տված քարտեզը, չեն ասում, թե սխալ քարտեզ է ներկայացնում: